Մատչելիության հղումներ

«Մեծն Տիգրան» գունդը հավաքագրում է կամավորների


1990 թվականին հիմնադրված «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորականների է հավաքագրում, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն ծառայել առաջին գծում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, ով նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է, կամավորականների հավաքագրումը սկսվել է այս ամսվա սկզբին, երբ մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմը խախտում էր հրադադարի ռեժիմը, կրակոցներ էր արձակում Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա, ինչի հետեւանքով, հիշեցնենք, զինծառայողների շրջանում եղան զոհեր եւ վիրավորներ:

«Եթե հակառակորդը կրակում է իմ մանկապարտեզի վրա, ապա ես պետք է այնպիսի պայմաններ ստեղծեմ, որ նա այլեւս չկարողանա կրակել, որպեսզի նրա դիպուկահարները չհասնեն դրան: Այսինքն` ես պետք է առաջ տամ իմ սահմանը», - ասաց նա` շարունակելով. - «Հետագայում եթե նա հեռահար զենքից` 30 կիլոմետրանոց, փորձի գնդակոծել իմ մանկապարտեզը, ապա ես այն ժամանակ էլ լուծումներ կգտնեմ»:

Սմբատ Այվազյանը փոխանցեց, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին բաց նամակ է գրել` խնդրելով Հայաստանի սահմանային գոտիներում հատկացնել տեղաբաշխման համապատասխան տարածքներ եւ անհրաժեշտ հրահանգներ տալ այդ տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների հետ ներդաշնակ համագործակցության համար: Պաշտպանության նախարարությունը, ըստ Այվազյանի, առաջիկայում հանդիպում է հրավիրել այս թեման քննարկելու համար:

«Ես կարծում եմ, մոտ օրերս այդ կարգի հանդիպումներ կլինեն, որոնց ընթացքում մենք կփորձենք պարզաբանել մեր տեսակետը, կփորձենք լսել, թե Պաշտպանության նախարարությունը ընդհանրապես ինչ է ուզում», - նշեց Այվազյանը:

1990 թվականին Վազգեն Սարգսյանի հրամանատարության ներքո ստեղծված այս գունդը բաղկացած է եղել 40 կամավորական ջոկատներից: Հարցին, թե ինչ վիճակ է հիմա եւ ինչու որոշեցին թարմացնել գնդի կազմը, հրամանատարը պատասպանեց. - «Մենք երբ որ փորձեցինք ճշտել մեր շարքերը ինչպիսին են, տեսանք, որ պատերազմից հետո 50-ից ավելի մահացածներ ունենք, շուրջ 4-5 հարյուր հոգի բացակայում են Հայաստանի Հանրապետությունից: Եվ մենք որոշեցինք հայտարարել կամավորների, ցանկանում եմ շեշտել` կամավորների հավաք: Այդ պրոցեսը սկսված է, բազմաթիվ մարդիկ դիմում են, գալիս են: Մենք ժամանակավորապես ընդունում ենք նրանց` երեք ամսվա փորձաշրջանով: Մենք կուսումնասիրենք, կտեսնենք, նա կծանոթանա մեր կազմակերպության, մեր տղաների հետ: Եթե հարմար լինի, մենք նրան կընդունենք մեր շարքերը»:

«Սա չի նշանակում, որ այդ տղաները, ովքեր հավաքագրվում են, պետք է պատերազմ գնան: Ընդհանրապես սա չի նշանակում, որ մենք պետք է պատերազմ գնանք», -հավելեց Այվազյանը` շարունակելով. - «Պետք է պատրաստվել: Մեր նախկին ազատամարտիկները կան, հիմա նոր մարդիկ են գալիս, ավելի շատ երիտասարդներ են գալիս»:

Հարցին, թե արդյոք գունդը կապ ունի Երկրապահ կամավորականների միության հետ, Սմբատ Այվազյանն արձագանքեց. - «Մենք առանձին… աշխարհազորային կամավոր տղաներ ենք: Մենք միշտ գործել ենք Վազգեն Սարգսյանի հրամանատարության ներքո: Նրան ընդունում ենք որպես Սպարապետ»:

Ենթադրությանը, թե գուցե Վազգեն Սարգսյանի եղբայրը ուզում է շարունակել նրա գործը, Այվազյանը արձագանքեց. - «Ես խնդրում եմ, սրա մեջ որեւէ քաղաքական բան չհետապնդել»:

Սմբատ Այվազյանը չհամաձայնեց, որ իրենց այս նախաձեռնությունը որեւէ կապ կարող է ունենալ «Հանրապետություն» կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի հետ. - «Ես հայտարարում եմ` այս գործունեության մեջ որեւէ քաղաքականություն չկա»:

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի արձագանքում «Մեծն Տիգրան» աշխարհազորային խմբի նախաձեռնությանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG