Մատչելիության հղումներ

Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիան


Թեղուտի անտառը:
Թեղուտի անտառը:

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը տեղեկացրեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Սոնա Այվազյանը, քննելով Հայաստանի երեք հասարակական կազմակերպությունների դիմումը Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի` Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու վերաբերյալ, եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիան:

Դիմումը, հիշեցնենք, ներկայացրել էին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական անսամբլեա» հասարակական կազմակերպությունները:

Կոմիտեի եզրակացության համաձայն` ՀՀ օրենսդրության եւ պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` հանրության մասնակցության առնչությամբ, ինչպես նաեւ` Կոնվենցայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները` հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունը:

«Նրանք ճանաչեցին այն փաստը, որ հասարակությունը թեեւ իրազեկվել է հանքավայրի շահագործման վերաբերյալ, սակայն շատ ուշ` որոշումների ընդունումից բավականին ուշ, եւ հասարակությունը էական փոփոխություն չէր կարող մտցնել այդ ծրագրերի կամ որոշման մեջ», - պարզաբանեց Սոնա Այվազյանը:

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե ներկայացրած դիմումի հիմքում Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն է, որով ՀՀ Կառավարությունը 25 տարվա շահագործման արտոնագիր է շնորհել «Վալեքս գրուպ» ընկերությանը` Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերի հարեւանությամբ հայտնաբերված պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար:

Կոմիտեն նաեւ հանձնարարականներ է տվել Հայաստանի Հանրապետությանը` «խորհուրդ» է տվել ձեռնարկել օրենսդրական, կարգավորիչ եւ վարչական անհրաժեշտ միջոցներ` կատարելու գործնական քայլեր Կոնվենցիայի կիրարկումը բարելավելու նպատակով:

Այս նախնական եզրակացությունը վերջնականապես կհաստատվի դեկտեմբերին: Իսկ 2011 թվականի հունիսին որոշումը կդրվի Օրհուսի կոնվենցիայի բարձրագույն մարմնի` Կողմերի հանդիպման հաստատմանը եւ կստանա իրավական ուժ:

«Միգուցե առաջարկությունների մասով ինչ-որ բան ավելացվի կամ վերաձեւակերպվի, բայց փաստերի, շարադրանքի մեջ կամ եզրակացության մեջ, որ խախտում է եղել, չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն կլինի», - նշեց Սոնա Այվազյանը:

Կոնվենցիայի մի շարք դրույթներ խախտելով` Հայաստանը փաստորեն խախտում է միջազգային պայմանագիր, ինչը նշանակում է, որ այդկերպ խախտվում է նաեւ մեր օրենսդրությունը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Օրհուսի համապատասխանության կոմիտե դիմած կազմակերպությունների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դա պետք է մեր դատարանների քննության առարկա դառնար, բայց քանի որ մեր դատարանները խուսափեցին այդ պատասխանը տալուց, մենք այդ պատասխանը ստացանք այդ կոմիտեից», - նշեց Ալումյանը:

Հիշեցնեմ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» կազմակերպությունները Օրհուսի Կոնվենցիայի խախտումները շուրջ երկու տարի վիճարկում են ներպետական ատյաններում: Վարչական դատարանը նախ մերժեց հայցադիմումի ընդունումը`գտնելով որ «հայցը հարուցված է ակնհայտորեն այդպիսի իրավունք չունեցող անձի», տվյալ դեպքում` հասարակական կազմակերպության կողմից: Վճռաբեկ դատարանի վճռով, սակայն, հայցը վերադարձվեց Վարչական դատարան, որն ընդունեց այն վարույթ, սակայն արագացված կարգով քննելով հայցը մերժեց այն` դարձյալ նույն պատճառաբանությամբ: Վարչական դատարանի` հայցը մերժելու վճռի դեմ Վճռաբեկ դատարան բերված բողոքը այս տարվա մայիսից ընդունվեց վարույթ, սակայն առ այսօր որոշում չի կայացվել:

Հայցվոր կողմի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը այսօր ասաց, թե մեր դատարանները մինչեւ օրս սպասել են համապատասխանության կոմիտեի եզրակացությանը եւ այս եզրակացությունից հետո արդեն չեն կարող հարցը չքննել կամ հակառակ եզրակացության հանգել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG