Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Որեւիցե քաղաքական ենթատեքստ չկա»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվային լուսանկար
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվային լուսանկար
«Ես բացառում են քաղաքական որեւէ ենթատեքստ», - երեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով Վարդան Օսկանյանի նախօրեին արած հայտարարությունը։

Երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում տեղեկացնելով, որ իրեն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն` որպես վկա ցուցմունքներ տալու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, եւ որ գործն առնչվում է իրեն եւ իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ հարուցված քրեական գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»։

«Ես բացառում են քաղաքական որեւէ ենթատեքստ այս առումով, եւ որեւիցե մեկին մեղադրանք չի ներկայացվել։ Ընդհանրապես, խոսքը գնում է նրա մասին, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ։ Եվ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ, որպեսզի, եթե կան տեղեկատվություններ, որոնք անհրաժեշտ է ստուգել, որպեսզի ստուգենք եւ վստահ լինենք, որ որեւիցե ռիսկեր այդտեղ չկան։ Եվ որեւիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը։

«Մեկ այլ երեւույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երեւույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», - ընդգծեց վարչապետը` ամփոփելով. - «Ուզում եմ հավաստիացնել, որ որեւիցե քաղաքական ենթատեքստ չկա»։

Վարչապետին հարց ուղղեցինք, թե ինչ ակնկալիք ունի խորհրդարանում սպասվող կառավարության ծրագրի քվեարկությունից: Կառավարության գործունեության հիմնադրույթները, հիշեցնեն, վարչապետն արդեն քննարկել է Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հետ` բացի Հայ ազգային կոնգրեսից: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասը` «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, դժգոհություն են հնչեցրել Տիգրան Սարգսյանի կառավարությունից` ասելով, թե անցած 5 տարիների ընթացքում տրված խոստումները չեն կատարվել, ավելին` աճել է աղքատությունն ու արտագաղթը:

«Համաձայն չեմ ձեր գնահատականների հետ, որովհետեւ ես ղեկավարվում եմ այլ գնահատականներով», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Որովհետեւ կան բազմաթիվ այլ կուսակցություններ, այլ մարդիկ, որոնք տալիս են օբյեկտիվ գնահատականներ: Դուք մեջբերում եք ընդդիմության գնահատականները: Մենք հարգում ենք ընդդիմության տեսակետը, բայց սխալ է առաջնորդվել միայն ընդդիմության տեսակետներով: Կան բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, առաջընթացներ: Իհարկե, կան բացթողումներ, պրոբլեմներ: Հիմա դուք կենտրոնանում եք բացթողումների վրա, մենք կենտրոնանում ենք այն կատարված աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրը առաջ տանելու… Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ով ինչ է ուզում տեսնել: Հիմա դուք մշտապես կենտրոնանում եք բացասական երեւույթների, բացթողումների վրա, բայց եթե փորձեք մի քիչ օբյեկտիվ լինել, ապա կտեսնեք նաեւ կատարված ահռելի մեծ ծավալի աշխատանք: Իսկ համար մեկ կարեւորագույն աշխատանքը կայանում էր նրանում, որ մենք կարողացանք մեր երկիրը կառավարել առանց ցնցումների շատ բարդ, ճգնաժամային պայմաններում»:

«Պետք է ցանկություն ունենալ, որ դա նկատել: Կարելի է, իհարկե, պահանջել, որ տասնապատիկ ավելին լինեն արդյունքները, որ կենսամակարդակը տասը անգամ ավելի բարձր լինի, քան այսօր: Հասկանալի են այդ ձգտումները եւ միտումները, բայց կախված է նրանից, թե ով է գնահատական տալիս եւ ինչ նպատակով: Դրա համար մենք հանգիստ ենք վերաբերվում ձեր գնահատականներին, ձեր մոտեցումներին: Հարգանքով ենք վերաբերվում, բայց միեւնույն ժամանակ մեր բնակչությանը տեղյակ ենք պահում, որ դա ընդամենը, ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքերը, մեր ազգաբնակչության փոքրամասնության կարծիքն է: Իսկ մեծամասնությունը վստահում է մեզ: Դրա համար էլ մեզ վստահության քվե են տվել, մենք էլ ձեւավորում ենք նոր կառավարություն», - եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Կոմիտասի անվան պանթեոնում: Իշխանական վերնախավը` այսօր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հարգանքի տուրք էր մատուցում պետական գործչի հիշատակին:
XS
SM
MD
LG