Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը մեծամասնականով թեկնածությունը չի առաջադրել Սերժ Սարգսյանի որոշմամբ


Ռուբեն Հայրապետյանն ասաց` հաշվի է առնվել իր զբաղվածությունը եւ պատգամավորական գործունեությունը դադարեցնելու ցանկությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը չառաջադրելը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը. Սերժ Սարգսյանը եւ Հանրապետականը հաշվի են առել իր զբաղվածությունը եւ պատգամավորական գործունեությունը դադարեցնելու իր ցանկությունը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայրապետյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ իր անունն ընդգրկվի Հանրապետականի համամասնական ցուցակում, ինքը «պատգամավոր չի լինելու», հրաժարվելու է:

«էլ ի՞նչ եք ուզում: Հրաժարվում եմ, չեմ լինելու, իրոք` պատգամավոր չեմ լինելու, ամբողջությամբ իմ ժամանակը տալու եմ ֆուտբոլին: Որովհետեւ իմ զբաղվածությունն այնպիսին է, որ իրոք ֆիզիկապես չէի կարողանում ԱԺ նիստերին մասնակցել: Նախագահն էլ տեսավ, որ ես իրոք չեմ կարողանում եւ որոշում կայացրեց, որ ավելի լավ կլինի ես մնամ ֆուտբոլում: Մանավանդ, որ ՀՀ նախագահն իմ առաջ խնդիր է դրել, որ պետք է պարտադիր աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարենք»,- հայտարարեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե մի՞թե նախկինում զբաղված չէր, ինչո՞ւ էր տարիներ շարունակ համատեղում երկու գործը եւ միայն հիմա որոշեց հեռանալ խորհրդարանից, Հայրապետյանը պատասխանեց. - «Իհարկե, զբաղված էի… ամեն արժեցող-չարժեցող շահարկում էր… ամեն տեղից դուրս եկող փորձում էր շահարկել, որ ես բացակայում եմ ԱԺ նիստերից: Հա՛մ ինձանից պահանջում էին, որ մեր ֆուտբոլն առաջ գնա, համ էլ… Երկուսն իրար հետ համատեղելի չէին, ժողովո՛ւրդ ջան»:

Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր է 2003 թվականից: 2003-ի եւ 2007-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից: Այժմ ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում մեծամասնական թեկնածու է առաջադրում ԵՊՄՀ դեկան Էդիկ Գեւորգյանին: Փորձեցինք Ռուբեն Հայրապետյանից նաեւ ճշտել` կօգտագործի՞ համայնքում իր բոլոր լծակներն ու հնարավորությունները Էդիկ Գեւորգյանի հաղթանակն ապահովելու համար: - «Իհարկե, կօգտագործեմ: Օգտագործելու եմ ոչ միայն այնտեղ, այլեւ Զեյթունում, Կենտրոնում, Իջեւանում, Տավուշում, Լոռիում… ամեն տեղ… ինչ հնարավորություն ունեմ` իմ կուսակցության համար անելու եմ», - պատասխանեց նա:

«Ընտրակեղծիքների՞ էլ եք պատրաստ հանուն ՀՀԿ հաղթնակի»` «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հայրապետյանը արձագանքեց. - «Աղջիկ ջան, ես ե՞րբ եմ կեղծել: Կեղծելը ձեզանից ա դուրս եկել: Ես նման բա՞ն եմ արել, որ ասում եք… Լավ ա` չեք ասում` ես էլ եմ կեղծիքներով ընտրվել մի քանի անգամ: Ընտրություններում, համենայնդեպս` իմ, ոչ մեկը չի կարող ասել, որ կեղծիք ա եղել: Մեր նախագահը հրահանգ է տրվել անել փայլուն ընտրություն եւ պետք ա մենք անենք ամեն ինչ, որ մեր երկրի ու ժողովրդի վրա որեւէ խոսակցություն չգա»:

Այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ իրեն պատգամավոր չառաջադրելու` ՀՀԿ-ի որոշման վրա ազդեցություն են ունեցել նաեւ իր պատգամավորական գործունեության հետ կապված որոշ դրվագներ, օրինակ` լրագրողներին հայհոյելը, Հայրապետյանը արձագանքեց. - «Ոչ, ես լրագրողներին չեմ հայհոյել: Գրիշա Բալասանյանը ինքը ցանկություն է ունեցել հայհոյանք լսելու` լսել է: Ես ինձ համար խոսում եմ, թող անջատեր` չլսեր: Ինքը ուշադիր որոշել է լսել, ես մեղավո՞ր եմ: Ավելի վատ բան էլ է արել` նաեւ հրապարակել է, չէ՞»:

Հիշեցնենք, լրագրող Գրիշա Բալասանյանը նույնիսկ դատի էր տվել Ռուբեն Հայրապետյանին` իրեն հեռախոսով հայհոյելու համար:

Իր հետագա գործունեության մասին Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ նոր բիզնեսներ է հիմնելու, քաղաքականությամբ կզբաղվի` երբ «ժամանակ ունենա»:

Թիվ 10 ընտրատարածքում «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, ընդդիմադիր Խաչատուր Սուքիասյանի առաջադրման մասին Հայրապետյանը ձեռնպահ մնաց կարծիք արտահայտել: Իսկ այն հարցին, թե Սուքիասյանների դեմ քաղաքական հետապնդումների շրջանում արդյո՞ք իրեն ստիպել էին ձեռք բերել Սուքիասյան ընտանիքի սեփականությունը հանդիսացած «Բջնի» հանքային ջրերի գործարանը, Հայրապետյանը այսպես պատասխանեց. - «Դեմքիս ուշադիր նայեք ու տեսեք` ես նմա՞ն եմ այն մարդուն, որին կարող են ընդհանրապես ստիպել: Փոքր հասակից վախս հանած է: Ոչ վախել գիտեմ, ոչ էլ ստիպող կարող է լինի: Ինձ կարող է միայն ստիպի իմ հայրիկը, էն էլ չի անում»:

Իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունների եւ հարաբերությունների վատացման մասին լուրերին էլ անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանը. - «Իմ ու Գագիկ Ծառուկյանի մեջ ընդհանրապես հակասություն չկա, հանգստացեք, ժողովուրդ ջան: Շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք»:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG