Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը թիվ 1 ընտրատարածքում կառաջադրի Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն»-ը թիվ 1 ընտրատարածքում, ինչպես այսօր հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, առաջադրելու է նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը:

Մայրաքաղաքի Ավան համայնքը եւ Նոր Նորք համայնքի որոշ թաղամասեր ընդգրկող այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ողբերգական հետեւանքներ ունեցած միջադեպից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ եթե մինչեւ սեպտեմբերի 21-ը հետ չվերցնի այն, հրաժարականը կհամարվի ընդունված: Այդ դեպքում թիվ 1 ընտրատարածքում 80-օրյա ժամկետում պետք է անցկացվեն պատգամավորի նոր ընտրություններ:

«[Մայիսի 6-ի] Ընտրությունների ժամանակ նա [Ստեփան Սաֆարյանը] այդ օկրուգում երկրորդ տեղն էր գրավել եւ ավելի քան 9 հազար քվեներ էր ձեռք բերել: Եվ տեղի ընտրողները, քաղաքական դաշտը շատ տրամաբանական են դիտում, որ Ստյոպան պետք է առաջադրվի: Եթե իշխանությունն էլ մի քիչ դուրս գա կուսակցական շրջանակից, կարծում եմ, Ստեփանի տեղը այսօր խորհրդարանում զգացվում է», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Իշխող կուսակցությունը նույնպես թեկնածու առաջադրելու մտադրություն ունի այս ընտրատարածքում, ինչը այսօր վերահաստատեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` առանց մասնավորեցնելու:

Սահակյանը անդրադարձավ նաեւ ֆրանսիական Les Nouvelles d’Armenie հանդեսին Ռուբեն Հայրապետյանի տված աղմկահարույց հարցազրույցին` պնդելով, որ Հայրապետյանը չէր կարող նման հայտարարություններ անել:

Դիտարկմանը, թե կասկած է հարուցում այն, որ Հայրապետյանն ինքը չի հերքում իրեն վերագրվող հայտարարությունները, Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Ես չեմ կասկածում: Դրա համար լրագրողը կարող է ձայնագրությունն ուղարկել, մենք էլ տեսնենք: Ես չեմ հավատում դրան… Ձեզ համար է դա սենսացիա, ինձ համար առօրյա, սովորական հարցազրույց է»:

Թիվ 1 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու խնդրին խորհրդարանական ճեպազրույցներում անդրադարձան նաեւ մյուս խմբակցությունները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նշեց, որ «բոլոր տարբերակները դեռ քննարկում են», վերջնական որոշում չունեն:

Վերջնական որոշում չի ընդունել նաեւ Դաշնակցությունը:

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը ասաց, թե շտապել պետք չէ, քանի որ Ռուբեն Հայրապետյանը դեռ կարող է հետ վերցնել իր դիմումը:

Հայրապետյանի կուսակից Գալուստ Սահակյանը նման հնարավորությանը վերաբերող հարցին ի պատասխան խորհուրդ տվեց հարցն ուղղել անձամբ Ռուբեն Հայրապետյանին:
XS
SM
MD
LG