Մատչելիության հղումներ

Նորակառույց շենքի վերելակը ընկել է. կան զոհեր


Դավիթաշեն, Սասնա Ծռեր 2 բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր
Դավիթաշեն, Սասնա Ծռեր 2 բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր
Երեւանի Դավիթաշեն համայնքի Սասնա Ծռեր 2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել։

Նրանց դիերը շենքից դուրս բերեցին ուշ երեկոյան։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Երեւանի փրկարարական վարչության Աջափնյակի բաժնի պետ Արման Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ զոհվածներից մեկի ինքնությունը պարզվել է` նա 1960 թվականին ծնված Հուսիկ Օհանյանն է։ Երկրորդը հիսունն անց տղամարդ է, որի ինքնությունը դեռեւս ճշտվում է:

«Դեպքի վայր ժամանելիս պարզել ենք, որ երկու անձ` Եփրեմյան Խաչիկ եւ Սաֆարյան Գեւորգ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն` ծանր վիճակում», - ասաց Խաչատրյանը։

Վերելակի վիճակի եւ պատահարի հնարավոր պատճառների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին նա արձագանքեց. - «Վերելակը, նախնական` ճոպանը կտրված չէր... Ինձ թվում է, հետաքննությունը կպարզի։ Ենթադրություններ եկեք չանենք»։

Նորակառույց շենքը պատկանում է «Ռենշին» շինարարական-ներդրումային ընկերությանը:

Դեպքի վայրում կազմակերպության ներկայացուցիչներ չկային, իսկ ընկերության գրասենյակում հեռախոսազանգերին չէին պատասխանում:

Վերելակի ընկնելու պատճառները դեռեւս պարզ չեն, կատարվում է քննություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության` ուրբաթ առավոտյան տարածած հաղորդագրությունում այս պատահարի վերաբերյալ, մասնավորապես, ասված է. - «Տեղում պարզվել է, որ նորակառույց շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն, բեռներ իջեցնելու պահին 19-րդ հարկից պոկվել եւ ընկել է վերելակի հորանը: Կա երկու զոհ եւ երկու տուժած: Հրշեջ-փրկարարները հորանից դուրս են բերել տուժածներ` 1969 թվականին ծնված Խաչիկ Եփրեմյանին եւ 1954 թվականին ծնված Գեւորգ Սաֆարյանին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքերով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում է գտնվել նաեւ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Հովսեփյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է: Դժբախտ պատահարի հետեւանքով տեղում մահացել են 1960 թվականին ծնված Հուսիկ Օհանյանը եւ մոտ 50 տարեկան տղամարդ, նախնական տվյալներով` Յուրա անունով: Մնացած տվյալները ճշտվում են»:

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երեւան քաղաքի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ այժմ դեպքի առնչությամբ տեխնիկական քննություն է իրականացվում:

Հովսեփյանի խոսքով, իրենք պարբերաբար ստուգման են ենթարկում քաղաքի վերելակները, բայց այս շենքում ոչ մի անգամ ստուգում չեն իրականացրել, քանի որ փաստացի տեղյակ չեն եղել վերելակի գոյության մասին:

Եթե տեղյակ լինեին, ապա, ըստ Հովսեփյանի, իրենք կարգելեին նման վերելակի շահագործումը:

Նրա խոսքով, դեպքից հետո իրենք շենքում ստուգումներ են անցկացրել, եւ պարզել, որ նման վերելակներ շենքում մի քանիսն են: Ի դեպ հիմա շենքում շինարարությունը միայն մասամբ է դադարեցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG