Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ողջունում է «Օսկանյանի քայլը»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ողջունելի» համարեց կուսակցությանն անդամակցելու` Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումը:

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել` հիմնավորելով, որ երկրի քաղաքական գործընթացներին իր ավելի ակտիվ մասնակցության ժամանակն է եւ համոզմունք հայտնելով որ «Բարգավաճ Հայաստանը» այլ քաղաքական ուժերի հետ կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ: Օսկանյանը առայժմ այլ մեկնաբանություններ չի տալիս: Նրա դիմումը կքննարկի եւ համապատասխան որոշում կընդունվի մի քանի օրից` Գագիկ Ծառուկյանի Հայաստան վերադառնալուց հետո:

«Միայն ողջունել կարելի է պարոն Օսկանյանի նման քայլը: Պարոն Օսկանյանը ունի լուրջ կենսագրություն, անցած ճանապարհ, այնպես որ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետության զարգացման, հզորացման եւ բարգավաճման գործում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ին անդամակցելու դեպքում Վարդան Օսկանյանն արդյոք կընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղերում, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ այս պահին որոշված է միայն ցուցակի առաջին համարը, որը միանշանակ Գագիկ Ծառուկյանն է լինելու, մնացած հարցերը դեռ քննարկման փուլում են: Գալստյանը չբացառեց, որ կարող են հանրությանը հայտնի այլ գործիչներ էլ առաջիկայում ընդգրկվել իրենց կուսակցության շարքերում: Նա բացասական պատասխանեց կուսակցության շուրջ այս վերջին զարգացումներում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությանը վերաբերող հարցին:

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ որեւէ կապ չունի», - հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` մտահոգություն չունե՞ն, որ ԲՀԿ շարքերում Վարդան Օսկանյանին ընդգրկելը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել կոալիցիոն գործընկերոջ` Հանրապետական կուսակցության հետ հարաբերություններում, Խաչիկ Գալստյանն ասաց. - «Ոչ, չունենք մենք նման մտահոգություն»:

Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը շատ հանգիստ է վերաբերվում այդ հարցին:

«Հանրապետականը շատ ավելի լուրջ գործերով է զբաղված, որպեսզի մեկ գործչի, այդ թվում նաեւ արտգործնախարարի այս կամ այն կուսակցության անդամակցությունը կամ մտահոգի կամ լարվածություն առաջացնի մեր եւ մեր գործընկեր կուսակցության միջեւ: Դա բացառապես Վարդան Օսկանյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» խնդիրն է», - ասաց Շարմազանովը:

Հարցին` եթե նույնիսկ երկրորդ նախագա՞հն է կանգնած այդ զարգացումների հետեւում, Շարմազանովը պատասխանեց. - «Բայց ինչո՞ւ եք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնը կարող է վնասել Հանրապետական կուսակցությանը: Հանրապետական կուսակցությունը 10 տարի սատարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ մենք երկուսով արդյունավետ աշխատել ենք»:

Իշխող Հանրապետականի համար նախկին արտգործնախարարի այդ որոշումն անսպասելի չէր: Անսպասելի չէր նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող մյուս ուժի` «Օրինաց երկրի» համար, ինչպես այսօր հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` ձեռնպահ մնալով պարզաբանել, թե ինչու:

«Դրան պետք է հանդարտ վերաբերվել, դա իրադարձությունների զարգացման տրամաբանական հանգուցալուծումն էր», - կարծում է Բաղդասարյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը եւս նորմալ է համարում ԲՀԿ-ին ` Վարդան Օսկանյանի անդամակցության հեռանկարը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դրանով քաղաքական դաշտը մեծ փոփոխություններ չի կրի եւ դա չի հանգեցնի կոալիցիայի ներսում խմորումների:

«Կարծում եմ, որ այդ հարաբերությունները արդեն որոշակի կարգավորվածության փուլում են եւ մեծ տատանումներ չեն տա: Ես կարծում եմ` նույնիսկ հնարավոր է, որ պարոն Օսկանյանը անդամակցեց այն ժամանակահատվածում, երբ բավականին հստակեցումներ եղել են, պայմանավորվածություններ ձեռք բերվել են [Հանրապետականի եւ ԲՀԿ-ի միջեւ]», - ասաց Մարտիրոսյանը:

Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, մինչդեռ, այս զարգացումները համարում են նախագահ Սերժ Սարգսյանին նետված մարտահրավեր: Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը կարծում է, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ ստիպված է գնում այդ քայլին:

«Եթե իրեն մնար, չէր անի: Ինքը դրանով ապացուցեց իր կախվածությունը Քոչարյանից եւ ոչ ազատ լինելը: Թող «Բարգավաճը» մտածի, չեմ կարծում, թե դրանից կշահի: Դա մարտահրավեր է Սերժ Սարգսյանին», - ասաց Մանուկյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG