Մատչելիության հղումներ

Վկաները Օհանյանի դեմ ցուցմունք չտվեցին


Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում:
Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում:

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Այսօր դատակոչված չորս վկաները, ինչպեսեւ նախորդ նիստում հարցաքննվածները, Օհանյանի դեմ որեւէ ցուցմունք չտվեցին:

Ավելին, վկաներից մեկը` Առաջին գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանն անգամ փոխեց Հատուկ քննչական ծառայությունում տված ցուցմունքը:

Ենգիբարյանն այսօր պնդեց, թե ծառայության ընթացքում բենզինի հետ կապված խնդիրներ չի ունեցել, ստացել է այնքան բենզին, որքանի համար ստորագրել է եւ իր ենթականերից վառելիքի պակասի հետ կապված բողոքներ չի ստացել:

«Խոսակցություններ լսեմ եմ` որ բենզինը քիչ է», - դատարանում հայտարարեց վկան. - «Թռուցիկ նման բան լսեմ եմ, բայց դա իրականությանը իմ հետ կապված չի համապատասխանում… Եթե իմ վաշտում նման բան եղած լիներ, եւ կասեի, որ շաբաթներով բենզին չի տրվել: Ես տեղյակ չեմ»:

Մեղադրող Հարություն Հարությունյանը էական հակասություններ է տեսնելով վկայի նախաքննական եւ այսօրվա ցուցմունքների միջեւ` հարցրեց Ենգիբարյանին, թե ինչով է դա պայմանավորված:

« Ինքը [քննիչը] լսել բառը չի գրել… Քննիչը ինձ հարց է տվել` սենց բաներ լսե՞լ ես ձեր հիմնարկում, ասի` հա, տենց բաներ լսել եմ, տենց խոսակցություններ լսել եմ: Ասել է` դե գրիր, ես էլ գրել եմ...», - պատասխանեց վկան` պնդելով նաեւ, որ իրեն ոչ ոք չի խնդրել փոխել նախաքննական ցուցմունքը:

Մեղադրյալ Մարգար Օհանյանի հարցին, թե որ ցուցմունք է ճիշտ, Ենգիբարյանը պատասխանեց. - «Միանշանակ սա էր ճիշտը»:

Ասյօր դատակոչված մյուս երեք վկաները ասացին, որ իսկապես 2009-2011 թվականների ընթացքում ավելի քիչ բենզին են ստացել, քան նշել են հաշվետվություններում: Նրանք բոլորը նշեցին, որ դա արել են իրենց գումարտակի նախկին հրամանատար, ներկայումս մեղադրյալ Ստեփան Կարախանյանի ցուցումով: Նրանցից ոչ մեկը, իրենց խոսքով, Մարգար Օհանյանին այդ մասին չի ասել:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:

Մարգար Օհանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու համար: Բերզինի յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության եւս երեք աշխատակիցների:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար): Ճանապարհային ոստիկանության պետը, թեեւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նախաքննության փուլում «վերականգնել է բյուջեին հասցրած վնասը»` վճարելով մոտ 177 միլիոն դրամ (մոտ 500 հազար դոլար):

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG