Մատչելիության հղումներ

«Արմավիայի» թռիչքները ժամանակավորապես արգելվել էին


Այսօր կեսգիշերից սկսած, փաստորեն, արգելվել էր Հայաստանի ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան` «Ռոսավիացիա» ընկերության մոտ կուտակված պարտքերի պատճառով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին «Ռոսավիացիայի»` Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունից, միայն անցած տարվա դեկտեմբեր ամսվա համար «Արմավիան» իրենց պարտք է 178 հազար ԱՄՆ դոլար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «Ռոսավիացիա» ընկերության մամուլի գծով պատասխանատու Դենիս Կիմը, մասնավորապես, ասաց. - «Պարտքի պատճառով աէրոնավիգացիոն սպասարկումը դադարեցվել է, եւ ինչպես ասացի նշված 178 հազար դոլարը վերաբերում է միայն 2011թ. դեկտեմբերին: «Արմավիան» մեզ պարտք է նաեւ այս տարվա հունվարին եւ փետրվարին իրականացված սպասարկման համար»:

«Ռոսավիացիայի» պաշտոնական կայքում այսօր նաեւ հաղորդագրություն է հրապարակվել, որում, մասնավորապես, կարդում ենք . - «Արմավիայի» ղեկավարությունը նախօրոք եւ մի քանի անգամ զգուշացվել է այն մասին, որ հաստատված ժամկետում գումարի չվճարման պարագայում ինքնաթիռների աէրոնավիգացիոն սպասարկումը կարող է դադարեցվել: «Արմավիա» ավիաընկերությունը չի արձագանքել իր հասցեին ուղղված ծանուցմանը, ուստի 2012թ. մարտի 6-ի 00:00 ժամից ինքնաթիռների աէրոնավիգացիոն սպասարկումը դադարեցվեց»:

«Ռոսավիացիայի» հաղորդագրությունն ի վերջո տեղեկացնում է, թե այսօր կեսօրին` Մոսկվայի ժամանակով 12:02-ին ընկերությունը «Արմավիայի» ղեկավարությունից ստացել է երաշխիքային նամակ, որով խոստացվում է մարել 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա պարտքի մի մասը մինչեւ այս մարտի 20-ը, ուստի «Արմավիայի» ինքնաթիռների սպասարկումը վերսկսվել է ու կտեւի մինչեւ մարտի 20-ը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր վաղ առավոտյան` ժամը 06.45-ից, դադարեցվել էին «Արմավիայի» թռիչքները դեպի Մոսկվա ու Ռոստով:

Օրվա առաջին կեսին «Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան լրագրողներին փոխանցեց, որ այսօր առավոտյան «Արմավիան» հայտարարել է «անժամկետ գործադուլի մասին` «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման գների բարձրացման պատճառով»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «Իսկ «Ռոսավիացիային» «Արմավիան» պարտք չէ՞», ընկերության մամուլի պատասխանատուն արձագանքեց. - «Ուրիշ այլ վարկածներ չեն ընդունվում: Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ բանակցություններ են ընթանում «Արմավիայի» ու «Զվարթնոցի» ղեկավարության միջեւ»:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կառավարող ընկերության` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը, մինչդեռ, լրագրողներին փոխանցեց, թե վերջին մի քանի շաբաթներին օդանավակայանը սպասարկման գները չի բարձրացրել «Արմավիայի» համար, դեռ ավելին` քանի որ «Արմավիան» համարվում է ազգային փոխադրող, նրա ինքնաթիռները, ի տարբերություն այլ ավիաընկերությունների ինքնաթիռների, սպասարկվում են զեղչով:

please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG