Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ժխտումը անօրինական համարելու առաջարկ Գերմանիայում


Տեսարան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինից
Տեսարան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինից
Շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Լուրը ընդհանուր առմամբ ինտերնետում, օնլայն պլատֆորմում գերմանացիների ցուցաբերած նախաձեռնությունների մասին է: Նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ժամանակի թերեւս մեծ մասը հատկացում է եվրոյի գոտու ճգնաժամը լուծելու վրա, բայց շատ քաղաքացիներ ավելի հրատապ են համարում, օրինակ, բնապահպանական, կենդանիների պաշտպանության, թեթեւ թմրանյութերի օգտագործումը թույլատրելու, մահմեդականությունը քննադատող քննակումներ կազմակերպելու, ինչպես նաեւ պատմական իրադարձությունները վերանայելու հարցերը:

Այս տարաբնույթ խնդիրների օնլայն քվեարկություններում, հարցումներում ամենաշատ աջակիցները ունի հայկական հարցը, ընդգծում է Reuters-ը: Մոտավորապես 157 հազար գերմանացիներ ասել են, թե ցանկանում են, որ Գերմանիան օրենք ընդունի, որը անօրինական կհամարի Հայոց ցեղասպանության ժխտումը, գրեթե մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հերքումները համարվեն անօրինական:

Այսպիսի շարժումը, որը Ֆրանսիան արդեն փորձել է, շատ վատ կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, որը Գերմանիայի առանցքային առեւտրական գործընկերն է, նշում է Reuters-ը։

Գործակալությունը հուլիսի 4-ով թվագրված հաղորդագրությունում հայտնում է նաեւ, որ այս շաբաթվա ընթացքում հարցման որոշ մասնակիցների հետ քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է այս առաջարկը:

Օնլայն հարցումը կառավարության նախաձեռնությունն է` «Երկխոսություն ապագայի շուրջ», որի նպատակն է տեսնել, թե սովորական գերմանացիները ինչ են մտածում, ինչպես կարելի է բարելավել կյանքը Գերմանիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG