Մատչելիության հղումներ

Նախարարը «Հավաքների ազատության մասին» օրենքը կարեւոր փոփոխություն է համարում


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, շաբաթ օրը ամփոփելով իր եւ իր ղեկավարած նախարարության այս տարվա աշխատանքը, ասաց, որ նախարարության կատարած կարեւոր մի քանի բարեփոխումները դյուրացրել են քաղաքացիների շփումները պետական մարմինների հետ կամ մինիմալի հասցրել դրանք:

Նախարարը որպես օրինակ ներկայացրեց նոտարական աշխատանքների կանոնակարգումը, պետռեգիստրի «մեկ պատուհան» սկզբունքի մշակումը, վարորդական իրավունքների ընթացակարգերի պարզեցումը:

Որպես կարեւոր փոփոխություն` Հրայր Թովմասյանը մատնանշեց նաեւ «Հավաքների ազատության մասին» այս տարեսկզբին ընդունված օրենքը, որում, հիշեցնենք, հանրահավաքների արտոնման դրույթը փոխարինվել է իրազեկումով: Հավաքի կազմակերպիչը գրավոր արդեն միայն իրազեկում է լիազոր մարմնին, որը իրազեկումը ընդունում է ի գիտություն, իսկ եթե օրենքով սահմանված առավելագույնը 5-օրյա ժամկետում չի արձագանքում, դա համարվում է դրական արձագանք:

«Հավաքների ազատության մասին» օրենքի ընդունման պարագայում մենք կարողացանք խուսափել հանրային կյանքի լարվածության մի օղակից», - ասաց նախարարը:

Չնայած դրան, հիշեցնենք, ընդդիմադիրները մտահոգություններ ունեին «Հավաքների ազատության մասին» նոր օրենքի առնչությամբ: Հայ ազգային կոնգրեսը, օրինակ, հայտարարել էր, որ օրենքը զգալի հետընթաց է պարունակում, եւ դրա հեղինակները հետապնդել են հավաքների ազատության իրավունքի իրացումը խոչընդոտելու, սահմանափակելու եւ արգելելու քողարկված նպատակ, մասնավորապես, ընդլայնվել են հանրահավաքին` ոստիկանության միջամտելու հնարավորությունները, եւ օրենքում առկա բազմաթիվ «լղոզված» ձեւակերպումները կարող են իրավապահների կամայական գործողությունների առիթ դառնալ:

Ասուլիսում արդարադատության նախարարը նաեւ խոստովանեց, որ արդարադատության ոլորտում խնդիրները բազմաշերտ են, միանգամից լուծումներ տալ շատ դեպքերում անհնար է, քանի որ առկա է խորհրդային դատական համակարգի իներցիան` այսինքն շատերի աշխատելաոճը չի փոխվել, չեն փոխվել նաեւ մտածողությունը, օրենսդրությունը, դատական ինստիտուտները կայացած չեն:

«Ցավով պիտի նշել, որ սա թերեւս այն համակարգն է, որտեղ փոփոխությունները ընթանում են ամենադանդաղ կերպով եւ որտեղ պիտի այս տարին անվանեմ նախապատրաստական տարի այն բարեփոխումների համար, որոնք ենթադրվում է, որ եկող տարի պետք է իրականացվեն», - ասաց Թովմասյանը:

Գնահատելով իր մեկ տարվա աշխատանքը` նախարարը պատկերավոր ասաց, որ իրեն դեռ գերազանցիկ չի համարում եւ որոշ ոլորտներում իր աշխատանքը «չորս», որոշներում էլ` «երեք» միավոր գնահատեց:

please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG