Մատչելիության հղումներ

Ծոմակ. «Իրենք խմբով են ուժեղ»


Մայիսի 8-ի վաղ առավոտյան պայթեցված DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան (Ծոմակ) մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ ակումբը պայթեցնելը իր նկատմամբ սպառնալիքներ են հնչել նույն մարդկանց կողմից:

«Երբ իրենք փսխել էին ակումբի դիմաց, ու ես տեսել էի դա, ես չկարողացա իրենց ապացուցել: Խոսում էի Համբիկի հետ, նա միանգամից զանգահարեց եւ կանչեց մի քանի հոգու իրենց խմբից, այդ թվում՝ եղբորը՝ Արամեին: Իրենք խմբով են ուժեղ, որովհետեւ երբ միայնակ իր հետ խոսում էի, ինքը չէր կարողանում պատասխանել», - ասաց Արմինե Օգանեղովան:

Ակումբը պայթեցնելու մեջ մեղադրվող երեք քաղաքացիներից երկուսին՝ Համբիկին եւ Արամեին ոստիկանությունը ձերբակալել էր, սակայն նրանցից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել, մյուսը՝ գրավի դիմաց, երրորդի անունը հայտնի է, բայց նա դեռ չի ձերբակալվել:

Արմինեն նաեւ հայտարարեց, որ ձերբակալվածներից մեկի համար գրավը վճարել են ՀՅԴ կուսակցության անդամներ Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը: Ավելի ուշ Արծվիկ Մինասյանը հաստատել էր այդ տեղեկատվությունը:

«Ես իսկապես շատ վախենում եմ, ու միայն իմ մասին չէ խոսքը, այլ նաեւ իմ ընկերների: Նրանք իրենց կոչում են «սեւ ագռավներ»՝ ունեն այդպիսի բաճկոններ, վերնաշապիկներ, մենք տեսանյութեր եւ լուսանկարներ ունենք, որտեղ նրանք այդ հագուստներով են», - նշեց Արմինեն:

DIY ակումբը գտնվում է բնակելի շենքի նկուղային մասում, դրա մոտակայքում գտնվող տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է գիշերը մի երիտասարդ շիշ նետում ակումբի պատուհանից ներս, որից հետո պայթյուն է տեղի ունենում:

«Իրենք վստահ են եղել, որ տեսախցիկ չի լինի: Իրենց թվացել է, թե տեսախցիկը մյուս կողմում է: Տեսանյութի մեջ երեւում է, որ երկու հոգի մոտենում են, ձեռքով իջեցնում են տեսախցիկը, բայց դա իրականը չէր, իրական տեսախցիկը այլ տեղում էր գտնվում», - պատմեց Արմինեն:

Ըստ շրջանառվող վարկածների` DIY-ը պայթեցրել են այն պատճառով, որ ակումբի տնօրենը միասեռական է եւ իբր այն միասեռականների հավաքատեղի է:

Իրավաբան Լուսինե Մինասյանը նշեց, որ կատարված արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է`ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս պատճառելը առանձնապես խոշոր չափերով: Սակայն, նրա խոսքով, տվյալ հանցանքը ուղղված է եղել ոչ թե գույքը ոչնչացնելուն, այլ կոնկրետ Արմինե Օգանեզովայի անձի դեմ:

Ըստ իրավաբանի, մեր օրենսդրության մեջ չկա անգլերեն “hate crime”, այն է` ատելության հողի վրա կատարված հանցագործություն, որը կարող էր ծանրացնող հանգամանք հանդիսանալ տվյալ հանցագործության դեպքում: Հավելենք, որ դատական նիստը նշանակվել է երկու ամիս հետո:


please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG