Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ ԵՄ-ն նախաստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

«Սա փոխադարձ վստահության, հնարավորությունների եւ ազատության նոր մակարդակ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ԼՐԱՑՎԱԾ

Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի վարչության գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերը:

Փաստաթղթերի նախաստորագրումից անմիջապես հետո Եվրահանձնաժողովի ներքին գործերի վարչության գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սա միայն երկարատեւ գործընթացի առաջին լուրջ քայլն է։

«Սա նշանակում է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության քաղաքացիներն ավելի մոտ են իրար։ Սա կնպաստի, որպեսզի մարդիկ, քաղաքացիները ավելի հեշտ ճանապարհորդեն, ճանաչեն եւ վստահեն միմյանց։ Այդ առումով, սա ավելին է, քան ընդամենը համաձայնագիր` սա փոխադարձ վստահության, հնարավորությունների եւ ազատության նոր մակարդակ է», - հայտարարեց Մանսերվիսին` շարունակելով. - «Շատ կարեւոր քայլ էր, բայց սա միայն առաջին քայլն է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ երկարատեւ հարաբերությունների հաստատման գործում ու պիտի բերի ավելի լուրջ արդյունքների, ինչպիսին է առանց վիզայի ռեժիմի հաստատումը։ Այս ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում»։

Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցն ասաց, որ համաձայնագրերի վերջնական ստորագրման շնորհիվ Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ կվճարեն Շենգենի գոտու երկրներ մուտքի վիզայի համար, իսկ նրանց մի խումբն էլ դյուրացված ռեժիմով Եվրամիության երկրներ մուտքի արտոնագիր կստանա:

«Սա կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների շատ խմբերի համար մուտքի վիզա ստանալը, օրինակ` լրագրողների, գիտնականների, ուսանողների համար... Հայաստանի քաղաքացիները ոչ միայն ավելի քիչ կվճարեն ԵՄ մուտքի արտոնագրի համար, այլեւ կանցնեն ավելի դյուրացված ընթացակարգով», - նշեց Ադոնցը։

Ի դեպ, բոլորովին վերջերս Հայաստանի կառավարությունը որոշեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանը չեղյալ կհայտարարի մուտքի արտոնագրի մասին պահանջները Եվրամիության 27 երկրների եւ 4 երկրների համար, որոնք կատարում են շենգենյան պահանջները: Այդպիսով, Եվրամիության քաղաքացիները հաջորդ տարվանից իրավունք կստանան Հայաստան ժամանել առանց մուտքի արտոնագրի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երբ կստորագրվեն բուն` վիզային ռեժիմի յուրացման եւ հետընդունման համաձայնագրերը, Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը պատասխանեց, որ հայկական կողմը հույս ունի դնել իր ստորագրությունը արդեն այս տարվա դեկտեմբերին։

«Իհարկե շատ բան կախված է մեր ջանքերից, բայց մենք հույս ունենք, որ կհաջողենք ստորագրել մինչ այս տարեվերջ», - ասաց նա։

Եվրոպական կողմի ներկայացուցիչ Ստեֆանո Մանսերվիսին, մինչդեռ, նույնչափ լավատես չէ։ «Ազատություն» ռադիոկայանի նույն հարցին ի պատասխան` նա ասաց, որ կան տեխնիկական, ժամանակատար գործընթացներ, որոնք առնվազն ամիսներ են պահանջում։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս շուտ ստորագրենք համաձայնագրերը։ Քաղաքական խոչընդոտներ չկան, գործընթացը տեխնիկական պահանջներ ունի, հետեւաբար, ես խնդիր չեմ տեսնում, պարզապես պետք է հետեւենք բոլոր անհրաժեշտ գործընթացներին եւ ամեն ինչ կանենք, որ արագացնենք ընթացքը։ Կարեւորը` քաղաքական կամքը կա», - հայտարարեց Մանսերվիսին։

Սակայն վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրին զուգահեռ ստորագրվող հետընդունման համաձայնագրով էլ Հայաստանը պարտավորվում է առանց ֆորմալ գործընթացների հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք Եվրամիության անդամ երկրներում ապօրինի են գտնվում:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով Շենգենյան գոտու երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ-ի երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ-ի երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների եւ այլոց համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան գոտի մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մեկնարկել են այս տարվա փետրվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG