Մատչելիության հղումներ

Առողջապահության ոլորտում հայտնաբերվել են «չհիմնավորված գնումներ»


Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը պետական միջոցների մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր է հայտնաբերել Առողջապահության նախարարությունում, որոնք կատարվել են նախկին նախարար` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Դրանց մասին խոսվեց այսօր` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը, Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ըստ Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանի, 2009-2010 թվականներին եւ այս տարվա փետրվարին ու ապրիլին Առողջապահության նախարարության կողմից պետական միջոցների հաշվին ձեռք են բերվել տասը անուն դեղեր, ինչի հետեւանքով կատարվել են գրեթե 600 միլիոն դրամի «չհիմնավորված գնումներ եւ անարդյունավետ ծախսեր»:

Օրինակ, 2009-2010 թվականների ընթացքում նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել «Քսելոդա» տեսակի դեղորայք` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի համար, եւ այդ դեղորայքի 1 դեղահատի գնման արժեքը եղել է 1875 դրամ ու 2670 դրամ: Մինչդեռ, երբ կենտրոնը նույն ժամանակահատվածում ինքն է գնել այդ նույն դեղորայքը շուկայից, ապա 1 դեղահատի համար վճարել է 1167 եւ 1275 դրամ` այսինքն անհամեմատ ավելի քիչ:

Ըստ Ղարիբյանի, միայն այդ մեկ դեղորյաքի գնման հետեւանքով պետական բյուջեն կատարել է ավելի քան 84 միլիոն դրամի «չհիմնավորված գնումներ»:

Սոնա Ղարիբյանը բերեց եւս մեկ օրինակ, երբ այս տարվա փետրվարին Առողջապահության նախարարությունը չորս կազմակերպություններից գնել է 8 անուն դեղ, որոնց համար վճարել է 362 միլիոն դրամ ավելի գումար, քան եթե այդ դեղերը նույնքան ծավալով գներ շուկայից:

Նշված ժամանակահատվածում` 2007-ից մինչեւ այս տարվա մայիսը, Առողջապահության նախարարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանն էր:

«Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ակնհայտ է այն հարցի պատասխանը, թե արդյոք այս ամենը կապ ունի՞ առաջիկա նախագահական ընտրությունների հետ, թե՞ ոչ»:

Առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը զեկուցեց, թե առողջապահության ոլորտում անցած ամիս իրականացված ստուգումները ցույց են տվել, որ բուժհաստատությունները խուսափում են կատարել իրենց հարկային պարտավորությունները: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ ձեռնարկությունների հասույթը միջինում 60-70 տոկոսով ավելի է, քան ներկայացվել է: Բացի այդ, բուժհաստատությունները ցույց չեն տալիս իրենց մոտ վճարվող իրական աշխատավարձերը, որպեսզի դրանից բխող հարկերը քիչ վճարեն եւ այլն, եւ այլն:

ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը ընդհանրացրեց, թե այդ ամենի արդյունքում իրենց չի գոհացնում ոլորտից հավաքվող հարկերի չափը. - «Դրա համար մենք առաջարկում ենք Առողջապահության նախարարությանը հետեւյալ խաղի կանոնները. որպեսզի ոլորտում գործող ձեռնարկությունները ինքնուրույն ուղղեն իրենց հարկային հաշվետվությունները եւ վճարեն հարկերը: Հակառակ դեպքում մեր գործողությունները կլինեն անցանկալի եւ ոչ լավը»:

«Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ եւ հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով ստուգումներ իրականացնենք», - խորհրդակցության ավարտին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Մենք չենք ուզում դիպչել այդ գործիքին, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ, բայց դաշտում պարտավոր ենք էապես կրճատել ստվերայնությունը»:

Առողջապահության ոլորտում սպասվող հարկերի հավաքման աճը արդեն իսկ մտահոգել է ոլորտի ներկայացուցիչներին: Օրինակ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ասաց, թե հետեւանքը կարող է լինել այն, որ ոլորտում սպասարկման գները կբարձրանան. - «Հիմա հարկային մտրակը երբ իջնի համակարգի վրա, բնականաբար, տեղի կունենա ծառայությունների գների աճ»:
XS
SM
MD
LG