Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց ՃՈ նոր հաշվառման-քննական բաժինը


Երկուշաբթի օրվանից Ճանապարհային ոստիկանության 3 ստորաբաժանումների փոխարեն գործում է մեկը` նոր, տեխնիկապես հագեցած, ժամանակակից համակարգերով եւ 1 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:

Թե ինչպես եւ ինչի վրա են ծախսվել պետության գումարները, այսօր անձամբ եկել էր տեսնելու եւ ստուգելու հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ում ուղեկցում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրանց հավաստիացրեցին, որ այժմ տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը եւ վարորդական վկայականների հատկացումը էապես դյուրացվել են եւ ավելի քիչ ժամանակ են պահանջում:

«Եթե նախկինում տրանսպորտային միջոցները գրանցում էին 1-2 ժամում, ապա ներկա պայմաններում տրանսպորտային միջոցների գրանցումը եւ հաշվառումը իրականցվելու է մինչեւ 35-40 րոպեում: Աստիճանաբար այդ գործընթացի տեւողությունը կնվազի` հասնելով 20 րոպեի», - հավաստիացրեց ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

Նախագահին նաեւ պատմեցին, թե որքան թափանցիկ է դարձել վարորդական իրավունքի քննության ընթացակարգը, կրճատվել են փաստաթղթային գործողությունները եւ այլն:

Կարեւոր բարեփոխումներից է համարվում այն, որ փոխվել է մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդային կարգը: Հիմա համարանիշները հատկացվելու են նախօրոք սահմանված գնի դիմաց: Հաշվառման ժամանակ սեփականատերն ինքը կընտրի ազատ համարանիշը, կգտնի տվյալների բազայում, կծանոթանա սահմանված գնին, համարանիշն էլ տեղում կպատրաստվի եւ կտրվի վարորդին: Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամենաթանկ համարանիշերի մասին:

«Հիմա կան համարանիշներ, որոնք կոնկրետ գներ ունեն: Օրինակ, ամենաթանկ համարանիշը մեզ մոտ արժի 5 միլիոն դրամ», - ասաց նա:

Համակարգից օգտված առաջին քաղաքացին այսօր իր մեքենայի հաշվառումը կատարեց ընդամենը 30 րոպեում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ տեղյակ չէր նախագահի այցի մասին:

«Երեկ եմ գնել ավտոմեքենան ավտոշուկայից, այսօր արդեն պետք է հաշվառման կանգնացնեի, եւ ընկա այսպիսի իրադարձության մեջ: Նախկինում առնչվել եմ, տեւում էր մոտ 2-3 ժամ, իսկ այսօր կես ժամ տեւեց», - ասաց վարորդը:

ՃՈ-ում հավաստիացնում են, որ բարեփոխումները զգալի են, փաստաթղթային քաշքշուկներն ու ժամանակը հասցված են մինիմումի, բացի այդ այստեղ կա նոր ավտոդրոմ, որտեղ էլ հենց կհանձնեն վարորդական իրավունք ստանալու գործնական քննությունը: Սակայն վարորդների իրավունքների պաշտպանն ասում է, այդուամենայնիվ, իրենք մի բարեփոխում եւս կցանկանային տեսնել. - «Մենք մի պրոբլեմ էլ ունենք, տեսուչը, որը քննություն հանձնող վարորդի կողքն է նստած, նրանից է կախված, թե ինչ թվանշան կդնի վարորդին», - ասում է Հովհաննիսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG