Մատչելիության հղումներ

Թուրքիայի մշակույթի նախարարը կցանկանար պատարագի մասնակցել


Վերաբացումից հետո առաջին պատարագը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, 19-ը սեպտեմբերի, 2010թ.
Վերաբացումից հետո առաջին պատարագը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, 19-ը սեպտեմբերի, 2010թ.

«Ցանկացել ենք վերականգնել միասին ապրելու ցանկությունը», - ասել է Էրթուղրուլ Գյունայը` անդրադառնալով իր պաշտոնավարման 10 տարիներին։

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը Hurriyet Daily News-ի հետ զրույցում ասել է, որ կցանկանար առաջիկայում մասնակցել ժամերգության երկրում իր պաշտոնավարման ընթացքում վերաբացված եկեղեցիներից մեկում։

Գյունայը հարցազրույց է տվել Վանում՝ Ուրարտու թանգարանի հիմնարկեքի արարողության ժամանակ։ Նա անդրադարձել է իր պաշտոնավարման 10 տարիներին, ասելով, թե վերաբացվել են ոչ միայն Տրապիզոնի հունական ուղղափառ Սյումելա եւ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցիները, այլ նաեւ Անթալիայում Սուրբ Նիկողայոս եկեղեցին։

«Ալեւիներից մինչեւ հույներ, հայերից մինչեւ սուննիներ, մենք ցանկացել ենք վերականգնել փոխըմբռնման մթնոլորտն ու միասին ապրելու ցանկությունը։ Ճիշտ է, ես դեռ չեմ մասնակցել վերաբացված եկեղեցիներում ժամերգությունների, սակայն կցանկանայի մասնակցել ապագայում», - ասել է Գյունայը։

Տրապիզոնի Սյումելա պատմական եկեղեցին վերաբացվել է 2010 թվականին, դրանից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է բացվել հավատացյալների համար՝ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվությամբ։

Գյունայը նաեւ մեկնաբանել է Կարսում հայ - թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժումը։ Այն քանդվեց, երբ վարչապետ Ռեջեփ Էրդողանը հուշարձանը «անճոռնի» անվանեց։

Գյունայն ասել է, որ իշխող կուսակցությունը սատարել է իրեն բոլոր նախաձեռնություններում, սակայն եղել են նաեւ տարաձայնություններ, եւ «Մարդկայնության հուշարձանը» դրանցից ամենամեծն էր։

«Քաղաքականությունն ու արվեստը չպետք է իրար այդ կերպ հակադրվեն, ես չէի ցանկանա, որ արվեստի գործը անվանվեր անճոռնի», - հավելել է Թուրքիայի մշակույթի նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG