Մատչելիության հղումներ

Գազի գինը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, բարձրացել է


Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գինը հերթական անգամ բարձրացել է:

ՊԵԿ-ի Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում հրպարակված տվյալների համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել մոտ 304.6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որի մաքսային արժեքը կազմել է (այսինքն` նշված ծավալի գազը սահմանին գնահատվել է) ավելի քան 74.4 միլիոն ԱՄՆ դոլար, եւ եթե նշված գինը բաժանում ենք ներմուծված գազի ծավալի վրա, ապա ստացվում է, որ հազար խորանարդ մետր բնական գազը 2012-ի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 244 ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, ՊԵԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին մեր երկիրը Ռուսաստանից բնական գազը ներմուծել է հազար խորանարդ մետրը գրեթե 220 դոլարով: Երրորդ եռամսյակում գինը, փաստորեն, բարձրացել է 24 դոլարով` կազմելով 244 դոլար:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում պատասխանելով լրագրողների հարցին` թե արդյոք հրապարակված տվյալները նշանակում են, որ ռուսական գազը թանկացել է, Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը նախ ասաց, որ «պատրաստ չէ պատասխանել հարցին», սակայն հետո հայատարարեց, թե «Հայաստան ներմուծվող ցանկացած ապրանքի վերաբերյալ վիճակագրությունը հիմնվում է մաքսային մարմինների կողմից հաշվառված, [տնտեսվարող] սուբյեկտների կողմից հայտարարագրված մաքսային արժեքների [վրա]»:

Ուշագրավ մեկ հանգամանք. երբ դիտարկում ենք իրանական գազի գինը` Պետեկամուտների կոմիտեի հրապարակած նույն տվյալների հիման վրա, ապա տեսնում ենք, որ ինչպես անցած տարի, այս տարի էլ Հայաստանը Իրանից բնական գազը ներմուծել է հազար խորանարդ մետրը մոտ 180 ԱՄՆ դոլար գնով:

Մինչդեռ, Հայաստանի էներգետիկայի նախարարը շարունակում է պնդել, թե ռուսական գազի գինը չի բարձրացել, հազար խորանարդ մետրի համար Հայաստանի սահմանին այն կազմում է 180 դոլար, իսկ նոր գնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ չեն ավարտվել: Մովսիսյանը նման հայտարարություն, մասնավորապես, արեց երեկ Ազգային ժողովում:

Ռուսական «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից այսօր նշեցին, թե Հայաստան արտահանվող գազի գնի մասին տեղեկությունը կոմերցիոն գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման: Իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նախարարի ասածին «ավելացնելու բան չունի»:

Հարցին, թե արդյոք կառավարությունը սուբսիդավորում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որպեսզի սպառողներին մատակարարվող գազի գինը չբարձրանա, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն արձագանքեց. - «Երեւի այդ հարցի պատասխանը ինձնից հիմա հազիվ թե դուք ստանաք, որովհետեւ ես կարող եմ ասել այն, ինչ որ իմ աչքով եմ տեսել»:

«Իրականությունը այն է, որ Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը բարձրացել է, մինչդեռ մեր իշխանությունները փորձում են դա թաքցնել հանրությունից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը:

«Գազի գնի բարձրացումը կազդի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Հաշվի առնելով, որ առջեւում նախագահական ընտրություններ են` իշխանությունները թաքցնում են գազի թանկացումը եւ սուբսիդավորում են «ՀայՌուսգազարդ»-ին, որ այն չբարձրացնի գինը: Մինչդեռ նախագահական ընտրություններից հետո գազի գինը կբարձրանա», - եզրակացրեց Չատինյանը:
XS
SM
MD
LG