Մատչելիության հղումներ

ԱԺ-ում կարող է Էթիկայի հանձնաժողով ստեղծվել


Իշխանական կոալիցիան ներկայացնող 3 պատգամավորներ` Դավիթ Հարությունյանը, Վարդան Բոստանջյանը եւ Հեղինե Բիշարյանը Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ են հեղինակել: Այն արդեն իսկ շրջանառության մեջ է եւ եթե ընդունվի, հաջորդ գումարման խորհրդարանում կձեւավորվի այդպիսի հանձնաժողով:

Նախագծում հեղինակները մշակել են պատգամավորի վարքագծի կանոններ: Օրենսդիրը պետք է հարգի օրենքը, հանրության բարոյական նորմերը, պահպանի Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, ամենուր դրսեւորի պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Այս ամենը չանելու դեպքում հանձնաժողովը նրանց չի կարող ենթարկել պատասխանատվության:

Աղգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Աղգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Քաղաքական պատասխանատվությունը ես համարում եմ շատ կարեւոր կատեգորիա», - ասում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Դավիթ Հարությունյանը: - «Մենք չենք կարող այստեղ որեւէ այլ պատասխանատվություն սահմանել, քանի որ դա կհակասեր Սահմանադրությանը»:

Հարցին, թե ինչ է ենթադրում քաղաքական պատասխանատվություն ասածը, օրենքի համահեղինակ Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան») պատասխանեց. - «Ամեն ինչ կարող է… Օրինակ, ինձ համար ի ցույց դնել, պախարակելը իմ համար մահացու ինստիտուտ կլինի: Անկախ նրանից, թե կուսակցությունից կհեռացնեն, թե ընդհանրապես խորհրդարանում իմ վարկանիշը կընկնի` մարդկային ամբողջ արժեքների դաշտում ես դեւալվացվում եմ»:

Պատգամավորը համաձայնեց դիտարկմանը, որ խորհրդարանում որոշ պատգամավորներ հայհոյում են իրենց գործընկերներին եւ որեւէ քաղաքական պատասխանատվության չեն կանչվում:

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Դուք ճիշտ եք նկատել եւ ճիշտ էլ վերարտադրում եք տեղի ունեցածը, բայց բոլոր պարագաներում ենթադրել, որ կտրուկ, միանգամից մենք կարող ենք օտարել այդ բոլոր ոչ ցանկալի բացասական երեւույթները, պարզապես անհնարին մի բան է: Բացասական երեւույթների օտարումը, այնուամենայնիվ, ժամանակ է պահանջում», - հավելեց Բոստանջյանը:

Վարքագծի կանոնները խախտելու պարագայում պատգամավորը չի ենթարկվում պատասխանատվության, բայց ահա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում Էթիկայի հանձնաժողովը, եթե ցանկանա, կարող է նրա համար գլխացավանք դառնալ:

«Այո, հանձնաժողովն ունի շատ լուրջ իրավասություն: Եթե հանգեց այն եզրակացության, որ անձը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, նա [հանձնաժողովը] պարտավոր է ներկայացնել Ազգային ժողովի նախագիծ, որով դադարեցվում են այդ պատգամավորի լիազորությունները: Սա, թերեւս, ամենահզոր գործիքն է: Սա մենք փորձում ենք գործի դնել սահմանադրական արգելքը: Եվ Ազգային ժողովը պետք է քվեարկի եւ որոշում կայացնի: Եթե Ազգային ժողովը համաձայնեց հանձնաժողովի եզրակացությանը, որ անձը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա, ենթադրում եմ, Ազգային ժողովը կդադարեցնի համապատասխան պատգամավորի լիազորությունները», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ` օրենքով այս կամ այն նորմը սահմանելը դեռ երաշխիք չէ, որ իրավիճակ կփոխվի. - «Պատգամավորը իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեւությամբ. այդ նորմը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ: Սահմանադրությունը գործում է ուղղակի: Նույնիսկ այս ուղղակի գործունեության պայմաններում, մեր մայրը օրենքը չի կիրառվում: Հետեւաբար, նույնիսկ այս պարագայում [եթե] ընդունվեն օրենքներ կամ այլ իրավական ակտեր, ես չեմ կարծում, որ նրանք կարող են կարգավորել այս դաշտը: Մենք բազմաթիվ անգամ տեսել են, թե ինչպես են նախագահի կողմից նախագահի նստավայրում ընդունվում անձինք` որպես գործարարներ, ովքեր նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են: Մինչդեռ, եթե հարգվեր Սահմանադրության տվյալ դրույթը, ապա հենց ինքը` նախագահը պետք է գործընթաց ձեռնարկեր, որպեսզի նրանք լինեին կա'մ պատգամավոր, կա'մ չզբաղվեին ձեռնարկատիրական գործունեությամբ: Ինքը պարտավոր է առաջին հերթին հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ինքն է խրախուսում, որ մարդիկ լինեն ե'ւ պատգամավոր, ե'ւ զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ»:

ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորի լիազորությունները կարող են դադարել, եթե մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նա անհարգելի բացակայել է: Պատգամավորի բացակայությունների հարցը ամենաքննարկվող թեմաներից է, երբ հատկապես գործարար պատգամավորները, հազվադեպ հայտնվելով խորհրդարանում, տարբեր հարգելի պատճառաբանություններ են ներկայացնում նստաշրջանի ավարտին` այդպիսով ազատվելով պատասխանատվությունից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս հարցը կքննարկվի՞ ստեղծվելիք հանձնաժողովում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ` այո, եւ հենց դա է եղել այս նախաձեռնության եւ այդ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը»:

Հարությունյանը փոխանցեց նաեւ, որ յուրաքանչյուր խմբակցություն Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը կարող են զբաղեցնել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները` հերթագայության կարգով. - «Սա այն եզակի հանձնաժողովներից է, որը ձեւավորվում է կոնսենսուալ սկզբունքով: Այսինքն` հանձնաժողովի անդամների կեսը ընդդիմությունն է ներկայացնում, մյուս կեսը ներկայացնում է իշխանությունը: Ավելին` հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը փոխվում են ռոտացիոն կարգով, եւ մե'կ ընդդիմությունն է ներկայացնում իր թեկնածությունը` որպես հանձնաժողովի նախագահ, եւ մե'կ` իշխանությունը»:

please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG