Մատչելիության հղումներ

Ղուկասյանի չառաջադրվելը «աժիոտաժ» չի առաջացրել ԲՀԿ-ում


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետի` սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չառաջադրվելը «աժիոտաժ» չի առաջացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ): Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ղուկասյանի չառաջադրվելը որեւէ բան չի փոխում Գյումրիում ԲՀԿ-ի ծրագրերում:

Գյումրիում, հիշեցնենք, ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանն է գլխավոր թեկնածուն, որին սատարելու՝ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ծրագրերի մասին բազմիցս հայտարարել են ՀՀԿ ղեկավար անդամները: Չնայած մինչեւ փաստաթղթերը հանձնելու վերջին պահը ակնկալվում էր, որ գործող հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի, եւ մթնոլորտը Գյումրիում կսրվի, սակայն նա հրաժարվեց ընտրապայքարից:

«Անկեղծ ասած, ինձ զարմացնում է, որ Վարդան Ղուկասյանի առաջադրվել-չառաջադրվելու հետ կապված նման աժիոտաժ կա քաղաքական, հանրային շրջանակներում: Ի վերջո որեւէ մեկը չի կարող ասել, որ Վարդան Ղուկասյանը պիտի Գյումրի քաղաքի ցմահ քաղաքապետը լիներ. եթե չեմ սխալվում, նա արդեն հինգ անգամ պաշտոնավարել է որպես քաղաքապետ եւ եթե չի առաջադրվել, ուրեմն դա իր կուսակցության որոշումն է, ինչպես որ ներկայացնում են Հանրապետական կուսակցության առաջին դեմքերը: Մենք այստեղ որեւէ խնդիր չենք տեսնում` կապված մեր հետ: Կառաջադրվեր Ղուկասյանը, թե չէր առաջադրվի, մեր խնդիրները Գյումրիում դրանից բացարձակապես որեւէ փոփոխություն չէին կրելու», - ասաց Զոհրաբյանը` հավելելով. - «ԲՀԿ-ն պատրաստ էր նաեւ Գյումրիում լարված մթնոլորտում մրցել, եթե գործող քաղաքապետն առաջադրվեր եւ լարվածություն առաջանար»:

Չնայած Գյումրիում ակնկալվում է ՀՀԿ-ի աջակցությանը ԲՀԿ-ական թեկնածուին, Հայաստանի 30 համայնքներում սեպտեմբերի 9-ին թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուների միջեւ: Հարցին, թե հաշվի առնելով Թալինի ընտրությունների նախադեպը, երբ ԲՀԿ-ի թեկնածուն ընդամենը 300 ձայնով պարտվեց ՀՀԿ-ի թեկնածուին, եւ հայտարարեց զանգվածային խախտումների, ոչ ազատ ու արդար ընտրությունների մասին, մտավախություն չունե՞ն, որ նույն պատկերը կարող է մյուս համայնքներում էլ կրկնվել, այդ դեպքում ինչո՞ւ են այդքան ակտիվ մրցում ՀՀԿ-ի հետ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. - «Իհարկե, վարչական ռեսուրս կիրառվելու է, բայց մենք պատրաստ պիտի լինենք ցանկացած զարգացման, եւ եթե կկիրառվեն վարչական ռեսուրսներ, բնականաբար, մեր գնահատականը մենք կհնչեցնենք թե այստեղ, թե միջազգային հարթակներում»:

Սեպտեմբերի 9-ին ընտրություններ անցկացվելու են Հայաստանի 5 մարզերում: Թեկնածուների գրանցումը կավարտվի օգոստոսի 15-ին:

Իշխող ՀՀԿ-ն ամենաակտիվն է այս ընտրություններում. շուրջ 370 համայնքների ղեկավարների ընտրություններում առաջադրված են 400-ից ավելի ՀՀԿ-ական թեկնածուներ: Ընդ որում, ՀՀԿ-ն ոչ միայն թեկնածուներ ունի գրեթե բոլոր համայնքներում, այլ բազմաթիվ դեպքերում նրանք հենց միմյանց դեմ են առաջադրվել: Այսպես, մոտ 40 համայնք կա, որտեղ առաջադրված երեք եւ ավելի թեկնածուներից մրցակցությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրված եւ ինքնաառաջադրված հանրապետականների միջեւ է, մյուսներն անկուսակցականներ են: Օրինակ, Արթիկում վեց թեկնածուներից երեքը հանրապետական են, երեքը՝ անկուսակցական, Մեղրիում երեք թեկնածուներից երկուսը հանրապետական են, մեկը՝ անկուսակցական: Գյուղական բնակավայրերից առավել ուշագրավ պատկեր է Արմավիրի Մարզի Մրգաստան, Շիրակի մարզի Երազգավորս, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Սյունիք, Տաշտուն, Քարահունջ գյուղերում, որտեղ առաջադրված են երեքական թեկնածուներ, եւ նրանք բոլորը հանրապետականներ են: Փորձեցինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզել, թե ո՞րն է պատճառը:

«Է, վա՞տ է, մրցակցություն էլի, թող մրցեն: Ի՞նչ անենք, թող հանրապետականների միջեւ էլ լինի մրցակցություն, ի՞նչ է խանգարում», - ասաց Խաչատրյանը` միաժամանակ շեշտելով, որ ՀՀԿ-ի ներսում տարաձայնություններ, լարվածություն չկա.- «Թող լինեն, ժողովուրդը ում ուզում է, թող նրան էլ ընտրի: Վա՞տ է, որ ազատ ընտրություններ են»:

Արարատի մարզի Մասիս քաղաքում էլ է ուշագրավ պատկեր ստեղծվել. այս դեպքում էլ ԲՀԿ անդամ 3 թեկնածուներն են միմյանց հետ առաջադրվել. 8 թեկնածուներից երեքը ԲՀԿ-ական են, մեկը հանրապետական է, չորսը` անկուսակցականներ: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դա «զուտ մարտավարական խնդիր է»:

«Մասիսում եւ մի քանի համայնքում նման պատկեր կա, ինչն անառողջ հետաքրքրություն է առաջացրել, սակայն վստահեցնում եմ, որ թեկնածուների ճշգրտման փուլից հետո կուսակցությունը բոլոր տեղերում կմասնակցի մեկ թեկնածուով», - ընդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նշենք, որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ական 51 թեկնածու է առաջադրված, Դաշնակցությունից՝ 25, «Օրինաց երկրից»՝ 15, մեկական թեկնածուներ էլ ունեն «Ժառանգությունը», Ազգային ժողովրդավարական միությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը:

ՀԱԿ-ի միակ թեկնածուն Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված Վարդան Մակեյանն է: Հարցին, թե արդյոք բանակցություններ վարվո՞ւմ են քաղաքական ուժերի, հատկապես ՀԱԿ-ի ի հետ` առանձին համայնքներում ԲՀԿ-ի թեկնածուներին սատարելու հարցում, Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին չկա նման բան` միաժամանակ չբացառելով, որ հետագայում կարող են նման զարգացումներ լինել:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG