Մատչելիության հղումներ

Զոլյանը չի ենթարկվում Աշոտյանի հրամանին


Արմեն Աշոտյան, Սուրեն Զոլյան
Արմեն Աշոտյան, Սուրեն Զոլյան
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը անօրինական է համարում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը, որով դադարեցվել են նրա լիազորությունները եւ լուծվել է նրա աշխատանքային պայմանագիրը:

Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը, իսկ Սուրեն Զոլյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Նույն հաջողությամբ ես կարող եմ նման հրաման արձակել, ուղղակի ես լավ գիտեմ, որ դրա իրավունքը չունեմ: Աշոտյանն էլ գիտի, բայց ձեւացնում է, թե չգիտի: Ես չեմ ուզում խորանալ մնացած հարցերի մեջ: Ես հաստատված եմ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կառավարությունը լիազորել է նախարարությանը ընդամենը պայմանագիր կնքել: Ուրեմն պիտի առնվազն կառավարության որոշում լինի»:

Հիշեցնենք` օրեր առաջ Զոլյանն Աշոտյանի կողմից խիստ նկատողության եւ կարգապահական տույժի էր ենթարկվել` առանց նախարարի գիտության մարտի 19-ից 23-ը Հայաստանից բացակայելու համար: Ըստ Աշոտյանի` Զոլյանը խախտել էր «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, այն է` առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը այլ անձի հանձնարարելը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զոլյանն ասաց, որ ինքը սպասում է կառավարության որոշմանը եւ պատրաստվում է դիմել դատարան:

«Ես ունեմ հանձնարարական հայցադիմումով դիմել դատարան` այդ ակտը չեղյալ հայտարարելու մասին, առ ոչինչ ճանաչելու, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկելու այն մարդկանց, որոնք պախարակում են բուհի բարի համբավը: Գոյություն ունի ՊՈԱԿ-ների մասին օրենքը, որը Աշոտյանը շատ է հիշատակում, եւ որի 15-րդ կետը նշում է, որ ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտավոր է չկատարել վերադասի` օրենսդրությանը եւ Սահմանադրությանը հակասող հրամանները», - ասաց Զոլյանը:

Խիստ նկատողության արժանացած Զոլյանը ավելի վաղ ասել էր, որ ինքը Եվրախորհրդի փորձագետ է, եւ կառավարությունը չպետք է միջամտի իր գործունեությանը: Նա նաեւ հավելել էր, որ իր միակ սխալն այն է եղել, որ մինչեւ այժմ իր բացակայությունների համար ինքը դիմել էր նախարարին, որն ըստ իրեն` պարտավոր չէր անել:

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նախարար Աշոտյանը եւս անդրադարձել էր Զոլյանի այս եւ մի շարք այլ հայտարարություններին:

«Անձնական տեսակետից ցավում եմ, որ դոկտոր մարդը իջել է այն մակարդակին, որ սեփական ապիկարությունը իրավական առումով փորձում է քողարկել անձնական վիրավորանքներով: Իմ մոտեցումները գերատեսչական են», - ասել էր Աշոտյանը:

Աշխատանքից հեռացված Զոլյանը փոխանցեց, որ ինքը վաղը մեկնում է Գերմանիա կրթական գիտաժողովի մասնակցելու համար: Միջոցառմանը Զոլյանը ներկայանալու է նախ որպես փորձագետ, բայց մինչեւ այդ, ասաց «եղել եւ մնում է ռեկտոր մինչեւ չլինի օրինական որոշումը»:

Բուհի ռեկտորի պաշտոնը ընտրովի է: Անդրադառնալով «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին, որով խիստ նկատողության էր արժանացել Զոլյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախյանն ասաց, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքը «երկերեսանի օրենք է» եւ Աշոտյանին եւ Զոլյանին միմյանց վրա սուր ճոճելու իրավունք է տալիս:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG