Մատչելիության հղումներ

Սեյսմիկ ծառայությունը Հայաստանում երկրաշարժի վտանգ չի տեսնում


Իրան - - Երկրաշարժից տուժած գյուղ Իրանի հյուսիս-արեւմուտքում, 12-ը օգոստոսի, 2012թ․
Իրան - - Երկրաշարժից տուժած գյուղ Իրանի հյուսիս-արեւմուտքում, 12-ը օգոստոսի, 2012թ․
Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի ցնցումները զգացվեցին նաեւ մեզ մոտ, լուրեր տարածվեցին, թե Հայաստանում նոր, հզոր երկրաշարժ է սպասվում։

«Հայաստանի Հանրապետության տարածքից բավականին մոտ է գտնվում երկրաշարժի եպիկենտրոնը. մոտավորապես 60-65 կիլոմետր հեռավորության վրա է ուղիղ գծով մեր մոտակա սահմանից: Բնական է, որ այդ փաստը մեզ անհանգստացնում է, բայց անմիջական նախանշաններ, ուղիղ, հստակ նախանշաններ, որ մեր տարածքում եւս սպասվում է ուժեղ երկրաշարժ, մենք չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը:

Սյունիքի մարզում, որն ավելի մոտ է Իրանի երկրաշարժի եպիկենտրոնին, ցնցումներն ավելի զգալի են եղել. մարդիկ դուրս էին եկել փողոց` իրենց հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրերը: Երեւանում էլ բնակարաններից հեռացած մարդիկ են եղել:

Հարցին, թե ճիշտ է արդյոք նրանց վարքագիծը, Պետրոսյանը արձագանքեց. - «Բնական եւ հասկանալի է ռեակցիա է, երբ մարդիկ, զգալով ցնցումը, դուրս են գալիս իրենց շենքերից բաց տարածք: Մարդկանց կարելի է հասկանալ: Դա ամենաառաջին ռեակցիան է, եւ այդպես վարվում են շատերը եւ գրեթե ամենուր: Դա են ասում նաեւ երկրաշարժից պաշտպանվելու վարքա կանոնները»:

Նրա խոսքով, առաջին երեք հարկերի բնակիչները բավականին արագ դուրս են գալիս բնակարաններից, իսկ ահա ավելի բարձր հարկերում ապրողներների համար կարող են խնդիրներ ծագել. - «Կարող է փլուզվել աստիճանահարթակը: Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել վերելակից, որովհետեւ կարող է հոսանքի խափանում լինել: Դրա համար չորրորդ եւ ավելի հարկերում բնակվողներին մենք առաջարկում ենք առաջին ցնցումների հետ պատսպարվել բնակարանի առավել ապահով տեղերում. դրանք կրող պատերն են, դռան բացվածքն է, բավականին արդյունավետ է սեղանի տակ մտնելը, որովհետեւ դա կպաշտպանի, ասենք, առաստաղից որոշակի կտորների վայր ընկնելուց եւ այլն»:

Հարցին, թե Իրանի երկրաշարժը եւ ընդհանրապես տարածաշրջանում գրանցվող ցնցումները որքանով կարող են ազդել Հայաստանի ատոմակայանի սեյսմակայունություն վրա, Պետրոսյանը արձագանքեց. - «Ատոմակայանի տարածքում ոչ ավելի, քան 3 բալլ ուժգնությամբ է զգացվել ցնցումը, իսկ ատոմակայանը հաշվարկված է առնվազն 9 բալլ ուժգնության երկրաշարժի համար: Հասկանալի է, որ նման թույլ ցնցումը ոչ մի կերպ չի կարող ազդել ատոմակայանի սեյսմակայունության վրա»:

Իրանում տեղի ունեցած երկրաշարժից բառացիորեն րոպեներ անց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով պատրաստ վիճակի են բերվել փրկարար ուժերը, որպեսզի հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերվի հարեւան երկրին: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, իրանական կողմը Հայաստանից օգնություն չի խնդրել:

Ազարյանի փոխանցմամբ, իրենք կապվել են նաեւ Իրանում Հայաստանի դեսպանի հետ. հայազգի տուժածների մասին որեւէ տեղեկատվություն չկա:

Հավելենք նաեւ, Սյունիքի մարզում, անվտանգության նկատառումներից ելնելով, կարճ ժամանակով դադարեցվել էր Տաթեւի ճոպանուղու աշխատանքը։

«Ցնցումների ժամանակ ուղեւորափոխադրող երկու վագոններն էլ գտնվում էին կայաններում։ Ճոպանուղու աշխատանքում տեղի է ունեցել 15 րոպեանոց տեխնիկական ընդմիջում, որի հիմնական նպատակն է եղել ստուգել ճոպանուղու կառավարման համակարգերը, որոնք որ, ստուգումից հետո պարզվեց, գտնվում են գերազանց վիճակում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը։

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG