Մատչելիության հղումներ

Ընտրությունները «համապետական վիհ առաջացրին»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր տարածել է հայտարարություն, որում նշված է. - «Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբեւէ»:

«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է հունիսի 2-ին համագումար հրավիրել:

Դեռեւս պարզ չէ, թե «Ժառանգություն»-ը` իր 5 մանդատներով (նախորդ գումարման խորհրդարանում ունեցած 7 մանդատների փոխարեն), ինչ քաղաքական մոտեցումներ է ցուցաբերելու, որ ուժերի հետ է համագործակցելու: Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե կուսակցություն ներսում բուռն քննարկման առարկա է մանդատներից հրաժարվելու հարցը:

«Ոչինչ չի բացառվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` շարունակելով. - «Հունիսի 2-ին վերջնական պատասխանները կտրվեն: Մենք փորձում են գտնել այն մոդելը, որով հնարավոր կլինի հաղթահարել ներկայիս վիճակը: Ես նկատի ունեմ համապետական այս խայտառակ վիճակը, որն այսօր առկա է այս կեղծված եւ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո»:

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում տեղ զբաղեցրածներից 2-ն են նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ` Զարուհի Փոստանջյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հնգյակում են նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ից Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Հարցին, թե մանդատների բաշխման հարցը արդյոք ներկուսակցական խմորումների տեղիք չի տվել, Խուրշուդյանն արձագանքեց. - «Տարբեր որոշումների շուրջ կան տարբեր կարծիքներ, եւ կան նաեւ անհամաձայնություններ: Բայց հենց ժողովրդավարական գործընթացը նրանում է կայանում, որ վերջնական որոշումը կայացնելուց հետո այդ բոլոր տեսակետները արդեն տեղավորվում են վերջնական եւ մեծամասնության կողմից ընդունված որոշման մեջ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ի դեպ, այսօր հայտարարել է, որ մայիսի 6-ի ընտրությունները «չարձանագրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրական կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում»:

Կուսակցությունը հայտարարում է, որ «չի նահանջում» եւ «շարունակելու է պայքարը հանուն նոր Հայաստանի»:

«Եվս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, եւ եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը եւ օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաեւ հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի», -իր տարածած հայտարարության մեջ պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովսեփ Խուրշուդյանը այս կապակցությամբ ասաց. - «Մայիսի 7-ից ի վեր տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է դիտարկել հաջորդ նախագահական ընտրությունների համատեքստում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնենք, ՀՀ քաղաքացիություն է ստացել 2001 թվականին, ուստի կարող է առաջադրել իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG