Մատչելիության հղումներ

Թեսա Հոֆման. «Պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում»


Գերմանիայի Բունդեսթագի ստորին պալատի շենքը` Ռայխստագը Բեռլինում
Գերմանիայի Բունդեսթագի ստորին պալատի շենքը` Ռայխստագը Բեռլինում
Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը փորձել է պարզել նրա գնահատականը Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերմունքին։

Ըստ Reuters լրատվական գործակալության` օնլայն քվեարկություններով պարզվել է, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի: Մինչդեռ, ինչպես անցյալ շաբաթ հաղորդել էր Reuters-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է հազարավոր գերմանացիների առաջարկը։

Թեսա Հոֆմանը վկայակոչեց 7 տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած միաձայն որոշումը. 2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագը, առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու, կոչ էր անում Թուրքիային ընդունել հայերի դեմ իրագործած ջարդերը, ափսոսանք հայտնելով, որ Գերմանիան ջանք անգամ չէր գործադրել կանգնեցնելու այդ ոճրագործությունը` կազմակերպված տեղահանումների եւ բնաջնջման մասին տեղեկություններ ունենալու պարագայում։

Գերմանուհի իրավապաշտպանը դժգոհեց. - «Բայց այս 7 տարիներին մոռացան սեփական որոշումը։ Եվ հիմա, կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու կառավարության ղեկավարը՝ Անգելա Մերկելը, չեն ասում` դա հանցագործությո՞ւն է, ցեղասպանությո՞ւն է, եւ ավելացնում են, թե Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է պարզեն, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ»։

«Ես ցանկանում եմ համեմատել. դա նույնն է, թե ասել` Իսրայելը թող այդ [Հոլոքոսթի] հարցը լուծի նեոֆաշիստների հետ։ Դա հնարավոր չէ։ Եվ, բացի այդ, մենք պետք է Գերմանիայից սպասենք հստակ դիրքորոշում», - ընդգծեց Թեսա Հոֆմանը` շարունակելով. - «Մենք ունենք ամենակարեւոր փաստերը, որոնք վկայում են ցեղասպանության մասին։ Եթե մեր ներկայիս քաղաքական գործիչները կարդում են փաստաթղթերը, կիմանային, որ դա ցեղասպանություն է»։

Իրավապաշտպանի խոսքերով` հաջորդ տարի նախատեսված Գերմանիայի խորհրդարանի ընտրություններից հետո անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն սկսել նոր խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւ պատրաստել նոր որոշում։ Թեսա Հոֆմանը համոզված է` հայերը արդյունքի կհասնեն, եթե համագործակցեն այս հարցով մտահոգ կազմակերպությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG