Մատչելիության հղումներ

Փաշինյանն ասում է` Զուրաբյանը իր անձնական դիրքորոշումն է արտահայտել


ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, Սահմանադրության համաձայն, ունի կարծիքներ արտահայտելու իրավունք: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարություններին:

Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ այսօր Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ կա` «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀԱԿ-ը, որոնք կարող են համախմբվել երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու համար: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սա ոչ թե ՀԱԿ-ի, այլ Զուրաբյանի անձնական տեսակետն է:

«Քաղաքական ուժի դիրքորոշումները արձանագրվում են քաղաքական ուժի որոշումներով: Այսօր ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ որոշումներ չի կայացրել», - հայտարարեց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ի հետ միասին կարելի է պայքարել երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, Փաշինյանն ասաց, թե ինչպես նախկինում, հիմա էլ կարող է արձանագրել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության եւ դրանից բխող տեսակետների կապակցությամբ ՀԱԿ-ում կոնսենսուս չկա:

«Եվ այդ իրավիճակը որեւէ կերպ չի փոխվել», - շարունակեց Փաշինյանը. - «Ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ, որ ինձ համար միանշանակ է, որ կոմպրոմիսը մարտի 1-ի ոճրագործների հետ հնարավոր չեմ համարում»:

Փաշինյանը բացառում է, թե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին: Հարցին, թե ինչո՞ւ է բացառում նման հնարավորությունը, Փաշինյանը պատասխանեց, որ նման որոշում կարող է կայացնել միայն ՀԱԿ-ի քաղաքական խորհուրդը, իսկ քաղաքական որոշումները կայացվում են կոնսենսուսով:

«Որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ, անդամ, համոզված եմ, որ այդպիսի որոշում ՀԱԿ-ի քաղաքական խորհրդում լինել չի կարող: Ես նույնիսկ չեմ ուզում, որ մենք այդ հարցը լրջորեն քննարկենք», - ասաց նա:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը, եւ բոլոր նրանք, ովքեր կցանկանան պարտության մատնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, կարող են սատարել Տեր-Պետրոսյանին (առաջին նախագահը առայսօր չի հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին):

«Սերժ Սարգսյանի իշխանությունը, այո, պետք է հեռանա: Պետք է բոլոր հնարավոր քաղաքական սկզբունքային ջանքերը գործադրել, որպեսզի Սերժ Սարգսյանին պարտության մատնեն առաջիկա նախագահական ընտրություններում: Եվ այս համատեքստում, կարծում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, եւ բոլոր նրանք, ովքեր ուզում են պարտության մատնել Սերժ Սարգսյանին, կարող են պաշտպանել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ նրա թեկնածությունը պաշտպանելով` պայքարել Սերժ Սարգսյանի պարտության համար», - հայտարարեց Փաշինյանը:
XS
SM
MD
LG