Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն թիվ 1 ընտրատարածքում ունի «ուժեղ թեկնածուներ»


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մամուլի ասուլիսում:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մամուլի ասուլիսում:
Հանրապետական կուսակցության փոխնախագահի փոխանցմամբ, իշխող քաղաքական ուժը թիվ 1 ընտրատարածքում (այստեղ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է ներկայացրել), ունի ուժեղ թեկնածուներ:

«Ունենք տվյալ տարածքում ուժեղ թեկնածուներ: Շատ ունենք, չի կարելի մարդկանց անունը այսօրվանից շահարկել: Դրանցից մեկին պիտի պաշտպանենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անուններ հրապարակելու խնդրանքին ի պատասխան, ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը` համոզմունք հայտնելով, որ այդ ընտրություններում գլխավոր դերակատարը Հանրապետականն է լինելու:

Հայրապետյանը, հիշեցնենք, իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ողբերգական հետեւանքներ ունեցած միջադեպից հետո հուլիսի 4-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել խորհրդարան, եւ երեկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընթերցեց այն: ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե Հայրապետյանը 15 օրվա ընթացքում (տվյալ դեպքում` մինչեւ սեպտեմբերի 21-ը) հետ չվերցնի իր դիմումը, հրաժարականը կհամարվի ընդունված: Այդ դեպքում թիվ 1 ընտրատարածքում 80-օրյա ժամկետում պետք է անցկացվեն պատգամավորի նոր ընտրություններ:

Գալուստ Սահակյանը հավանական չի համարում, որ Հայրապետյանը հետ վերցնի իր դիմումը: Նա նաեւ «վարկածային բաներ» որակեց տեղեկությունները, թե թիվ 1 ընտրատարածքում ստորագրահավաք է անցկացվում` հորդորելու Ռուբեն Հայրապետյանի չհրաժարվել պատգամավորական մանդատից:

Հարցին, թե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը նախագահական ընտրությունների նախաշեմին արդյոք չի թուլացնի ՀՀԿ-ի դիրքերը տվյալ ընտրատարածքում, Սահակյանն արձագանքեց, թե «նախագահի թեկնածությունը պաշտպանված է հենց նախագահով, ով իր գործունեությամբ ապահովել է հասարակության վստահությունը»:

Իսկ Ռուբեն Հայրապետյանը, իշխող կուսակցության փոխնախագահի ձեւակերպմամբ` թիմի անդամ է, կուսակցության խորհրդի անդամ եւ բոլորի հետ միասին ակտիվորեն կմասնակցի նախագահական ընտրությունների քարոզարշավին:

Իշխող կուսակցության առայժմ անանուն թեկնածուի մրցակիցներից ոմանց անունները, մինչդեռ, արդեն հայտնի են: Ավան համայնքը եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նա, հիշեցնենք, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ընտրատարածքում ստացել էր ավելի քան 9000 ձայն` զիջելով միայն Ռուբեն Հայրապետյանին:

Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ անկուսակցական, լրագրող Արտակ Եղիազարյանը: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ կընդունի ցանկացած կուսակցության աջակցություն` բացառությամբ ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի:

«Բագրավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել: Այդուհանդերձ Զոհրաբյանի անձնական կարծիքով, կուսակցությունն այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու չի առաջադրի:

ՀԱԿ-ից «Ազատություն» ռադիոկայանին նույնպես փոխանցեցին, որ այդ հարցը չի քննարկվել:
XS
SM
MD
LG