Մատչելիության հղումներ

Վանաձորում 90 հազար 415 ընտրող կա


Արդեն պատրաստ է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին թիվ 30 ընտրատարածքի ընտրողների վերջնական ցուցակը` 90 հազար 415 ընտրող: Ընտրողների թիվը ավելի քան 5 հազարով պակաս է քաղաքապետի նախորդ ընտրություններին ընտրողների թվից:

Ընտրացուցակների առնչությամբ այսօր մտահոգություն հնչեցրեց քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը (ՄԻԱԿ` Միացյալ ազատական ազգային կուսակցություն)` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառելով, որ ցուցակներն ուռճացված լինեն:

Մեկ այլ թեկնածու` անկուսակցական Կարեն Թումանյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե բնական է, որ ընտրացուցակներում ընդգրկված մարդկանցից ոմանք Հայաստանում չեն գտնվում: Նրա համոզմամբ` ընտրակեղծիքներից խուսափելու գործում լուրջ դեր պիտի ունենան ընտրատեղամասային հանձնաժողովները:

«Կարեւոր է, որ հանձնաժողովի աշխատակիցները ունենան բավարար կամք եւ իմանան, որ այն, ինչ իրենք անելու են օրենքով սահմանված կարգով, անելու են իրենց աշխատանքային պարտականությունների շրջանակում: Իսկ եթե հանկարծ որեւէ մեկը փորձի արջի ծառայություն մատուցել, քրեորեն կպատժվի», - հավելեց Թումանյանը:

Քաղաքապետի թեկնածու` անկուսակցական Տիգրան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չի բացառում ընտրակեղծիքները. - «Որովհետեւ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ունենք սոցիալապես անապահով բնակչություն, ինչը նշանակում է, որ ընտրակաշառքների հավանականությունն է մեծ, ինչը նշանակում է, որ քաղաքացիական գիտակցության մակարդակն է ավելի ցածր, ինչը նշանակում է, որ անկախ գործող քաղաքացու ինստիտուտը դեռեւս կայացած չէ»:

Վանաձորի քաղաքապետ պաշտոնի համար պայքարելու են նաեւ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը (ՀՀԿ) եւ Լոռու նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը («Բարգավաճ Հայաստան»):
XS
SM
MD
LG