Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի պալատը ընդունեց թիվ 306 բանաձեւը


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը ընդունել է թիվ 306 բանաձեւը, որը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում վերադարձնել հայկական, հունական եւ ասորական եկեղեցիներից բռնագրավված ունեցվածքը: Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Բանաձեւը պաշտոնական Անկարային նաեւ հորդորում է վերջ տալ կրոնական խտրականությանը, երկրի կրոնական փոքրամասնություններին թույլատրել առանց սահմանափակման պատարագներ մատուցել ու այլ կրոնական ծեսեր անցկացնել:

Հինգ ամիս առաջ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր բանաձեւի տեքստը։

Բանաձեւի հեղինակներն են Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսն ու նույն նահանգը ներկայացնող դեմոկրատ Հովարդ Բերմանը: Բերմանը քվեարկությունից առաջ հայտարարել է, թե այս կարեւոր բանաձեւն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի վերաբերմունքի վրա, որը չի հարգում Անատոլիայի հին քրիստոնեական ժառանգությունը։ Թուրքիան պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի քրիստոնյա եկեղեցու իրավասությունները եւ լիիրավ ազզատությունները վերականգնելու համար, ասել է նա։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դիմադրությանը, հայտարարել է, որ բանաձեւի քվեարկությունը կրոնական ազատության հզոր հաղթանակն է, ինչպես նաեւ արտացոլում է համաձայնություն, որ Թուրքիան պետք է վերադարձնի եկեղեցիները։ Խաչիկյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ թուրքամետ կոնգրեսականները փորձել են արգելափակել բանաձեւը, սակայն` անհաջող։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւն ընդդեմ Թուրքիայի անարդար է եւ անհիմն։

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի գնահատմամբ, «բանաձեւի ընդունումը պատմական որոշում է»:

«Պետք է շարունակել աշխատանքը, որ վերադարձվեն հայկական ցեղասպանության ժամանակ կողոպտված հայկական, հունական, ասորական եկեղեցիները: Սա Ամերիկայի ներկայացուցիչների տան առաջին կարեւոր քայլն էր, եւ պետք է շարունակական լինի միջազգային մակարդակով», - ասաց Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակը նաեւ ասաց, թե բանաձեւը Ամերիկայի արտաքին գործերի նախարարին կոչ է անում, որ ամեն անգամ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպմանը հիշեցնի այս մասին: Չուլջյանը նաեւ հիշեցրեց, որ սեպտեմբերին Քլինթոնը Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակի մեջ նշել էր հայկական եկեղեցիների վերադարձի անհրաժեշտության մասին:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակի խոսքով` հայկական 2000-ից ավելի եկեղեցիներ են քանդվել Հայոց ցեղասպանության ժամանակ: Այժմ Թուրքիայում գործում է հայկական եկեղեցիների 1-2 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG