Մատչելիության հղումներ

Սենատը հավանություն տվեց ցեղասպանության օրինագծին


Ֆրանսիա - Խորհրդարանի հետ հարաբերությունների գծով նախարար Պատրիկ Օլիեն ելույթ է ունենում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ, Փարիզ, 23-ը հունվարի, 2012թ.
Ֆրանսիա - Խորհրդարանի հետ հարաբերությունների գծով նախարար Պատրիկ Օլիեն ելույթ է ունենում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ, Փարիզ, 23-ը հունվարի, 2012թ.
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 2001 թվականին:

Սենատի շենքի մոտ հավաքված հայերը սենատորների որոշումը դիմավորեցին Ֆրանսիայի օրհներգը եւ «Զարթի՛ր, լա՛ո» երգը երգելով:

Ֆրանսիայի Սենատի որոշմանը անմիջապես արձագանքեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին, Սենատին եւ ժողովրդին։

«Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլեւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան», - ասված է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ։

Բուն օրինագծից առաջ Սենատը քվեարկությամբ մերժեց իրավական հանձնաժողովի օրեր առաջ կայացրած որոշումը, որով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը համարվել էր հակասահմանադրական:

Այդ քվեարկությամբ վերացվեց օրինագիծը լիագումար նիստում քվեարկության դնելու իրավական խոչընդոտը, որը ստեղծվել էր Սենատի իրավական հանձնաժողովի բացասական եզրակացության պատճառով:

Մինչ քվեարկությունը ժամեր տեւած քննարկման ընթացքում օրինագծի ընդունմանը դեմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը բացատրում էին նրանով, թե այս օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը, եւ կոչ էին անում մտածել Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու սպառնալիքի մասին:

Կողմ արտահայտվողները հղում էին անում հարցի բարոյական կողմին` ընդգծելով, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից մազապուրծ հայերին եւ այժմ չի կարող ճանաչման գործում կես ճանապարհին կանգնել։

Կառավարության` խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Պատրիկ Օլիեն հայտարարեց, որ Ֆրանսիայի կառավարությունը վերահաստատել է անցած տարեվերջին արտահայտած իր դիրքորոշումը` ցեղասպանությունների ժխտումը երկրի տարածքում պետք է քրեորեն պատժելի լինի:

«Ժխտողականությունը ծանրագույն վիրավորանքն է, որ կարող է հասցվել բոլորիս հավաքական հիշողությանը: Այն անտեսում է մարդկանց կրած տառապանքներն ու զոհերին դատապարտում մոռացության: Մարդիկ, ովքեր խրախուսում են ժխտողականությունը, է'լ ավելի են թեժացնում այն ատելությունը, որ տարիների ընթացքում գնալով պետք է նվազեր ու մարեր», - համոզված է ֆրանսիացի նախարարը:

Որպեսզի Սենատի կողմից հաստատված օրինագիծը օրենք դառնա, այն դեռ պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ում կուսակցությունն է ներկայացրել օրինագիծը խորհրդարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG