Մատչելիության հղումներ

Բրյուսովում շարունակվում է ուսանողների բողոքը


Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները այսօր դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին հեռացնելու՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման դեմ։

Դասադուլավորները համարում են, որ նախարար Արմեն Աշոտյանի՝ օգոստոսի 17-ի այդ որոշումն ապօրինի է, եւ անցած շաբաթվա ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով Սուրեն Զոլյանին վերանշանակել ռեկտորի պաշտոնում:

Նախորդ բողոքի ակցիաների համեմատ, սակայն, այսօր ուսանողների թիվն ավելի քիչ էր։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանցից մեկը պարզաբանեց․ - «Մեզ մոտ մոդուլային շաբաթ է, ու մեր ակտիվիստների մեծամասնությունը երկրորդ կուրս է։ Իրենք հիմա միջանկյալներ ունեն, դրա համար այստեղ չեն»։

Ուսանողները նաեւ ասացին, որ երեկ Սուրեն Զոլյանն իրենց խնդրել է դասադուլ չանել։

Հիշեցնենք՝ Սուրեն Զոլյանը, նախարարի որոշումը անօրինական համարելով, հրաժարվում է վայր դնել ռեկտորի լիազորությունները, մինչդեռ երեկ Արմեն Աշոտյանի որոշմամբ բուհի նախկին պրոռեկտոր Գայանե Գասպարյանը նշանակվեց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Փաստացի այսօր բուհում կա երկու ռեկտոր։

Ուսանողների բողոքի ակցիայի վերաբերյալ Սուրեն Զոլյանից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց․ նրա օգնականներն ասացին, որ Զոլյանը հյուրեր ունի եւ չի կարող մեզ ընդունել:

Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, իր հերթին, ասաց․ - «Եթե մի քանի հոգի կան դասադուլ անող, դա արդեն ուսանողություն չի։ Մեր դասերը նորմալ հունով գնում են, բայց, համենայնդեպս, եթե ինչ-որ անհատներ կան, իրենց դասախոսները իրենց ներկա-բացական կանեն եւ ըստ այդմ իրենց․․․ ես չեմ համարում դա դասադուլ»։

Ուսանողները, մինչդեռ, այդ ընթացքում համալսարանի մոտ հավաքված վանկարկում էին՝ «դասադուլ»։ Դասախոսներից ոմանք փորձեցին նրանց ետ տանել լսարաններ, սակայն ուսանողները բողոքը շարունակեցին արդեն բուհի կենտրոնական մուտքի մոտ:

Ի վերջո, Սուրեն Զոլյանն իջավ ուսանողների մոտ եւ նորից խնդրեց դասադուլ չանել:

Վերջում հավելենք, որ կրթության եւ գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել '«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG