Մատչելիության հղումներ

Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ ԲՀԿ-ի՝ տրակտորներ տրամադրելը ընտրակաշառք չէ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղը զբաղեցնող՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե ԲՀԿ-ի կողմից բնակչությանը տրակտորներ տրամադրելը ամենեւին չի կարող դիտվել իբրեւ ընտրակաշառք:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության՝ օրերս հրապարակած միջանկյալ զեկույցը, ի թիվս այլ դիտարկումների, նաեւ արձանագրել էր․ - «Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող բիզնեսի կողմից տարբեր շրջաններում տրակտորներ տրամադրելը փաստացի կուսակցության քարոզարշավի բաղադրիչ է»:

Հմայակ Հովհաննիսյանը հակադրում է՝ ԲՀԿ-ի՝ գյուղատնտեսության զարգացման ծրագրի հայեցակարգի կարեւոր մաս է կազմում մեքենատրակտորային կայուն բազայի ստեղծումը, ինչը տվյալ դեպքում գործնականորեն կյանքի է կոչվում ոչ թե մարդկանց կամ որեւէ կուսակցության համակիրների նեղ խմբի, այլ բոլորի համար՝ ի տարբերություն աջ ու ձախ շռայլվող խոստումների ու նվաստացուցիչ ընտրակաշառքների:

«Ընտրողներին կաշառելու փորձերի ֆոնի վրա՝ ահա, գտնվում է մի ուժ, որը գործնականում փորձում է ապացուցել, որ իր խոսքը գործ է։ Այսինքն, պլատֆորմում կա՝ անկախ նրանից, ընտրողները կընտրե՞ն «Բարգավաճ Հայաստանին», չե՞ն ընտրի, այդ մեքենատրակտորային կայանները արդեն հիմա ստեղծվում են», - նշեց ԲՀԿ ներկայացուցիչը։

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, մարդիկ հոգնել են դատարկ խոստումներից, սպառվել է հավատի պաշարը, նրանց կոնկրետ գործեր են անհրաժեշտ, քանի որ խոստումներով կերակրելը մեղք է:

«Ընտրությունից ընտրություն մարդկանց խաբել են։ Դուք տեսեք Հանրապետական կուսակցության ընտրական խոստումները՝ նոր ատոմակայան կկառուցենք, բյուջեն կկրկնապատկենք, աշխատավարձերը կավելացնենք, նավթամշակման գործարան կկառուցենք, երկաթգիծ կկառուցենք․․․ Սրանից մարդիկ հոգնել են։ Ասում են՝ ցույց տվեք գործով։ Եվ այդ մարդկանց ակնկալիքին ընդառաջ է գալիս Գագիկ Ծառուկյանը», - նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով․ - «Մեկ այլ կուսակցություն էլ ավանդների վերադարձման խոստում էր տալիս, եւ տեսանք, թե որքանով կատարեցին խոստումը»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցի՝ ԲՀԿ-ին առնչվող հիշյալ արձանագրմանը, ապա դրա կապակցությամբ Հմայակ Հովյաննիսյանն իր բացատրությունն ունի․ - «Զեկույցում ընդգրկված այդ դիտարկումը պայմանավորված է մի քանի քաղաքական ուժերի կողմից այս առիթով բարձրացված աղմուկով»։

Մեզ հետ զրույցում, Հմայակ Հովհաննիսյանը նաեւ առաջիկա ընտրությունների իր սեփական բնորոշումը ներկայացրեց: Ըստ նրա, ընտրությունների հիմնական ինտրիգը մրցակցությունն է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, եւ այս համատեքստում, բոլոր մասնակից կուսակցությունների կարեւոր նպատակներից մեկը պետք է լինի թույլ չտալը, որ որեւէ ուժ մենաշնորհ՝ այսինքն՝ 50+1 ի չափով ձայն ունենա խորհրդարանում:

please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG