Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը 2012-ին ավելի արագ բարեփոխումներ է խոստանում


Տեսակետների խաչմերուկ, 30 դեկտեմբերի, 2011
please wait

No media source currently available

0:00 0:20:47 0:00

Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն» ռադիոկայան. - Կառավարությունը սահմանեց 2012 թվականին վճարվող նպաստների եւ կենսաթոշակների չափերը: Ըստ այդմ` հիմնական կենսաթոշակը կազմելու է 13 հազար դրամ, ավելանալու է նաեւ շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը եւ այլն, եւ այլն: Համարո՞ւմ եք արդյոք, որ այս ավելացումները համարժեք են սպասվող գնաճին, կամ առկա գնաճին:

Տիգրան Սարգսյան. - Սոցիալական նպաստները եւ թոշակները 2012 թվականի հունվարի 1-ից բարձրացվելու են 10 տոկոսով: Գնաճը, որը դրված է բյուջեի հիմքում, կազմում է 2011 թվականի արդյունքներով 4.7 տոկոս, իսկ 2012 թվականին թիրախը մեր լինելու է 4 տոկոսանոց գնաճը: Դա նշանակում է, որ այս սոցիալական ավելացումները պետք է համադրելի լինեն գնաճային ճնշումների հետ:

«Ազատություն». - Սակայն փորձագետները այլ տվյալներ են նշում գնաճի վերաբերյալ: Ուզում եմ, մասնավորապես, մեջբերել Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի տվյալները, որ պարենային զամբյուղի աճը 2010 թվականի համեմատ 17 տոկոս աճ է կազմել: Ավելի մանրամասնած է` կարտոֆիլի գնաճը` 87 տոկոս, մսամթերքինը` 36 տոկոս, կաթնամթերքինը` 19 տոկոս, հացամթերքի գնաճը` 16 տոկոս... Այս կապակցությամբ մտավախությունը մնում է: Պարոն վարչապետ, Ձեր կարծիքով, հաջորդ տարի աղքատության թվի մեծացման հավանականությունը որքա՞ն է:

Սարգսյան. - Կառավարության ջանքերը ուղղված են նրան, որպեսզի աղքատությունը Հայաստանում նվազի, եւ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մեր բյուջեի հիմնական ուղղվածությունը հենց սոցիալական է: Ինչ վերաբերում է Ձեր կողմից հնչեցված թվերին, ապա կարող եմ ասել, որ սպառողական զամբյուղի ինդեքսը իր մեջ ներառում է հենց առաջին անհրաժեշտության ապրանքները, եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գինը բարձրացել է 2011 թվականին ընդամենը տարվա կտրվածքով` 4.7 տոկոս: Այսինքն, այս գները իրենց մեջ ներառում են այն բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները եւ ծառայությունները, որոնցից օգտվում է միջին հայկական ընտանիքը:

«Ազատություն». - Մթերքները, որոնք ես թվարկում էի, նույնպես առաջին անհրաժեշտության էին` հաց, կաթ, միս…

Սարգսյան. - Առաջինը, տարվա կտրվածքով եթե դիտարկենք` այդպիսի աճ չկա: Եթե 2011 թվականի միջին գինը համեմատենք 10 թվականի միջին գնի հետ, ապա որոշ ապրանքատեսակների գները, այո, կարող են այդքան բարձրանալ, բայց կան նաեւ ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են: Օրինակ, այս օրերին, եթե դուք հետեւում եք, խանութներում հենց կաթնամթերքի գները նվազել են:

«Ազատություն». - Հարկահավաքման պրոցեսում շարունակում է գործել կանխավճարների տխրահռչակ պրակտիկան, ինչը դարձյալ հնարավորություն չի տալիս փոքր եւ միջին բիզնեսին նորմալ տնօրինել իրենց ֆինանսական միջոցները: Մասնավորապես, օրեր առաջ Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը հայտարարեց, որ Գավառում են նման դեպքեր արձանագրվել այս տարվա երկրորդ կիսամյակում: Դա շարունակվում է նաեւ Երեւանում: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ, որպեսզի դա վերացվի կամ գոնե նվազեցվի:

Սարգսյան. - Այդ երեւույթը մեր տնտեսությանը բնորոշ երեւույթ է եղել այս քսան տարիների ընթացքում, եւ գերավճարների ցուցանիշը ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից վերահսկվում է, որպեսզի գերավճարները մեր տնտեսության մեջ չավելանան, այլ նվազեն: Եվ այդ տեսակետից մենք պետք է արձանագրենք, որ վերջին երեք տարիների ընթացքում գերավճարները չեն ավելացել, նույնիսկ նվազել են: Մասնավորապես, ես պետք է նշեմ, որ ամենակարեւոր ցուցանիշը այստեղ` ավելացված արժեքի հարկի գծով որպեսզի պետությունը պարտքեր չկուտակի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում արտահանողների համար: Եվ այդ տեսակետից պետք է տեղյակ պահենք մեր քաղաքացիներին, որ մենք ոչ միայն չենք կուտակել այդպիսի պարտքեր, այլ նաեւ սահմանել ենք խստագույն պատիժ պետության նկատմամբ: Եթե պետությունը ուշացնի վերադարձը ավելացված արժեքի հարկի, ապա նա պարտավոր է տույժ եւ տուգանք վճարել հենց տնտեսվարող սուբյեկտին` նրան պատճառված վնասի համար: Եվ մենք առաջին հերթին խստացրել ենք վերաբերմունքը պետության նկատմամբ, եւ կարգապահությունը այդ բնագավառում, հավաստիացնում եմ ձեզ, էապես վերջին երեք տարիների ընթացքում բարձրացել է:

«Ազատություն». - Խոսքը նրա մասին է, երբ հարկային տեսուչը մտնում է տնտեսվարողի մոտ եւ ասում է` այսքան պետք է վճարես: Ոչ թե դա գրանցվում է, ձեւակերպվում է որպես գերավճար:

Սարգսյան. - Ես հասկանում եմ: Ընդհանրապես գերավճարները բաղկացած են շատ մասերից: Ձեր ասած երեւույթները, իհարկե, գոյություն ունեն, բայց նրանց տեսակարար կշիռը էապես մեր երկրում նվազել է, եւ ընդհանուր գերավճարների ցուցանիշը մեր երկրում, նախորդ տարիների հետ համեմատած, բարելավվել է: Ընդհանուր առմամբ, միջավայրը ֆինանսական պարտականությունների` փոխադարձ, տնտեսվարող սուբյեկտների եւ Պետական եկամուտների կոմիտեի, այդ ցուցանիշը վերջին երեք տարիներին բարելավվել է: Իսկ այն, որ այդպիսի երեւույթներ կան, մենք ընդունում ենք: Իհարկե կան:

«Ազատություն». - Ընդամենը վերջերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ արդեն Հայաստանից հեռացած «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանի կապակցությամբ Ձեզ բաց նամակ էր հղել, որտեղ մի շարք հարցադրումներ էր հղել: Հետաքրքիր կլիներ լսել Ձեր արձագանքը: Նա հարցրել էր` մի՞թե սա է հայկական աշխարհը, որտեղից հեռանում են ոչ միայն այս հողի վրա հազարամյակներով ապրած, ստեղծագործած եւ պայքարած մարդկանց ժառանգները, այլ հայրենադարձ մեր հայրենակիցները, ովքեր առանց Ձեր «Արի տուն» կանչի եկել են, բայց սրտի կսկիծով հեռանում են:

Սարգսյան. - Մեր հայկական աշխարհը ունի բազմաթիվ դրական օրինակներ: Մասնավորապես, երրորդ օպերատորի մուտքը մեր տնտեսության մեջ, որը բերեց շուկայական մրցակցության բարձրացման, բերեց սակագների նվազման, ինտերնետ հասանելիությանը նպաստեց: Կախված է նրանից, թե հարց տվողը ինչ նպատակ է հետապնդում: Իհարկե, կարելի է բացասական երանգներով հարցադրումներ տալ, կարելի է նաեւ դրական երանգներով հարցադրումներ տալ: Ուզում եմ ասել` մեր կյանքը միայն բացասական երեւույթներով չի լցված, այլ նաեւ կա դրականը: Ինչ վերաբերում է կոնկրետ «Փարիզյան սուրճին»: Ես անհապաղ հանձնարարական եմ տվել Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի նրանք հրապարակային պարզաբանումներ տան հանրությանը, թե ինչ խնդիրներ կան: Եվ Պետական եկամուտների կոմիտեն մանրակրկիտ բացատրություններ է տվել: Եթե որոշ տնտեսվարող սուբյեկտներ, չկատարելով իրենց հարկային պարտավորությունները, փորձում են քաղաքականացնել խնդիրը, դա շատ վտանգավոր է... Դա ոչ միայն «Փարիզյան սուրճին» է վերաբերում: Վերջին շրջանում շատ դեպքեր կան, երբ որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է հարկերի վճարում, եւ տնտեսվարող սուբյեկտները տարբեր պատճառաբանություններ են ի հայտ բերում` թե նրանց անարդար կերպով հետապնդում են, նրանք բարի գործեր են անում, իսկ հարկային տեսչությունը անհեստական խոչընդոտներ է ստեղծում, եւ հարկային տեսչության պատճառով է, որ նրանք լքում են հայրենիքը: Դրա համար այսպիսի երեւույթների դեպքում պետք է խիստ մասնագիտական վերլուծություն, որպեսզի մենք կարողանանք զերծ պահել հանրությանը ավելորդ, էմոցիոնալ, ոչ ճշգրիտ տեղեկատվությունից:

«Ազատություն». - Այնուամենայնիվ, այդ գործարարը, եւ ոչ միայն նա, պնդում է, որ ստեղծված են այնպիսի պայմաններ, բիզնես միջավայրը Հայաստանում այնպիսին է, որ հնարավոր չէ ոչ միայն բիզնես զարգացնել, այլ ապրելու մնալ:

Սարգսյան. - Համաձայն չեմ այդ գնահատականների հետ: Մենք 2011 թվականին արձանագրել ենք տնտեսական աճ: Մենք արձանագրել ենք հարյուրավոր նոր ձեռնարկությունների ստեղծում, մենք արձանագրել ենք մեծ հետաքրքրություն ներդրումների նկատմամբ: Այն, որ մեր երկրում կան բացասական երեւույթներ, մենք երբեք չենք թաքցրել: Եվ մենք պատրաստ ենք բաց, հրապարակային պարզաբանումներ տալ այդ բացասական երեւույթների նկատմամբ: Բայց մեկ-երկու բացասական երեւույթ վերցնելով, չի կարելի ընդհանրական այդպիսի եզրակացություններ անել: Վտանգավոր է:

«Ազատություն». - Ընդամենը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հյուրը Վահագն Հովնանյանը եւ Վալերի-Աշխեն Գործունյանն էին, եւ երկուսն էլ բացասական պատասխանեցին հարցիս, թե մեր բիզնես միջավայրի վերաբերյալ հնչեցրած իրենց մտահոգություններին արդյո՞ք կառավարության որեւէ պաշտոնյա փորձել է պարզել, թե ինչ է խնդիրը, ինչ կարող են փոխել:

Սարգսյան. - Բայց Դուք ինքներդ պատասխանեցիք, որ Արմեն Ալավերդյանը տվել է պաշտոնական պարզաբանումներ: Դրանից ավելի էլ ի՞նչ պետք է լիներ… Մեր երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է իրար հետեւից պարզաբանումնե՞ր տային: Մենք հանձնարարել ենք համապատասխան մարմնին, որը պատասխանատու է այդ գործառույթների համար, որպեսզի նա տա պաշտոնական պարզաբանում: Եվ այդ պաշտոնական պարզաբանումը տրվել է: Եվ եթե մարդիկ խուսափում են հարկերի վճարումից, պետությունը պետք է լինի սկզբունքային: Եվ ոչ մի քաղաքական ճնշումներ, հրապարակային ճնշումներ, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձեր մեր վրա չպետք է ազդեն: Մարդիկ օրենքի առջեւ հավասար պետք է լինեն:

«Ազատություն». - Եզրափակելով այս մասը՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ դուք մտավախություն չունեք, որ այս ամենը կարող է վատ նախադեպ դառնալ, որ սփյուռքահայերը այլեւս դադարեն կամ զգուշանան Հայաստանում ներդրումներ կատարել։

Սարգսյան․ - Փարիզյան սուրճի դեպքը, կարծում եմ՝ ոչ։ Այս պատմությունը տեւում է երեք տարի։ Դա մեկ-երկու ամսվա պատմություն չէ։ Արդեն երեք տարի է, ինչ Փարիզյան սուրճի պատմությունը զանգվածային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում է, եւ մեր հանրությունը տեղյակ է, թե ինչ կոնֆլիկտներ են եղել այդ խնդրի շուրջ։ Եվ հիմա այդ կոնֆլիկտները, որոնք առաջին փուլում ընդհանրապես առնչություն չունեին կառավարության, պետության հետ, այլ ավելի շատ գործընկերների մասին էր, որ չէին կարողանում այդ բիզնեսը բաժանել, բաժանվել իրարից արդար ձեւով, ունեցավ իր շարունակականությունը։ Եվ հիմա վերջին փուլում են՝ փորձում են այդ ամբողջ մեղքերը բարդել պետության վրա։ Դա արդար մոտեցում չէ։ Մենք ունենք բազմաթիվ դրական օրինակներ, երբ սփյուռքահայերը ներդրումներ են կատարել Հայաստանում, շահութաբեր բիզնես ունեն Հայաստանում, եւ նրանց օրինակով շատերը գալիս են Հայաստան։

«Ազատություն»․ - Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Եվրադատարանում շահում են ընդդեմ Հայաստանի վճիռներ, եւ կառավարությունը ստիպված է լինում հազարավոր եվրոների փոխհատուցումներ վճարել։ Կառավարության նիստերից մեկում դուք արդարադատության նախարարին հանձնարարեցիք զբաղվել այս խնդրով՝ ասելով, որ օրենքների անկատարություն կամ դատական սխալ վճիռների արդյունքում է այս ամեն ինչը տեղի ունենում՝ խոսքը իրացման գոտիների մասին է։ Եթե ժամանակին կառուցապատողները վճարեին, կամ ներպետական դատական ատյաններում ճիշտ վճիռներ կայացվեին, այդ գործերը չէին հասնի Եվրադատարան։ Այժմ ի՞նչ է արվում, որպեսզի նորից շարքային հարկատուները չվճարեն կառուցապատողների փոխարեն։

Սարգսյան․ - Ինչպես դուք ճիշտ նշեցիք՝ համապատասխան հանձնարարականներ տրված են արդարադատության նախարարին։ Ցանկացած դատական վճռի պարագայում մենք անում ենք լուրջ հետեւություններ։ Առաջինը՝ մենք հստակեցնում ենք մեր օրենսդրությունը, նորմատիվ ակտերը, որպեսզի ապագայում այդպիսի դեպքերը չկրկնվեն։ Երկրորդը՝ դատական պրակտիկայում մենք ձեւավորում ենք նման գործերի պայուսակներ, որպեսզի այն սխալները, որոնք արձանագրվել են, ապագայում այլեւս չկրկնվեն։ Դրանք հիմնականում պրոցեդուրային սխալներ են, որի պատճառով մեր քաղաքացիները չեն կարողացել լիակատար իրենց իրավունքները իրացնել։ Այդ պրոցեդուրային խախտումները ի հայտ են եկել, եւ մենք կատարել ենք համապատասխան շտկումներ մեր օրենսդրության նորմատիվ ակտերում եւ պրակտիկայում։ Այսինքն, այսուհետեւ եթե նմանատիպ դեպքեր քննարկվեն դատարանում, նրանք պարտավոր են հաշվի առնել այս որոշումները, որ արդեն կայացվել են։

«Ազատություն», - Բացառված չէ, որ այս գործը եւս կարող է շարունակություն ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․ խոսքը Սյունիքի մարզի մի քանի գյուղերի տարածքները գերակա շահ ճանաչելու՝ կառավարության որոշման մասին է։ Ձեզ հասնո՞ւմ են այն ձայները, որ ամեն հինգշաբթի կառավարության առջեւ բնապահպանները իրենց ցույցերի միջոցով փորձում են հասցնել, եւ ի՞նչ եք մտածում այդ բողոքների մասին։ Մարդիկ ընդվզում են, որ տեղի բնակչության ապրելու համար անհնարին պայմաններ են ստեղծվում։

Սարգսյան․ - Բնականաբար մենք այս խնդիրները ուսումնասիրում ենք, տիրապետում ենք իրավիճակին, եւ ոչ միայն այն պատճառով, որ այդ մարդիկ բողոքում են Երեւանում։ Մեր մասնագետները եղել են տեղում, նաեւ փոխվարչապետն է մարզում անցկացրել խորհրդակցություն, որը նվիրված է եղել այս թեմային, եւ մենք այնպես ենք գործառույթները կազմակերպելու, որպեսզի դժգոհներ չլինեն՝ այդ թվում նաեւ մեր քաղաքացիները, որոնց տարածքները մենք գերակա շահ ենք ճանաչել։ Բայց այստեղ որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մեր քաղաքացիները բավարարված լինեն լուծումներով։ Սա նշանակում է, որ մենք մտադիր ենք նրանց հետ շարունակել բանակցությունները։ Այս որոշումը ընդունվել էր տարվա առաջին եռամսյակի ընթացքում, բայց բողոքի ալիքը բարձրացել է հիմա, որովհետեւ կան խնդիրներ հատուցումների հետ կապված, եւ այն խոստումները, որոնք տրվել էին մասնավոր հատվածի կողմից գյուղացիներին, թե ինչպիսի հատուցումներ է նրանց սպասվում, եւ նրանց կենցաղային պայմանները արդյունքում պետք է բարելավվեն, ոչ թե վատթարանան։ Եթե այդ բոլոր խնդիրները լուծենք, մենք համաձայնության կգանք մեր գյուղացիների հետ։

«Ազատություն»․ - Կարծում եք, որ դա ընդամենը փոխհատուցմա՞ն հարց է։ Որովհետեւ հնչում են այլ կարգի հայտարարություններ, որ այնտեղ մարդկանց գերեզմաններն են եւ հիշատակները․․․

Սարգսյան․ - Այս տարվա առաջին եռամսյակում, երբ որ այս որոշումը կայացվում էր, մենք, ընդհանուր առմամբ, համաձայնություն ունեինք, եւ այդպիսի բողոքներ չկային։ Այդ հանքերը շահագործելու վերաբերյալ որոշումը գալիս է դեռեւս Սովետական Միության տարիներից։ Դրանով էր պայմանավորված, որ այդ գյուղը ամբողջությամբ տեղափոխվելու էր։ Բնակիչների քանակը այդ գյուղում էապես նվազել էր հենց այդ պատճառով։ Բայց ապագայում, երբ որ արդեն դա դառավ իրատեսական ծրագիր, շատերը, հատուցում ստանալու նպատակով, վերադարձել են գյուղ, եւ ներկայացրել են հայտեր, որ իրենք նույնպես իրավունքներ ունեն հատուցումներ ստանալու։ Նրանք բոլորը անպայման հատուցում ստանալու են։ Որեւիցե գյուղացի չպետք է տուժված լինի այս գործարքից։ Եթե մենք տեսնենք, որ այդպիսի ռիսկեր կան, բնականաբար, այդ գործարքները տեղի չեն ունենա։

«Ազատություն»․ - Ձեր ընդդիմախոսները վախեցնում են հեռանկարով, որ 2012-ին ավելի դժվար է լինելու ապրելը։ Այս առումով ի՞նչ կասեիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Սարգսյան․ - Ժամանակակից աշխարհը արագ փոխվում է, եւ այդ արագ փոփոխությունները իրենց հետ բերում են դժվարություններ, որովհետեւ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի այդ փոփոխություններին։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ փոփոխությունների արագությունը չի դանդաղելու։ Դա ժամանակակից աշխարհի ամենակարեւոր հատկանիշներից մեկն է։ Մենք պետք է սովորենք ապրել արագ փոփոխվող աշխարհում։ Երկրորդ հարցը՝ իսկ այդ արագ եւ բարդ աշխարհում մենք կարո՞ղ ենք ապահովել մեր քաղաքացիների համար ավելի բարեկեցիկ կյանք։ Մենք պարտավոր ենք դա անել եւ պարտավոր ենք ստեղծել միջավայր, որը հնարավորություն է տալու մեր քաղաքացիներին պատրաստված լինել ապրելու արագ փոփոխվող աշխարհում։ Դա նշանակում է գիտելիքներ, հմտություններ, կարողություններ եւ հնարավորություններ։ Եվ առաջին հերթին մենք պետք է ուշադրություն դարձնենք դրա վրա, որ ստեղծենք մեր քաղաքացիների համար հնարավորություններ, իսկ թե նրանք ինչքանո՞վ կօգտվեն այդ հնարավորությունից՝ դա այլ խնդիր է։ Իսկ մյուս կողմից էլ, մենք պարտավոր ենք ծերերի, անապահով խավերի համար ստեղծել սոցիալական երաշխիքների մեխանիզմներ, որպեսզի նրանք զգան, որ պետության կողմից պաշտպանված են։

«Ազատություն»․ - Քանի որ 2012 թվականը ընտրական տարի է, սա տնտեսության վրա ինչպե՞ս կանդրադառնա։

Սարգսյան․ - Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս ընտրությունները լինեն մեր պատմության, նորանկախ պետության մեջ լավագույն ընտրությունները։ Հնարավորին չափ հանդարտ, որպեսզի մեր քաղաքացիները իրենց կենցաղում չզգան որեւիցե խնդիր, դժվարություն եւ բարդություն, այլ հակառակը՝ նրանց կյանքը պետք է լինի ավելի բարվոք, քան անցյալ տարի էր։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշները, որ արձանագրել ենք 2011 թվականին, շարունակական լինեն։ Այսինքն, որպեսզի 2012 թվականին էլ մենք ունենանք տնտեսական աճ, եւ կառավարության հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն դրան։ Արդար, ազատ ընտրություններ անցկացնելու եւ մեր քաղաքացիների վստահության քվեն շահելու լավագույն ճանապարհը կայանում է նրանում, որ կառավարությունը շատ ավելի մեծ արագություն պետք է հաղորդի բարեփոխումներին։ Ռեֆորմներ, որոնց արդյունքում մեր քաղաքացիների կյանքը պետք է լինի հարմարավետ, բիզնես միջավայրը պետք է բարելավվի։ 2011 թվականի տվյալները հուսադրող են այդ առումով, քանի որ Համաշխարհային բանկի կողմից անցկացված հետազոտություններով մենք 6 քայլ բարելավեցինք մեր բիզնես միջավայրի ցուցանիշը եւ աշխարհում ճանաչվեցինք առաջինը ռեֆորմների քանակով։ Համոզված եմ, որ այդ ռեֆորմները 2012 թվականին ավելի զգալի, շոշափելի են լինելու բիզնեսմենների համար, իսկ այն ներդրումային ծրագրերը, որոնք արժանացան կառավարության հավանությանը 2011 թվականին՝ շուրջ 11 ներդրումային ծրագրեր, նրանց պտուղները եւ արդյունքները 2012 թվականին նույնպես, համոզված եմ, որ զգալի են լինելու։

please wait

No media source currently available

0:00 0:19:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG