Մատչելիության հղումներ

Սիրիացի նախկին պաշտոնյաները` իրենց դասալքության մասին


Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբ, արխիվային լուսանկար
Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբ, արխիվային լուսանկար
Reuters լրատվական գործակալությունը մի հաղորդում է պատրաստել Սիրիայի իշխանությունները լքած պաշտոնյաների մասին, նրանց մտավախությունների մասին, որ նրանց ընտանիքների անդամները, հարազատները ենթարկվում են դաժան վրեժխնդրության։

Մի քանի զրուցակիցներ պատմում են, որ հեշտ չէ հեռանալ իշխանությունների շարքերից. եթե ընտանիքների անդամներին նախապես փորձում են դուրս բերել երկրից, ապա իսկույն կասկածանքի տակ են ընկնում։

Reuters-ը զրուցել է նաեւ Հայաստանից փախած սիրիացի դիվանագետ Մուհամադ Հոսամի հետ։

Հյուպատոս Հոսամը հուլիսի վերջին Երեւանից մեկնել էր Դուբայ` հայտարարելով Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու եւ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։

Նա ասել է, որ իշխանություններից հեռացող պաշտոնյաների ընտանիքների անդամները Սիրիայում անհանգստությունները սկսվելուց ի վեր ենթարկվում էին դաժան վրեժխնդրության։ Մասնավորապես, ըստ Հոսամի, սպանվել են իշխանությունների շարքերը առաջինը լքած Հուսեյն Հարմուշի ընտանիքի անդամների մեծ մասը` տասնյակ մարդիկ։

Հուսեյն Հարմուշը Սիրիայի իշխանություններից հեռացել էր մեկ տարի առաջ։ Այս ընթացքում, ապստամբների ասելով, հազարավոր զինծառայողներ միացել են իրենց շարքերին, այդ թվում` 20 գեներալներ։ Մինչեւ վերջերս քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների դասալքությունը հազվադեպ երեւույթ էր։

Մուհամադ Հոսամը ասել է, որ վեց կամ յոթ դիվանագետներ են հեռացել, չնայած արտգործնախարարության ջանքերին` կասեցնելու այդ շարժումը, իսկ մյուսները սպասում են իրենց շանսին։

«Մեր նախարարության անվտանգության ծառայությունը հետ է կանչել դիվանագետների մեծ մասին Սիրիա», - փոխանցել է նա` նշելով, որ սովորաբար Սիրիան 350-400 դիվանագետներ ունի դրսում։ - «Հիմա, կարծում եմ, այդ թվի կեսից էլ պակաս մարդ կա դրսի դիվանագիտական առաքելություններում»։

Երբ անցյալ տարվա մարտին Սիրիայում սկսվեցին անհանգստությունները, Մուհամադ Հոսամը Լոնդոնում էր` աշխատում էր Սիրիայի դեսպանատանը։ Նրա պատմելով` Ասադի աջակիցներից սպառնալիքներ էր ստացել, երբ մտահոգություն էր հայտնել ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների կապակցությամբ։ Նրան տեղափոխել են Հայաստան, որտեղից էլ կարողացել է փախչել։

«Դա հեշտ չէր», - Reuters-ին ասել է Հոսամը` առանց մանրամասնելու։

Օրերս ապստամբների կողմը անցած Սիրիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան` արդեն նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը դիմել էր ապստամբներին` իր ընտանիքի անդամներին Ասադի վրեժխնդրությունից փրկելու համար։ Մի շարք գաղտնի գործողություններով հաջողվել է նրա յոթ եղբայրներին, երկու քույրերին եւ նրանց երեխաներին ապահով տեղափոխել Հորդանան, եւ հիմա նրանք անվտանգ վայրում են, «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությամբ ասել է նախկին վարչապետի մամուլի խոսնակ Մոհամեդ Աթարին։

Ինքը նախկին վարչապետը կարողացել է փախչել ուրբաթօրյա աղոթքից հետո։ Նրա փախուստը եւս հեշտ չէր, որովհետեւ մշտապես գտնվում էր թիկնապահների հսկողության ներքո, փոխանցել է Աթարին` հավելելով, որ Հիջաբի փախուստը արդեն երկու ամիս պլանավորվում էր. փաստորեն, վարչապետ նշանակվելու ժամանակ արդեն նա մտածում էր այդ մասին։

Սիրիայի ընդդիմության ազգային խորհրդի ներկայացուցիչ Ահմեդ Ռամադանը Reuters-ին ասել է, որ ապստամբները շփումների մեջ են պոտենցիալ դասալիքների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG