Մատչելիության հղումներ

Դրամի փոխարժեքը անկում է արձանագրում «ընտրությունների պատճառով»


Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը անկում է արձանագրել` ընդհուպ մոտենալով 1 դոլարի դիմաց 400 դրամի հոգեբանական սահմանին:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը աստիճանական անկում է արձանագրում։

Այսօր Հայաստանի մի շարք առեւտրային բանկերում 1 դոլարն արդեն վաճառվում է 399 դրամով, առքը տատանվում է 394-ից 396-ի սահմաններում:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դա բացատրում է 2 գործոններով: Առաջինը Հայաստանի արտաքին պահուստների նվազումն է եւ արտարժույթի «փախուստը» երկրից: Երկրորդ գործոնն Ասատրյանը կապում է անցած խորհրդարանական ընտրությունների հետ:

«Տարեսկզբից նկատելի էր արտարժույթի արտահոսք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԿԲ-ի նախկին նախագահը` հավելելով. - «Կարծում եմ` փախուստն է սա` ներքաղաքական առկա զարգացումների ներքո»:

«Տնտեսությունը համաչափորեն` ըստ հրապարակված ցուցանիշների, զարգանում է: Եռամսյակը ամփոփել են. ավելի քան 6 տոկոս տնտեսական ակտիվություն: Արտաքին առեւտուր, վճարային հաշվեկշիռ` այստեղ էլ դրական տեղաշարժեր կան», - ասաց նա` հավելելով, որ ավելին` գրանցվել է նաեւ մասնավոր տրանսֆերտների աճ, ինչը տրամաբանորեն պետք է նպաստեր դոլարի անկմանը, մինչդեռ հակառակն է տեղի ունեցել:

Անդրադառնալով երկրորդ` ընտրություններին առնչվող գործոնին` Բագրատ Ասատրյանը ասաց, թե ընտրաշրջանում շրջանառության մեջ նետված դրամի հսկայական զանգվածն «ուղղակի հարված էր պետությանը». - «Միջին օրական աճի տեմպը կանխիկի, ըստ պաշտոնական վիճակագրության, գերազանցում է նախորդ տարիների ընթացքում ամսական աճի տեմպերը: Դրա մասը, այսպես կոչված` վարձատրությունն է»:

Այդ վարձատրությունը, նրա խոսքով, առավելապես ուղղվել է ընտրական գործընթացներում ներգրավված հազարավոր մարդկանց. - «Շուրջ 100 հազար մարդ, որ ամսական աշխատավարձ են ստանում, պարզ է` չձեւակերպված: Եվ, իհարկե` ռեալ ընտրակաշառքը: Ըստ այս ցուցանիշների` մայիսի առաջին օրերին շրջանառության մեջ ավելացել է շուրջ 50 միլիարդ դրամ կանխիկ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Կենտրոնական բանկից ստացվեց հետեւյալ պարզաբանումը. - «Հայաստանը որդեգրել է փոխարժեքի լողացող ռեժիմ, որը ենթադրում է շուկայական տարբեր գործոնների ազդեցության ներքո արտարժույթի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի փոփոխություններ, որոնք էլ հանգեցնում են դրամի փոխարժեքի կարճաժամկետ տատանումների ինչպես արժեզրկման, այնպես էլ արժեքավորման ուղղությամբ»:

Տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատում է, որ թեեւ արժույթի միջազգային շուկայում դոլարը այլ արժույթների, մասնավորապես եվրոյի նկատմամբ նույնպես աճ է գրանցել, սակայն, Հայաստանի պարագայում գործ ունենք փոքր-ինչ յուրահատուկ դրության հետ:

«Դոլարի գինը բարձրանում է, երբ դոլարի դեֆիցիտ է նկատվում, կամ դրամի ավելցուկ», - նշում է Թունյանը։ - «Մեզ մոտ դրամն է արժեզրկվում, որը միջազգային զարգացումների հետ կապելը այնքան էլ ճիշտ չէ։ Ինչո՞վ է պայմանավորված․ եթե նայում ենք օբյեկտիվ գործոններին՝ ասենք արտարժույթի ներհոսքի ծավալներին, ապա դրանք չեն նվազել»։

Այս պարագայում միակ տրամաբանական բացատրությունը, ըստ վերլուծաբանի, տեղի ունեցած ընտրություններն են, եւ դրանց ընթացքում արձանագրված ֆինանսական շարժերը։

Թունյանը պարզաբանում է․ - «Անգամ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տվել, որ ապրիլի ընթացքում՝ նախընտրական ժամանակահատվածում, Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը մոտ 35 միլիարդ դրամով աճել է։ Այսինքն հայկական դրամ է ավել լցվել շուկա եւ հիմա այդ դրամը ճնշում է գործադրում, ինչը կարող է բերել դոլարի փոխարժեքի աճին»։

Նշենք, որ անցած շաբաթվա ընթացում Կենտրոնական բանկը Հայաստանի ֆինանսական շուկայում վաճառել է 6,5 միլիոն դոլար: Բակեն Թունյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյոք նման ներխուժումները կշարունակվեն, եւ որքանով դա կզսպի դոլարի հանդեպ դրամի հետագա անկումը, սակայն, ինքնին, դրամի անկումը, ըստ փորձագետի, այնքան էլ բացասական երեւույթ չէ։

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG