Մատչելիության հղումներ

Թեղուտի ակտիվիստները իրազեկում են վանաձորցիներին


Թեղուտի անտառը
Թեղուտի անտառը
Վանաձորում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների հանդիպման նպատակը հանքի շահագործման հետեւանքների մասին մարդկանց իրազեկելն էր:

Սոցիոլոգ Էվելինա Գյուլխանդանյանը կարծում է, որ Թեղուտում մարդիկ լիարժեքորեն տեղեկացված չեն, թե ինչպիսի վտանգ է սպառնում շրջակա միջավայրին եւ տեղի բնակիչներին:

«Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ մարդկանց խաբել են: Իրենք նաեւ վախենում են բացահայտ կերպով ընդդիմանալ, որովհետեւ իրենք այնտեղ մեկուսացված են, եւ իրենց ամբողջ ճշմարտությունը չի ասվում: Բայց քանի որ ինֆորմացիան այսպես թե այնպես թափանցում եւ տեղ է հասնում, իրենք սկսում են հասկանալ, թե ինչ վնասներ, վտանգներ կան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սոցիոլոգը` վստահություն հայտնելով, որ շատ շուտով նախաձեռնության շարքերը կհամալրեն նաեւ թեղուտցիները:

Նախաձեռնության մեկ այլ անդամ` իրավաբան Արթուր Գրիգորյանը պնդում է, որ խախտվում են բնակիչների իրավունքները, քանի որ Թեղուտը «հանրային սեփականություն է եւ ազգային արժեք»: Նրա կարծիքով, հարկավոր է ոչ թե հանքը շահագործել մի քանի տասնյակ տարի ու վերջնականապես կորցնել այդ տարածքը, այլ` այդտեղ զարգացնել տնտեսական գործունեության հեռանկարային ուղղություններ:

«Վալլեքս» խմբի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը լիարժեքորեն համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, եւ որեւէ անձի որեւէ իրավունք ծրագրի շրջանակներում չի խախտվել:

Ինչ վերաբերում է ակտիվիստներին անհանգստացնող անտառահատումերին, ապա ընկերության ներկայացուցիչն ասաց, որ հատումների իսկապես կատարվել եւ կատարվում են, սակայն ընկերությունը պարտավորվել է անտառապատել կրկնակի ավելի տարածք:

Թեղուտում, հիշեցնենք, «Վալլեքս» խմբի մեջ մտնող Armenian Copper Programm ընկերությանը ՀՀ կառավարությունը 25 տարվա շահագործման արտոնագիր է շնորհել` պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG