Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը թերահավատ է Էթիկայի հանձնաժողովի նկատմամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի անդամների հետ, 10 հունվարի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի անդամների հետ, 10 հունվարի, 2012
Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը թերահավատորեն է մոտենում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը:

«Ստեղծվել է մի մարմին, որը միայն ենթակա է Սերժ Սարգսյանին, եւ նա պետք է որոշի` որ պաշտոնյան է էթիկան խախտել, դատական գործ հարուցել, դիմել իրավապահ մարմիններին, կամ չդիմել, պաշտպանել այդ մարդկանց: Ծիծաղելի է, որովհետեւ անհայտ մարդիկ են, եւ այդ մի քանի հոգու կամքով, քանի որ նրանք էլ անկախ են բոլորից, Սերժ Սարգսյանի կամքո՞վ պետք է որոշեն պաշտոնյաների ճակատագիրը: Սա խումբ կարող է լինել, որը մեկ մարդու կամք է իրականացնելու, եւ բոլորը կախված են մեկ մարդու կամքից: Հալածանքների համար նոր աղբյուր կարող է լինել սա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վեց տարի պաշտոնավարման ժամկետով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի անդամներ են նշանակվել Լիլիթ Պետրոսյանը` Ազգային ժողովի նախագահի առաջարկով, Արմեն Խուդավերդյանը` վարչապետի, Արեգ Շուշյանը` սահմանադրական դատարանի նախագահի, արդարադատության նախկին փոխնախարար Էմիլ Բաբայանը` վճռաբեկ դատարանի նախագահի, Արտակ Սարգսյանը` գլխավոր դատախազի առաջարկներով: Հանձնաժողովի գործառույթներն իրենց մեջ ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը: Նկատենք, որ նորաստեղծ հանձնաժողովի անդամները ստանալու են 600 հազար, նախագահի տեղեկալը` 640 հազար, իսկ նախագահը 680 հազար դրամ աշխատավարձ:

«Թող հասարակությունը մտածի, որ իր վճարած հարկերից ստեղծվում է մի մարմին, որի ներկայացուցիչները 1500-1800 դոլար աշխատավարձ են ստանալու եւ որոշելու են մեկ մարդու կամքը, թե ով է էթիկայի խախտում անում, ով չի անում», - ասաց Մանուկյանը:

Ազգայի ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հինգ անդամներից միայն մեկին է ճանաչում: Մինչդեռ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել հասարակության կողմից ճանաչված քաղաքացիները:

«Օրենսդրության մեջ չկա մի որեւէ դրույթ, որը կբացատրեր, թե ինչ բան է հանրության կողմից ճանաչված լինել հասկացությունը: Այդ դեպքում գուցե նշանակող կամ առաջադրող անձը ինքը պետք է բացատրի, թե ինչ սկզբունքով ու մոտեցումներով է չափել այս պահանջը, կատարվել է այն, թե` ոչ: Անշուշտ ես չեմ ուզում հիմնավորել, թե ինձ ծանոթ չլինելը նշանակում է հանրության ծանոթ չլինել, բայց եթե դա մեծ մասին է վերաբերում, այսինքն շատ մարդիկ կան, որոնց ծանոթ չենք, հավանաբար օրենքի այս դրույթը կարելի է նաեւ խախտված համարել», - ասաց Մինասյանը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունման ժամանակ Դաշնակցությունը դեմ էր քվեարկել օրինագծին:

«Քանի որ Հայաստանը որդեգրել է հակակոռուպցիոն ակտիվ քաղաքականություն եւ անդամակցել է ԳՐԵԿՕ-ին, որով պահանջվում է կոնկրետ մեխանիզմներ ամրագրել հակակոռուպցիոն քաղաքականության մասով, մեր սկզբունքային մոտեցումներից է, որ հակակոռուպցիոն այդպիսի մարմնի իրավասություններում մեծ դեր պետք է վերապահվի քաղաքական ընդդիմությանը, որովհետեւ նախ իշխանությունը չի կարող ինքն իրեն հսկել, իսկ կոռուպցիան վստահաբար ընդդիմադիր դաշտում չէ: Կոռուպցիան հենց իշխանական դաշտում է», - մանրամասնեց Մինասյանը:

«Իշխանության երեք թեւերի ղեկավարների կողմից առաջադրված անձանց թիմը, որ պետք է հսկի նույն իշխանության այս երեք թեւերի մեջ ներգրավված անձանց գործողությունները, հավատացեք, քիչ արդյունավետությամբ կամ քիչ վստահությամբ կգործի: Այս կառույցը, ցավոք, ի վիճակի չէ իր գործառույթներով լինել անկախ», - շարունակեց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ հանձնաժողովի անդամների աշխատավարձերը շատ ցածր են:

«Օրենքում առկա բոլոր ձեւակերպումները, իրավասությունները եւ արդեն փաստացի ձեւավորված կազմը մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ սա ավելի շատ ձեւական բնույթի հերթական կառույցը կարող է լինել, եւ որեւէ էական առաջընթաց մենք ցավոք չենք կարող ունենալ հակակոռուպցիոն քաղաքականության մեջ: Այս աշխատավարձերը առնվազն 5-6 անգամ ավելի ցածր են, քան թե պետք է ակնկալել, որ մենք պետք է վճարենք այսպիսի մարմիններին: Եթե մենք խոսում ենք հակակոռուպցիոն գործողության կամ կոռուպցիայի դեմ առարկայական պայքարի մասին, մենք պետք է մարդկանց տանք եւ հետո գործադրենք օրենքի ողջ խստությունը` պահանջելով նրանցից որակյալ ծառայություն», - ասաց Մինասյանը:

Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ Էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է մեծապես եվրոպակայան կառույցների ճնշման արդյունքում. - «Բայց ինչպես միշտ Հայաստանում այդ գաղափարի օրենսդրական լուծումները բերվեցին այն դաշտ, որպեսզի դա երբեւէ չսպառնա իշխանությանը, այլ սպառնա նրան, ովքեր կդավաճանեն իշխանությանը, ովքեր անհնազանդություն կցուցաբերեն իշխանության հանդեպ: Այդ հանձնաժողովը ավելի ստույգ կդառնա մահակ այդպիսի պատգամավորների, կառավարության անդամների գլխին», - կարծում է Սաֆարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի վերաբերյալ ասաց հետեւյալը. - «Ես չէի ցանկանա կանխակալ գնահատական տալ մի հանձնաժողովի, որը դեռեւս չի աշխատել: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մենք բոլորս սպասենք հանձնաժողովի աշխատանքներին: Վստահեցնում եմ ձեզ, որ եթե իրապես հանձնաժողովը իրականացնի այն գործառույթները, որոնք օրենքով դրված են դրա վրա, ապա առաջիկայում մենք կտեսնենք հանձնաժողովի աշխատանքների արդյունքը»:

please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG