Մատչելիության հղումներ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կվնասի տարածքի կենսաբազմազանությանը


Մասնագետները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի տարածքի կենսաբազմազանությանը։

«Այնտեղ բնակվում է տափաստանային բազեն, որը միջազգային Կարմիր գրքում է գրանցված: Աճում է 38 տեսակի բույս, որոնցից 26-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, 5 անողնաշար եւ 34 ողնաշարավոր կենդանիների տեսակներ են հայտնաբերված, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում», - մեզ հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

Տարածքում աճում են նաեւ Հայաստանի էնդեմիկ 14 բուսատեսակ:

Կարեն Մանվելյանը նշեց, որ առաջարկում են հանքի շահագործման փոխարեն ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկ: Այդ նպատակով ուսումնասիրություն է անցկացվել, որը ներկայացնելու են Բնապահպանության նախարարությանը:

Ըստ մասնագետների հանքի շահագործումը կվնասի նաեւ մոտակա բնակավայրերին` Սարավան գյուղին եւ Ջերմուկ քաղաքին, որը ուղիղ շառավղով 12 կմ հեռավորության վրա է գտնվում:

Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Գեոթիմ» ընկերության պատվերով տեղանքում ուսումնասիրություն կատարած Ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոնի կենդանաբան Կարեն Աղաբաբյանը նշում է, որ կատարել են կենդանական աշխարհի որոշ խմբերի ուսումնասիրություն՝ թռչունների, ցերեկային թիթեռների, ճպուռների, որոշակի բզեզների խմբերի եւ գիշերային թիթեռների տեսակների, որոնցից, իրենց եզրակացությամբ, ընդամենը մի քանիսն են գրանցված Հայաստանի կարմիր գրքում:

Հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող բնապահպանները, սակայն, հայտարարում են, որ ընկերության կողմից բնապահպանության նախարարությանը ներկայացվել է հանքի շահագործման երկու նախագիծ, որոնցից մեկում ռիսկերը ներկայացված չեն:

«Ընկերությունը հայտարարել է, որ նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն, սակայն ոչ մի հասարակական լսում չի անցել այդ նախագիծը: Նախարարը հայտարարեց, որ այդպիսի դրական եզրակացություն չկա: Այդպես էլ չհասկացանք», - մեզ հետ զրույցում պատմեց «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
XS
SM
MD
LG