Մատչելիության հղումներ

«Հայաստանը այլեւս չի կարող հանդուրժել առկա բիզնես միջավայրը»


Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսա
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսա
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի համոզմամբ, «Հայաստանն այլեւս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայումս գոյություն ունի երկրում»:

Տոլոսան այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ԱՄՀ-ում ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունները արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը:

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրել է հերթական վարկը` 56.1 միլիոն դոլարի չափով: Սակայն վարկի հետ զուգահեռ հիմնադրամը Հայաստանի կառավարությանն է հղել մի շարք խորհուրդներ, այդ թվում` «վճռական ճեղքում» գրանցել տնտեսությունում իրականացվող բարեփոխումներում:

Այսօր Գիերմո Տոլոսայի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանը փորձեց հստակեցնել, թե «վճռական ճեղքում» ձեւակերպումը արդյո՞ք նշանակում է, որ ԱՄՀ-ն դժգոհ է Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպերից:

«Մենք կարծում ենք, որ բարեփոխումները կարեւոր են, եւ մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են [Հայաստանում] բիզնես միջավայրի որոշակի բարելավմանը: Բայց մենք նաեւ կարծում ենք, որ դեռ ավելին պետք է արվի: Հատկապես այն պայմանների առկայության պարագայում, որոնց բախվում է Հայաստանը` միջազգային տնտեսության հետ կապված աճող հոռետեսական գնահատականները եւ այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որն առկա է Հայաստանի շուրջ: Ուստի Հայաստանն այլեւս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայումս գոյություն ունի երկրում», - ասաց Տոլոսան:

«Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին, մենք կողջունեինք [երկրում] բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների տեմպերի արագացումը», - հավելեց ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչը:

Հիշեցնենք` անցած տարվա հունիսին ԱՄՀ-ն ու պաշտոնական Երեւանը պայմանավորվեցին, որ 2010-2013 թվականների ընթացքում հիմնադրամը Հայաստանին պետք է տրամադրի 413.4 միլիոն դոլարի վարկ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի նշված ժամանակահատվածում Հայաստանի պետբյուջեի կատարմանը եւ ամրապնդվեն Կենտրոնական բանկի պահուստները: Հաշվի առնելով նաեւ նշված 56.1 միլիոն դոլար վարկի տրամադրումը` ԱՄՀ-ն անցած մոտ մեկ ու կես տարում Հայաստանին արդեն իսկ տրամադրել է 224.3 միլիոն դոլարի վարկ:

Զրույցի ընթացքում Գիերմո Տոլոսան անդրադարձավ նաեւ այսօր Եվրոպայում առկա ֆինանսատնտեսական բարդ իրավիճակի հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:

«Ներկայում հնարավոր բացասական ազդեցությունը սահամանափակ է, որովհետեւ [Հայաստանի տնտեսության համար կարեւոր] երկու գործոնները` եվրոպական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներ բացասաբար չեն ազդել Ռուսաստանի տնտեսությունում վիճակի եւ հումքի միջազգային գների վրա: Օրինակ, այս հոկտեմբերի տվյալների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճ ապրել, իսկ պղնձի եւ հումքի այլ տեսակների գները, չնայած որոշակի անկմանը, բայց շարունակում են բարձր մնալ` այդ առումով գտնվելով աննախադեպ բարձր մակարդակում: Սակայն հայացք նետելով առաջ` տեսնում ենք, որ ռիսկեր կան, որ եվրոպական զարգացումները կարող են բացասաբար ազդել նշված երկու գործոնների վրա, եւ ի վերջո Հայաստանը կարող է տուժել եվրոպական ճգնաժամից», - ասաց Տոլոսան:

Տոլոսան նշեց, թե ԱՄՀ-ի կանխատեսմամբ` գալիք տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 4 տոկոս, սակայն միեւնույն ժամանակ ավելացրեց, թե Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների պատճառով ռիսկերը մեծացել են, եւ որ Հայաստանը չի կարողանա ապահովել նման աճ:

ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչը հավելեց, որ եթե հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւի քաղաքական անկայունությունը, ապա այն նույնպես կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:

«Մենք կարծում ենք, որ ընտրություններից հետո քաղաքական անկայունությունը կարող է, մասնավորապես, բացասաբար ազդել ներդրումների վրա: Սակայն պետք է նշեմ, որ սա մեր կողմից դիտվող ամենահավանական սցենարի մեջ չի մտնում», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG