Մատչելիության հղումներ

Թալինում ընտրություններն անցան լարված մթնոլորտում


Իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Արամյանի թիմն ու Արագածոտնի հանրապետական մարզպետ Սարգիս Սահակյանը Թալինում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որակում են ազատ եւ արդար: Միաժամանակ, ՀՀԿ մյուս ճակատը՝ հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի աջակցությունը վայելող Վորոշ Խաչատրյանի թիմը, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ահազանգում են վախի մթնոլորտում զանգվածային ընտրախախտումներով անցկացված ընտրությունների մասին:

«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին քաղաքը լցված էր ոստիկանական մեքենաներով, այդ մեքենաների առավել ակտիվ երթեւեկությունը նկատելի էր Վորոշ Խաչատրյանի շտաբի շրջակայքում: Շտաբում մեզ փոխանցեցին, որ իրենց մեկ տասնյակից ավելի թիմակիցների մեքենաները վաղ առավոտից տարվել են տուգանային հրապարակ։ Նաեւ ահազանգում էին թիմակիցներից ոմանց անհիմն ոստիկանություն հրավիրելու եւ նրանց վրա ճնշումներ գործադրելու մասին: Հիշեցնենք, անցած շաբաթավերջին Խաչատրյանին սատարող հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի կնոջն ազատեցին աշխատանքից։

«Ամբողջ մարզի ոստիկանությունն այստեղ է՝ վախի մթնոլորտ ստեղծելու, որ մարդիկ նորմալ ընտրություն չկատարեն։ Իրենց ներկայությամբ վախեցնում են: Նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ Երեւանից այսքան մեքենա ու այսքան մարդ չի լցվում այստեղ», - ասում էին Վորոշ Խաչատրյանի շտաբի անդամները: Նրանցից մեկի՝ Վարդան Ասատրյանի որդու մեքենան տուգանային հրապարակում էր։

«Վաթսուն տարեկան մարդ եմ, նման ընտրություն չեմ տեսել: Չեմ հասկանում, ինչ է կատարվում Թալինում», - վրդովված ասում էր Ասատրյանը։ - «Տղաս կնոջս իջեցնում էր ընտրության՝ ոստիկանները երկու կողմից շրջափակեցին, տարան ոստիկանություն: Գնացել եմ, մտել, վարչության պետին հարցնում եմ` ինչո՞ւ եք բերել, խախտո՞ւմ է արել։ Ասում է՝ չէ խախտում չի արել։ Ասում եմ՝ բա ինչո՞ւ եք մեքենան կանգնեցրել։ Պատասխանում է՝ վերեւից կարգադրություն ունենք, այս մեքենան պիտի լինի տուգանային հրապարակում։ Գնացեք՝ նայեք, տուգանային հրապարակը լցված է մեր մեքենաներով»:

Հիշեցնելով, որ հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանը, չընդառաջելով Սարգիս Արամյանին սատարելու՝ Հանրապետականի պաշտոնական որոշմանը, մնացել էր Վորոշ Խաչատրյանի կողքին, Խաչատրյանն էլ, տեղի չտալով կուսակցական ղեկավարության հորդորներին, ինքնաբացարկ չէր հայտարարել, նրա շտաբի անդամները հայտարարում էին, որ իրենց նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է:

Շտաբում նաեւ տարակուսած էին, թե ինչու էր մարզպետն անձամբ համակարգում Հանրապետականի թեկնածուի շտաբի աշխատանքները. - «Մարզպետն ինչ գործ ունի գա նստի շտաբում։ Եթե իրոք շտաբի պետ է, թող աշխատանքից ազատվեր, գար նստեր շտաբում՝ որպես շտաբի պետ»։

Խաչատրյանի շտաբից նաեւ ահազանգեցին, որ իրենց որոշ ընտրողներ չեն կարողացել քվեարկել` ցուցակներում նրանց անունների դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանի թիմն էլ ահազանգում էր ընտրական գործընթացի հենց սկզբից ընտրատեղամասերում արձանագրված խախտումների մասին: Մասնավորապես, ըստ ԲՀԿ շտաբի, ընտրողների անձնագրերի դրոշմակնիքները ընտրության առաջին ժամերին արագ անհետացել են, ինչպես եղավ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ այս անգամ նույնիսկ թանաքը թափահարելը չի օգնել:

«Նույնիսկ հետեւելով Տիգրան Մուկուչյանի «մեծն» խորհրդին՝ թափահարել եւ նոր կնքել, անգամ դրանից հետո թանաքները մի քանի րոպեների ընթացքում օքսիդանում են»,- հայտարարեց Զոհրաբյանը, - «Մարդկանց տվել են գրիչներ՝ կարմիր եւ կապույտ գրիչներ (կոնկրետ մի թեկնածուի թիմը), եւ նրանք քվեարկել են այդ գրիչներով, որ հետո ապացուցելու բան ունենան իրենց ուղղորդողներին: Եվ շատ տարօրինակ մի նոր բանի մենք ականատես եղանք. շատ են առողջ, աշխատունակ քվեարկողները, որ գալիս են ուղեկցողների հետ: Եվ երբ ես հարցրեցի հանձնաժողովի անդամին, թե ինչու են այդ առողջ մարդիկ ուղեկցողների ուղեկցությամբ մտնում քվեախուց, շատ օրիգինալ պատասխան հնչեց` ասաց` Թալինում 60-ից բարձր բոլորն անգրագետ են։ Սա զավեշտ է: Ես ցավում եմ, որ հերթական անգամ խոսում են ազատ եւ արդար ընտրությունների մասին, ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի մասին, բայց իրականում լրիվ այլ բան ենք տեսնում»:

«Իհարկե, նախկին բացահայտ ապօրինությունները` լցոնումներ, կարուսելներ, ընտրատեղամասերում ծեծուջարդեր, չկան», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Բայց իրականում փոխվել է միայն կատարման եղանակը: Դա ավելի անբարոյական է, երբ ընտրակեղծարարը փորձում է դեմքը թաքցնել ցիվիլ ընտրակեղծարարության մեթոդներով»:

ԲՀԿ թեկնածուի շտաբը արձանագրություն է կազմել:

Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը լուրջ խախտումներ չի արձանագրել:

ԸԸՀ-ի նախագահ Հովհաննես Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընտրություններն անցել են նորմալ, տեղամասերից բողոքներ չունեն: Հաստատելով ընտրության առաջին ժամերին անձնագրերի դրոշմակնիքների թանաքանյութի արագ անհետացման փաստը՝ ԸԸՀ-ի նախագահը դա կապեց շոգ եղանակի հետ եւ ասաց, որ ահազանգերը ստանալուն պես թանաքանյութը փոխել են, սկսել են կնքել սովորական թանաքով: Նա հաստատեց նաեւ որոշ դեպքերում սեփական՝ տարբեր գույնի գրիչներով քվեարկելու դեպքերը, ընդգծելով, որ գրիչ բերելն ու սեփական գրիչով քվեարկելը քաղաքացու իրավունքն է, եւ այդտեղ «օրենքի որեւէ խախտում չկա»:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւս գոհ էր ընտրություններից, իսկ վախի մթնոլորտի, մրցակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու ահազանգերի մասին ասաց. - «Մի՛ հավատացեք, չկա նման բան»:

Թալինի քաղաքապետի ընտրություններում մրցում էին 5 թեկնածուներ:

Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը երկուշաբթի վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախնական տվյալներով` Թալինի քաղաքապետ է ընտրվել Սարգիս Արամյանը, ով ստացել է 1217 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը ստացել է 917, Վորոշ Խաչատրյանը` 840, ինքնաառաջադրված անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը եւ Էդվարդ Գրիգորյանը` համապատասխանաբար, 190 եւ 28 քվե:

Ի դեպ, պատկերը միանգամայն այլ է ավագանու դեպքում։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին թիվ 15 ԸԸՀ-ից, ավագանու 11 մանդատից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին բաժին է հասել 2-ը, փոխարենը` 4 մանդատ ստացել են Վորոշ Խաչատրյանի թիմակից անկուսակցականները, 3 մանդատ վերցրել է «Բարգավաճ Հայաստան»-ը, 1-ը՝ Դաշնակցությունը, մեկը՝ «Ժառանգություն»-ը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը որեւէ ձեւով չի մասնակցել այս ընտրություններին, ոչ էլ սատարել է թեկնածուներից որեւէ մեկին. «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նպատակահարմար չեն գտել:

Ընտրությանը մասնակցած թեկնածուներից որեւէ մեկը սահմանված ժամկետում չեն բողոքարկել ընտրությունների արդյունքը: Նրանց շտաբերից տեղեկացանք, որ բողոքարկումն ու քվեաթերեիկների վերահաշվարկը անիմաստ են համարում: Դա նրանց կարծիքով չի փոխի պատկերը , եթե խախտումները ուղեկցել են քվեարկության գործընթացին:

please wait

No media source currently available

0:00 0:06:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG