Մատչելիության հղումներ

Շարունակվում է կառուցապատողի ու բնակիչների վեճը


Երկուշաբթի օրը ասուլիս էին հրավիրել Նալբանդյան 106 շենքի բնակիչները` բողոքելով գերակա շահ ճանաչված իրենց բակի կառուցապաատման դեմ:

Քաղաքապետարանում արդեն մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպում Նալբանդյան 106 շենքի բնակիչների, նրանց բակում բարձրահարկեր կառուցել ցանկացող ընկերության եւ ճարտարապետների միջեւ, սակայն ընդհանուր հայտարարի բնակիչներն ու կառուցապատողը չեն գալիս:

Կառավարությունը տարածքը գերակա շահ է ճանաչել ու ինչպես սովորաբար լինում է` բնակիչները բողոքում են որոշման դեմ: Քաղաքապետարանի ներկայացրած տարբեր նախագծերն ու տարբերակները, թե ինչպիսին պետք է լինի բակում կառուցվելիք շինությունը, Նալբանդյան - Սայաթ-Նովա փողոցների հատման մասում գտնվող բակի բնակիչներին չեն գոհացնում: Նրանց խոսքով` իրենց ոչ ոք չի հարցրել նախագիծը հաստատելուց եւ տեղում 2 16-հարկանի շենք կառուցելու որոշում ընդունելուց առաջ: Բնակիչների իրավունքները դատարանում պաշտպանում է Transparency International-ի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը:

«Բակը վերածվում է ստորգետնյա ավտոտնակ ունեցող մի տարածքի: Առաջին հարկը, ըստ ներկայացված նախագծի, լինելու է մանկապարտեզ, որի տակը երկհարկանի ավտոտնակ է, վերեւում էլ չգիտեմ քանի հարկանի շինություն: Հետեւաբար մենք բողոքարկում ենք այդ շինարարությունը նրա համար, որ «Քաղաքաշինության մասին» օրենքն է խախտվել: Բնակիչների իրազեկում տեղի չի ունեցել», - ասաց նա:

Բակի բնակիչները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ պահանջել տարածքի սեյսմակայունության մասին եզրակացություն: Հիմա ձեռքի տակ ունեն մի փաստաթուղթ, որում նշված է, թե «տարածքի սեյսմակայունությունը փաստացի չի համապատասխանում Երեւանի տարածքի համար սահմանված չափանիշներին»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կասի կառուցվելիք շենքի եւ հարակից շենքերի սեյսմիկ անվտանգության մասին, գլխավոր ճարտարապետի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը խոստովանեց, որ տարածքը սեյսմակայունության տեսանկյունից դիմացկուն չէ. - «Եթե վերլուծվի բակի վիճակը իրական կառուցապատման փաստացի իրավիճակում, ոչ մի ռիսկայնության չի համապատասխանում: Այնտեղ հրդեհի ժամանակ մեքենա մտնելու հնարավորություն էլ չի ունենա»:

Ու թեեւ այժմյան նախագիծը նախատեսում է 2 16-հարկանիի փոխարեն 4 հատ 7-հարկանի շենք կառուցել, բնակիչները պնդում են, որ իրենց բակն ավերվել է, հիմա էլ փորձում են իրենց «արեւի լույսի եւ անվտանգության հաշվին բիզնես սկսել»:

Բնակիչները նաեւ պնդում են, որ քաղաքապետարանը վերջնական նախագիծ չի տրամադրել կառուցապատողին, եւ շինտեխնիկան ապօրինի է մտել բակ, հանրային լսումներ էլ չեն անցկացվել:

Մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցիչը բնակիչներին է մեղադրում, որ ժամանակին համապատասխան ակտիվություն չեն ցուցաբերել հանրային լսումներին. - «Այն էտապում կարելի էր այդ խնդիրը լուծել, որովհետեւ պարտադիր ընթացակարգով հայտարարություն է տրվում նման քննարկումների մասին, եւ իրենք պետք է իրազեկված լինեն եւ մասնակցեն»:

Հին բնակիչները, ովքեր մի քանի տասնամյակ է ապրում են Նալբանդյանի այս բակում, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ իրենց բակի մանկապարտեզը քանդել, ծառերը կտրել ու բակն ավերել են հենց նրանք, ովքեր ուզում են տիրանալ տարածքին ու այժմ փորձում են ներկայացնել, թե այն անբարեկարգ է:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG