Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կարծում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի լինի


«Բարգավաճ Հայաստան»-ը մտնի, թե չմտնի կոալիցիա` ընդդիմություն չի դառնա», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով` ընդդիմադիր քաղական ուժ լինելու ռիսկերը չափազանց մեծ են. նախ, ընդդիմություն դառնալու որոշումը ներկուսակցական դժգոհություններ կառաջացնի ԲՀԿ-ում, բացի այդ` կհանգեցնի ընտրազանգվածի կորստի: Իսկ դրանից հետո, Սաֆարյանի կարծիքով, կուսակցության հետ կկատարվի այն, ինչ կատարվեց 2006-ին «Օրինաց երկիր»-ի հետ, երբ վերջինս լքեց կոալիցիան:

Նշելով, որ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նաեւ խոշոր գործարար է` Ստյոպա Սաֆարյանն ասաց. - «Չեմ պատկերացնում, որ Հայաստանի նման երկրում խոշոր կապիտալը կարող է հեռանալ իշխանությունից եւ պաշտպանված լինել այն չափով, ինչ չափով պաշտպանված է իշխանության մեջ լինելու պարագայում: Հայաստանում կա Սուքիասյանների բիզնեսի օրինակը: Այնպես որ, գրեթե վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող լինել ընդդիմադիր դաշտում»:

Նա չի բացառում, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու որոշումը անմիջական կապ ունի 2013-ի նախագահական ընտրությունների հետ. - «Չեմ բացառում, որ ԲՀԿ-ի ներկայիս այսպես ասեմ` ազատ կարգավիճակը տա նրան հնարավորություն ունենալու մի թեկնածու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, որը, օրինակ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դուրս կգա որպես մրցակից իշխանության թեկնածուին: Բայց որը, ըստ էության, իշխանության թեկնածուի դրածոն է, այսինքն` Սերժ Սարգսյանի դրածոն է»:

Առաջիկա օրերին` «Ժառանություն» կուսակցության վարչության նիստում կորոշվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստին իրենց մասնակցել-չմասնակցելու հարցը:

Խորհրդարանական խմբակցության կազմը կորոշվի «Ժառանգության» հունիսի 2-ին կայանալիք համագումարում: Անձամբ Սաֆարյանը «անարդյունավետ քայլ» է համարում մանդատներից հրաժարվելը:

«Մանդատ կարելի է ամեն օր, ամեն պահ վերցնել: Այնպես որ, դա որեւէ կերպ չի ազդում «Ժառանգություն» կուսակցության օրակարգի ինքնուրույնության վրա», - հավելեց նա:

Սաֆարյանը հայտարարեց, որ իրեն նոր գումարմար խորհրդարանում չի տեսնում, բայց կուսակցությունից դուրս գալ չի պատրաստվում:

Նախորդ գումարման Ազգային ժողովում, հիշեցնենք, Սաֆարյանը «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով, կուսակցության համամասնական ցուցակում նրա զբաղեցրած տեղը անցողիկ չեղավ:
XS
SM
MD
LG