Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանն ամփոփեց 2011-ի արդյունքները


Ուրբաթ օրը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մոտ 25 րոպե միայն ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները, հաջողություններն ու ձեռքբերումները եւ շատ ավելի քիչ ժամանակ հատկացրեց բացթողումներին ու թերացումներին:

Աշոտյանի խոսքով, 2011-ին չի հաջողվել լուծել կրթության որակի բարձրացման խնդիրը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակներին չեն հասել, խնդիրներ կան կրթության մատչելիության եւ կրթօջախներում գույքի ապահովման հետ կապված:

Այս տարի Հայաստանում բացվեց առաջին միջազգային դպրոցը. այդ իրավունքը ստացել է «Քվանտ» վարժարանը։

Ամբողջ տարվա ընթացքում, հիշեցնենք, շարունակվում էր «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների դեմ պայքարը: Փոփոխություններ, որոնք արժանացան բուռն քննադատության այն պատճառով, որ հնարավորություն են տալիս Հայաստանում սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ բացել, եւ որոնց դեմ պայքարում էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամների պնդմամբ` այս օրենքը «կանաչ լույս» է վառում Հայաստանում օտար լեզուներով հանրակրթություն իրականացնելու համար, ինչն իր մեջ թե' սոցիալական, թե' հայերենի անտեսման վտանգներ է պարունակում:

Այս կապակցությամբ նախարարը ասաց. - «Ես դիմացա այդ քննադատությանը: Անցավ այս մեկ տարին, եւ բոլորը տեսան, որ այդ մտահոգությունների մի մասը պատվիրակված էր եւ կեղծ էր, եւ… օտարալեզու դպրոցների վերբացման մասին խոսք երբեք չի գնացել: Այդպես փորձել են գործընթացը պիտակավորել այն մարդիկ, որոնք փորձել են այս նախաձեռնությունը վերածել հակառուսական արշավի: Իսկ մենք իրականացրել ենք միջազգային կրթական ծրագրերը Հայաստանում իրականացնելու գործընթաց»:

Եկող տարի լրացուցիչ մի քանի միլիոն դրամ է հատկացվելու բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ սա ամենեւին էլ Հանրապետական կուսակցության կողմից տրվող ընտրակաշառք չէ, ինչպես նշում են քննադատները:

«Լրացուցիչ 60 միլիոն դրամ է հատկացվել անապահով, բայց առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսման վարձի զեղջերի համար: Իրականացնելու է ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ծրագիրը նոր չէ, նախընտրական չէ, ինչպես փորձել էին գրել թերթերից մեկում: Այդ ծրագիրը կար 2010 թվականին: Եվ փոխանակ ուրախանան, որ պետությունը հնարավորություն է գտնում օգնելու սոցիալապես անապահով ուսանողներին` ապահովելով կրթության մատչելիությունը, մեզ փորձում են քննադատել: Կարծում եմ, որ նախընտրական մոլուցքը լավ բան չէ, դա խանգարելու է մեզ»:

Շարունակելով քաղաքական թեման` Աշոտյանը իր ամանորյա ուղերձում անդրադարձ կատարեց նաեւ առաջիկա 2 տարիներին սպասվող քաղաքական զարգացումներին: Նախարարը հորդորեց «նույն գետը երկրորդ անգամ չմտնել». - «2012-13 թվականները քաղաքական ցիկլի տարիներ են: Այնքան խորունկ լինենք եւ իմաստուն լինենք, որ երբեք նույն գետը երկու անգամ չմտնենք, նույն հետընտրական ցնցումները երբեք թույլ չտանք»:

please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG