Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը եւ ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտում են փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունները


Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Հայաստանում «անհատների եւ խմբերի նկատմամբ վերջին բռնությունների եւ անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման եւ գենդերային ինքնության վրա»:

Նշենք, որ այս հայտարարության համար հիմք է հանդիսացել վերջերս Երեւանի կենտրոնում գտնվող DIY բարի պայթեցումը (ըստ շրջանառվող վարկածների` DIY-ը պայթեցրել են այն պատճառով, որ բարը համարվում է միասեռականների հավաքատեղի), ինչպես նաեւ մայիսի 21-ին Երեւանում Մշակութային բազմազանության երթի ժամանակ ազգայնական երիտասարդների կողմից երթի խոչընդոտումը:

«Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, եւ հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության եւ անհանդուրժողականության խթանման գործիք», - ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ եւ խորապես հետաքննելով, եւ ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը»:

Հինգշաբթի օրը հայտարարություն էր տարածել նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը` կոչ անելով Հայաստանի պաշտոնյաներին «զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների եւ Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG