Մատչելիության հղումներ

Վարչապետին «փորձում են զրպարտել»


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կտրուկ կերպով հերքեց իր հասցեին հնչած մեղադրանքը, թե ինքը կապ ունի Հայաստան գոմեշի միս ներկրած ընկերությունների հետ:

«Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից այս ընկերությունները, որ միս են ներմուծում, իմ անվան հետ: Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս հինգ ընկերությունների հետ որեւիցե առնչություն ես չունեմ բացարձակապես: Ո'չ ընկերներ, ո'չ բարեկամներ, ո'չ թաքնված անձինք այս ընկերությունների հետեւում ինձ հետ կապված, չկան», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքերը հետեւեցին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի ներկայացրած տեղեկանքին, թե անցած տարի եւ այս տարվա ընթացքում որ ընկերություններն են գոմեշի միս ներկրել Հայաստան:

Իր ելույթում Բախչագուլյանը նաեւ ընդգծեց, որ ներմուծված գոմեշի միսը պատշաճ կարգով ստուգվել է ծառայության կողմից, ուստի Հայաստան գոմեշի ոչ պիտանի միս չի մտել:

Հիշեցնենք, Հնդկաստանից սատկած գոմեշի մսի ներմուծման պատմությունը ծագեց մոտ քսան օր առաջ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկայնի մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրելով ԲՀԿ առաջնորդին վարկաբեկող արշավ կազմակերպելու մեջ` հայտարարեց. - «Ժամանակն է, որ մեր հանրությունը եւս տեղեկանա այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը եւ մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, … Շատ ավելի բաց եւ հրապարակային կխոսենք «Նաիրիտ»-ի էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված եւ մեր ժողովրդին տեւական ժամանակ սատկած գոմեշի միս մատակարարած իրական պատասխանատուների եւ շատ ու շատ այլ բաների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG