Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն եւս 56.1 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Հայաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երեկ 56.1 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին` ողջունելով երկրի «շրջահայաց» քաղաքականությունը բյուջեի պակասուրդը կրճատելու եւ արժեզրկումը զսպելու ուղղությամբ։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, կատարելով հերթական հատկացումը 413.4 միլիոն դոլարի եռամյա վարկային ծրագրի շրջանակներում` ԱՄՀ-ն, միաժամանակ, նշել է, որ Հայաստանի կենտրոնական բանկը չի հասել ռեզերվներ ստեղծելու ուղղությամբ իր թիրախներին։

«Հայաստանի իշխանություններին պետք է ողջունել Հիմնադրամի օժանդակած ծրագրով կայուն քաղաքականության շարունակական իրականացման համար, ինչը նպաստել է այս տարի արժեզրկման մեղմացմանը եւ հետճգնաժամային վերականգնման շարունակմանը», - հայտարարել է ԱՄՀ-ն։

Այդուհանդերձ, Հիմնադրամը հորդորել է Հայաստանի կառավարությանը ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել` նպաստելու մասնավոր սեկտորի աճին եւ մրցակցությանը, եւ զգուշացնում է «գլոբալ միջավայրից բխող անկման մեծացող ռիսկերից, որոնք կարող են ուժեղացնել նրա առկա խոցելիությունը»։

ԱՄՀ-ն ընդգծում է, մասնավորապես, տարադրամի փոխարժեքի ավելի մեծ ճկունության, գործարար միջավայրի ամրապնդման եւ մրցակցության խթանման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG