Մատչելիության հղումներ

Էրդողանը կարգադրել է քանդել հայերի եւ թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը


Հայերի եւ թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը Կարսում
Հայերի եւ թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը Կարսում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարգադրել է քանդել Կարսում կառուցված` հայերի ու թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը` այս որոշումը ներկայացնելով որպես հարեւանների միջեւ սահմանը բացելու ու հարաբերությունները կարգավորելու ջանքերում խորը սառեցման նշան։

Էրդողանը Կարս է այցելել անցած շաբաթ օրը։ Արձանի մասին նա ասել է, թե այն տգեղ է, եւ Կարսի քաղաքապետին կարգադրել է քանդել այն ու մինչեւ իր հաջորդ այցելությունը արձանի փոխարեն այդ տեղում այգի կառուցապատել։

Կարսի քաղաքապետը Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից է։

Թուրքական պաշտոնական «Անադոլու» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Էրդողանը իր որոշումը պատճառաբանել է արձանի գեղարվեստական ցածրարժեքությամբ:

«Այլանդակություն է տեղադրվել։ Անհնար է մտածել, որ արվեստի գործերի կողքին կարող են նման բաներ լինել», - ասել է Թուրքիայի վարչապետը:

The Wall Street Journal-ը նշում է, որ Էրդողանի որոշումը արվում է հունիսին անցկացվելիք ընտրություններից առաջ տեղական քաղաքականության վրա դրական ազդեցություն գործելու նպատակով։

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր` Հանրապետական ժողովրդական կուսակցությունը անմիջապես արձագանքել է Էրդողանի որոշմանը։

Այս կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Էրքան Քարաքասը ասել է, թե արձանը տգեղ չէ եւ ոչ էլ տարօրինակ է։

Նրա բնորոշմամբ` դա բարձրակարգ արվեստ է ու հակաթույն է գենոցիդի հուշարձանների դեմ, որոնք կան Հայաստանում եւ Թուրքիայում։ Նա էրդողանին կոչ է արել վերանայել իր որոշումը։

Արձանը կառուցվել է 2008 թվականին: Այն Կարսի բլուրներից մեկի վրա է, 30 մետր բարձրություն ունի, իրենց ներկայացնում է դեպի իրար ձգվող երկու ֆիգուրներ։

Արձանը պատվիրել էր Կարսի նախկին քաղաքապետը, ով շատ ջանքեր էր գործադրում հայ - թուրքական սահմանը բացելու համար` գտնելով, որ դա միայն օգտակար կլինի քաղաքի համար։

The Wall Street Journal-ը գրում է, որ արձանը հենց սկզբից վիճարկելի էր։ Ազգայնականները եւ քաղաքի 20 տոկոսը կազմող ադրբեջանցիները դիմել էին մշակույթի նախարարությանը` արգելելու համար արձանի կառուցումը:

«Արձաններից մեկի ձեռքը այդպես էլ չի կառուցվել։ Ինչ-որ փակուղային իրավիճակ էր ստեղծվել։ Տեղական վարչակազմը սպասում էր Անկարայի հրահանգներին։ Շաբաթավերջին փակուղին ջարդվեց», - արձանագրում է The Wall Street Journal-ը` նկատի ունենալով, որ Էրդողանը կարգադրեց քանդել արձանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG