Մատչելիության հղումներ

Բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է «ըստ պլանի»


Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Ֆինանսների նախարարի խոսքով, բոլոր հիմքերը կան պնդելու, որ բյուջեն «իրատեսական է եւ հաստատապես կկատարվի»։

«Հունվար-օգոստոսին պետական բյուջեն ունեցել 567 միլիարդ 156 միլիոն եկամուտ։ Այդ թվում հարկեր, տուրքեր եւ սոցվճարներ՝ 552 միլիարդ 109։ Ինչ վերաբերում է ծախսերին՝ հունվար-օգոստոսին ծախսերը եղել են 574 միլիարդ 148»,- Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով պետական բյուջեի կատարողականի անցած ութ ամիսների մասին հաշվետվությունը, ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով․ - «Բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ պլանի եւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է եւ հաստատապես կկատարվի»։

Ֆինանսների նախարարի խոսքով, հունվար-օգոստոս ամիսների տվյալները կառավարության նախանշած ցուցանիշները գերազանցում են շուրջ 4 միլիարդ դրամով: Նման տեմպերով շարունակելու դեպքում դեֆիցիտը կլինի նախատեսվածից ավելի ցածր, կարծում է Վաչե Գաբրիելյանը:

«Բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ որեւէ չկատարված եւ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, ամբողջովին վճարված են։ Միեւնույն ժամանակ, եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի՝ մի փոքր գերակատարումով», - հավելեց ֆինանսների նախարարը։

Նշենք, որ այս տարվա բյուջեում, նախորդի համեմատ, ծրագրվել է լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկեր հավաքագրել, ինչի հետ կապված անցած տարեվերջին ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել կառավարությունում: Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրապարակավ կասկած էր հայտնել, թե իր գլխավորած կոմիտեին կհաջողվի հավաքագրել լրացուցիչ գումարները։ Նոյեմբերի վերջին Ազգային ժողովն իր արտահերթ նիստում հաստատեց կառավարության առաջարկած հարկային փաթեթը, որի կիրառումը, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հավաստիացմամբ, պետք է օգներ հավաքել նշված 101 միլիարդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG