Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարը դեմ է ՏՏ նախարարություն ստեղծելու գաղափարին


Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ դեմ է ինովացիոն կամ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելու գաղափարին:

Հիշեցնենք, վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաներ ներկայացնող շուրջ 200 ընկերություններ հանդես էին եկել նախագահին եւ Ազգային ժողովին ուղղված հայտարարությամբ, թե իրենք ցանկանում են ստեղծել ինովացիոն նախարարություն` ոլորտն ավելի արդյունավետ կառավարելու համար:

«Ես միանշանակ դեմ եմ, եւ կարծում եմ` բացարձակ արհեստածին խնդիր է դրված: Պետական կառավարման ներկայիս համակարգը բացարձակ ադեկվատ է եւ բավարար է այն բոլոր խնդիրները լուծելու համար, որոնք դրված են ՏՏ ոլորտի զարգացման հիմքում: Ոլորտի հաջող եւ բավականին առաջանցիկ զարգացումը հենց վկայում է այն մասին, որ կառավարման համակարգը աշխատում է բավականին արդյունավետ», - ասաց նախարարը:

Համաձայն 2011 պաշտոնական տվյալների` Հայաստանում գործում են 281 ՏՏ ընկերություններ, որոնցից 174 տեղական, 107-ը` արտասահմանյան ընկերություններ են: Ոլորտի ընդհանուր հասույթն անցյալ տարի կազմել է 205.1 միլիոն դոլար, որի մեծ մասը` 118.1 միլիոն դոլարը ապահովել են արտասահմանյան ընկերությունները: ՏՏ ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 6760 մարդ:

Նախաձեռնության հեղինակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ասում է` 200-ից ավելի ընկերություններ կողմ են ստորագրել նախարարության ստեղծմանը, այդ փաստն անտեսել չի կարելի, անգամ եթե էկոնոմիկայի նախարարը այլ կարծիքն ունի:

Սակայն էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պնդեց, որ հանդիպել է խոշոր ընկերությունների հետ, տեղյակ է` ովքեր են ստորագրել ինովացիոն նախարարություն ստեղծելու նախաձեռնության տակ: Դավթյանի խոսքով` իր հետ հանդիպումների ընթացքում ՏՏ ընկերությունների տնօրենները համաձայնել են, որ պետական մարմին ստեղծելն անիմաստ է:

«Ես հանդիպել եմ մեկ առ մեկ բոլոր խոշոր ընկերությունների, դաշտում էական նշանակություն ունեցող խաղացողների հետ, եւ բոլորը միահամուռ հաստատեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա», - ասաց նախարարը:

Կարեն Վարդանյանը հակադարձում է. - «Հիմա իրավիճակը փոխվել է, 350 ընկերություն 200 միլիոն միայն հասույթ եւ մեծ խնդիրներ, լիքը մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն: Դրանք առանց պետական մասնակցության չեն լուծվում»:

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է անտեսել ինովացիոն նախարարությանը կողմ արտահայտված շուրջ 200 ՏՏ ընկերությունների ստորագրություններ ու կարծիքներ, Տիգրան Դավթյանը պատասխանեց. - «Եթե կողքից լավ համոզում են կամ ինչ-որ ճնշում են գործադրում, ստորագրություն դնելը տեխնիկապես շատ բարդ պրոցես չէ»:

Նախարարն ասաց` ոլորտը կայուն աճի տեմպեր է արձանագրում, վերջերս նշանակվել են էկոնոմիկայի երկու նոր փոխնախարար, որոնք համակարգելու են հենց ինֆորմացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները եւ ավելորդ գերատեսչություններ բացելն անտեղին է եւ ծախսատար:

Նախաձեռնության հեղինակներն էլ հակադարձում են, թե իրենք ամենաբարձր տնտեսական աճ գրանցող ոլորտն են, տարեկան հսկայական մուտքեր են ունենում բյուջե:

«Մեր ոլորտը տարեկան 80 միլիոն դոլար հարկ է մուծում, եւ ես կարծում եմ, որ այդ 80 միլիոն հարկից հանգիստ կարելի է մեկ կամ 2-3 տոկոսը տրամադրել նմանատիպ պետական կառավարման մարմին պահելու համար», - ասաց Վարդանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG