Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի մարզային կառույցը որոշել է Վանաձորում սատարել գործող քաղաքապետին


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Իշխող Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցը, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որոշել է սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարել գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայանալու են Լոռու մարզի 86 համայնքներում:

Գյուղական համայնքներում, ըստ մարզպետի, որեւէ թեկնածուի սատարելու խնդիր առայժմ չկա. - «Եթե կլինեն համայնքներ, որտեղ մրցակցություն կլինի, եւ այլ քաղաքական ուժերը ներկայացուցիչներ կունենան, բնականաբար, մեր կուսակցության կողմից մեր կարծիքը կարտահայտենք, թե որ թեկնածուին ենք պաշտպանում: Այս առումով միայն Վանաձորն է, որ մենք մեր հստակ որոշումը կայացրել ենք եւ ուղարկել ենք [ՀՀԿ] գործադիր մարմին»:

Անդրադառնալով աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրին` Արթուր Նալբանդյանը ասաց. - «Ծրագրից ինչ-որ չափով հետ ենք մնացել մի պարզ պատճառով. մենք այսօր մոտ 700 շինարարի կարիք ունենք: Սա է պատճառը, որ այսօր «Գլենդեյլ»-ը իր աշխատանքներից մի փոքր հետ է մնացել: Ընդ որում` աշխատավարձի միջին չափը կկազմի 130-150 հազար դրամ»:

Գյուղացիներին 63 տոննա էլիտար եւ 291 տոննա առաջին վերարտադրության սերմնացու էր տրամադրվել, սակայն, ինչպես ասաց մարզպետը, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ցորենի բերքատվությունը բավականին ցածր է:

Գյուղացիները, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պնդում էին, որ ցածր բերքատվության պատճառը ոչ միայն եղանակն է, այլեւ ստացված սերմնացուի անորակ լինելը:

Մարզպետն այսօր չհամաձայնեց այդ պնդումներին` ասելով. - «Ռուսաստանից ներմուծված էլիտար տեսակը անորակ չէր կարող լինել, որովհետեւ շատ լավ բերք են ստացել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում արտադրված առաջին վերարտադրության ցորենին, դա նաեւ մեր մեղքի բաժինը կա: Որովհետեւ մեր գյուղացիները… այն մշակույթը գյուղատնտեսության, որ պետք է ձեւավորվի, չկա»:

Հիշեցնենք նաեւ, որ ցորենի էլիտար սերմնացուի մեկ կիլոգրամի դիմաց գյուղացիները պարտավոր են վերադարձնել 2 կիլոգրամ, իսկ առաջին վերարտադրության ցորենի մեկ կիլոգրամի դիմաց պիտի վճարեն 160 դրամ:

Մարզպետն ասաց, որ չնայած ցածր բերքատվությանը, այդ պայմանները մնում են ուժի մեջ:

please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG