Մատչելիության հղումներ

Օհանյանը իր ձերբակալությունը կապում է բարձրաստիճան պաշտոնյայի հետ


Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանում, 09 հունվար, 2011
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանում, 09 հունվար, 2011
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։

Օգոստոսի 30-ից անազատության մեջ գտնվող Օհանյանը, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնասներ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար): Ճանապարհային ոստիկանության պետը, թեեւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նախաքննության փուլում «վերականգնել է բյուջեին հասցրած վնասը»` վճարելով մոտ 177 միլիոն դրամ (մոտ 500 հազար դոլար):

Բենզինի յուրացման գործով, Մարգար Օհանյանից բացի, մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության եւս երեք աշխատակիցների, այդ թվում` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին։

Այսօր Օհանյանի պաշտպանական կողմը հանդես եկավ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, եւ այն պահին, երբ դատավորը պատրաստվում էր հեռանալ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, Մարգար Օհանյանը դատարանում բավականին ուշագրավ հայտարարություն արեց: Նա, մասնավորապես, ասաց, թե կա մի բան, որն ինքը պարտավոր է առանձին ասել դատավորին եւ մեղադրող դատախազին:

Դատավոր Մխիթար Պապոյանն էլ հետաքրքրվեց, թե այդ ինչո՞ւ է Օհանյանը այդ բանը ուզում ասել միայն դատավորին եւ մեղադրող դատախազին, գուցե լրատվամիջոցնե՞րն են խանգարում: Օհանյանը ասաց, թե լրատվամիջոցների հետ կապված որեւէ խնդիր չկա եւ սկսեց ուշագրավ հայտարարություններ անել:

«Պարզապես Ձեզ ասեմ` ինձ օգոստոսի 30-ին կանչել են Հատուկ քննչական ծառայություն, ընդամենը մեկ բացատրություն` ասել եմ, որ նման բան չի եղել եւ չէր էլ կարող լինել գրելուց հետո, ուղիղ 40 րոպե ոչինչ չլինելուց հետո, մի հեռախոսազանգից հետո ես վկայից դարձել եմ կասկածյալ եւ ձերբակալվել եմ: Դա ուներ իր հանգամանքները, որ ես չեմ կարող արտահայտվել: Ինձ պարզապես պետք էր հեռացնել, պետք էր ձերբակալել, հետո կալանավորել, որպեսզի կարողանային այդ ամեն ինչը, որ ի սկզբանե դրված էր, գար իր ավարտական փուլին հասնել», - հայտարարեց Օհանյանը:

Սակայն նիստը նախագահող դատավորը տեղեկացրեց, որ քրեական դատավարության մեջ նման կարգ չկա, որ մեղադրյալը առանձին դատավորին ինչ-որ բան ասի: Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն էլ նշեց, որ Մարգար Օհանյանը երբեք զրկված չի եղել հանրության եւ իրավապահ մարմիններին իրեն հայտնի գաղտնի տեղեկություններ փոխանցելու հնարավորությունից եւ հորդորեց Օհանյանի ներկայացնել իրեն հայտնի փաստական հանգամանքները, հակառակ դեպքում հասարակության մոտ թյուր կարծիք չձեւավորել. - «Եթե բան ունեք ասելու, ասե'ք», - հորդորեց դատախազը:

Մարգար Օհանյանն էլ պատասխանեց` բացելով փակագծերը. - «Դա վերաբերում է ոստիկանության կառույցին, այն վայրին, որտեղ ես ծառայել եմ, դատախազականին կամ Հատուկ քննչականին կամ դատարանին չի վերաբերում: Ես ձեզ ուղղակի պետք է ասեի մինչեւ Հատուկ քննչական ծառայությունը որտեղ եւ ով է եկել, ում տարել: Ուղղակի ուզում էի ձեզ ասել` ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք, իմ անձնական հարաբերությունները համապատասխան ղեկավարների հետ ավարտական փուլին այստեղ մի հասցրեք»:

Ապա դեմքով շրջվելով դեպի մյուս մեղադրյալները, ովքեր ցուցմունք են տվել իր դեմ եւ մատնացույց անելով Սամվել Մախմուդյանին եւ Արա Լեւոնյանին, Օհանյանն ասաց. - «Կասեմ, թե ոնց է եղել եւ ում քանի ժամ են պահել եւ ով է եղել միջնորդը, այս երկրում բարձրաստիճան ղեկավար, որ անունը չեմ ուզում տալ, որ այ նրան հանել է տարել է վեցերորդ վարչությունից գիշերը ժամը երեքին: Գիտես չե՞մ ասելու, կամ քոնը, չե՞մ ասելու, թե քեզ ով է եկել տարել, հետո՞ ինչ, որ պատգամավոր է»:

Թե ով է եղել այդ բարձրաստիճան պաշտոնյան կամ պատգամավորը, ովքեր առնչություն են ունեցել մեղադրյալների հետ, Մարգար Օհանյանը առայժմ չբացահայտեց: Օհանյանի խափանման միջոցը` կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց նրան ազատելու պաշտպանական կողմից միջնորդությունը մեղադրյալներից ոչ մեկը չառարկեց: Միակ առարկողը մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն էր, որին դիմելով Մարգար Օհանյանը հարցրեց, թե այդ ի՞նչ է անելու ինքը ազատության մեջ, որը կխանգարի դատաքննությանը: Ապա Ճանապարհային ոստիկանության նախկին պետը դիմեց խորհրդակցական սենյակ հեռացող դատավորին:

«Պարոն դատավորը որ հիմա գնա խորհրդակցական սենյակ, ինքն էլ չգնա նույն քայլին, ինչին որ Դուք գնացիք, ստիպված գնացիք այդ քայլին: Իմ կարծիքով` Ձեր խղճի առաջ դուք էլ չէիք ուզենա: Ոչ Դուք եք մեղավոր, պարո'ն դատավոր, ոչ էլ այստեղ որեւիցե մեկը, որ այսօր իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ ես դատվում եմ», - ասաց նա:

Սակայն խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո դատավորը հայտնեց, որ մերժում է Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը, որից հետո, անցնելով ապացույցների ուսումնասիրման փուլին, դատավորը նախ որոշում կայացրեց լսել վկաներին, ապա մեղադրյալներին: Սակայն մեղադրող կողմի միջնորդությամբ դատական նիստը ընդհատվեց այն պատճառաբանությամբ, որ իբրեւ վկա դատակոչվի տուժողի ներկայացուցիչը` Ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության տեսուչ Ժիրայր Կարապետյանը:

Դատական նիստի ավարտից հետո Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյայի եւ պատգամավորի մասին էր խոսում Մարգար Օհանյանը, ի՞նչ խնդիրներ ունի նա իր ղեկավարության հետ եւ այդ ի՞նչ կռվի մասին էր ակնարկում, ասաց, թե պաշտպանական տակտիկայից ելնելով չի ցանկանում այդ մասին խոսել եւ դատաքննության ընթացքում այդ հարցերին պատասխաններ կտրվեն:

«Հայտարարություններ ձեւով կասվի, բոլորին պարզ կլինի` կա՞ պատգամավոր կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, թե՞ չկա», - ասաց Վասակյանը:

Դատական նիստին ներկա էր նաեւ Մարգար Օհանյանի եղբայրը` Մուշեղ Օհանյանը, ով ներկայումս զբաղեցնում է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնը: Հարցին, թե եղբայրը ի՞նչ խնդիրներ է ունեցել ոստիկանության ղեկավարության հետ, եւ արդյո՞ք նրան պատժում են, ինչպես ՃՈ նախկին պետը ներկայացրեց, Մուշեղ Օհանյանը պատասխանեց. - «Իմ համոզմունքները դատավարության վերջում ես կարտահայտեմ: Իրենից [Մարգար Օհանյանից] հարցրեք այդ բոլորը, ես չեմ կարող այդ հարցերի պատասխանը տալ»:

Մարգար Օհանյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 13-ին:

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG