Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում կքվեարկվի Թուրքիայում եկեղեցիների ունեցվածքին վերաբերող օրինագիծը


Թուրքիա - Անիի Մայր տաճարը
Թուրքիա - Անիի Մայր տաճարը
Մի քանի ժամից, երբ Երեւանում ուշ գիշեր կլինի, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի թիվ 306 բանաձեւը, որով ամերիկացի օրենսդիրները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին վերադարձնել հայկական, հունական եւ ասորական եկեղեցիներից բռնագրավված ունեցվածքը:

Դեռ մի քանի ամիս առաջ` հուլիսի 20-ին, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց այս բանաձեւի տեքստը` ձայների գերակշիռ` 43 կողմ, 1 դեմ հարաբերութամբ: Բանաձեւի հեղինակներն են Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսն ու նույն նահանգը ներկայացնող դեմոկրատ Հովարդ Բերմանը:

«Թուրքիան պետք է վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, սրբավայրերը եւ կրոնական մյուս սեփականությունները իրենց օրինական տերերին», - ամռանը նշում էին նախագծի հեղինակները:

Թիվ 306 բանաձեւում ամերիկացի օրենսդիրները նաեւ կոչ են անում Թուրքիայի իշխանություններին վերջ տալ ամեն տեսակի կրոնական խտրականությանը, ինչպես նաեւ թույլ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին առանց սահմանափակման պատարագներ ու այլ կրոնական ծեսեր իրականացնել:

Քվեարկության նախաձեռնողը Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Էրիք Քանթորն է:

Ամերիկահայ կազմակերպությունների գնահատմամբ, Կոնգրեսի լիագումար նիստում օրինագծի ընդունման հեռանկարները բավական իրական են: Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարզացրույցում նշում էր. - «Մենք լավատես ենք, որ կոնգրեսականները ճիշտ քայլը կանեն եւ մեկ անգամ եւս կքվեարկեն կրոնական ազատությունների օգտին»:

Չուլջյանի խոսքով, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսին տեղի ունեցած քվեարկությունից հետո թիվ 306 բանաձեւի ի հայտ գալը լիագումար նիստերի օրակարգում զուտ ժամանակի խնդիր էր:

«Սա նախեւառաջ կրոնական ազատությունների խնդիր է: Ցավոք սրտի, թուրքական կառավարությունը շարունակում է ճնշումներ գործադրել հայկական, ասորական, հունական համայնքների ներկայացուցիչների հանդեպ: Այս պայմաններում, երբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր հստակ խոսքն ասել էր, հաջորդ քայլը, բնականաբար, պետք է լիներ հարցի քննարկումը Ներկայացուցիչների տան կողմից», - նշում է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը:

Իսկ եթե ամերիկահայ կազմակերպությունների կանխատեսումներն արդարանան եւ թիվ 306 բանաձեւը հաստատվի, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, արդյո՞ք թուրքական կառավարությունը հեշտությամբ կհամաձայնի երկրի քրիստոնեական համայնքներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը: Այս հարցին Չուլջյանը պատասխանեց. - «Դա պրոցես է: Հետագայում հարկավոր է այս մասին հավելյալ տեղեկություն հաղորդել միջազգային հանրությանը: Կարող ենք արձանագրել, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվերակությունից հետո որոշակի դրական տեղաշարժ արդեն իսկ առկա է: Այս տարվա օգոստոսին եկեղեցիների վերադարձի մասին խոսեցին Թուրքիայիում ԱՄՆ դեսպանի հաստատմանը նվիրված քննարկումների ժամանակ: Բացի այդ սեպտեմեբերին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղարկած նամակում նշել էր, որ շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայի կառավարության կողմից եկեղեցիների վերադարձի հարցի լուծմանը: Հարկավոր է շարունակել բանեցնել այն ճնշումը, որ սկիզբ առավ եվրոպական դատարանների կայացրած վճիռներից հետո, որպեսզի թուրքական կառավարությունն ի վերջո վերադարձնի այն գույքը, որ բռնագրավել է»:

Երեկվանից Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը կոչ է ուղղում ամերիկահայերին` կապ հաստատել իրենց նահանգը ներկայացնող օրենսդիրների հետ եւ հորդորել նրանց կողմ քվեարկել թիվ 306 բանաձեւին: Որպես հետեւանք, տեղեկություններ կան, թե անգամ թուրքամետ կոնգրեսականներից ոմանք, ինչպես, օրինակ, Ֆլորիդայից ընտրված Իլեանա Ռոս-Լեհտինենը, պատրաստակամություն են հայտնել քվեարկել այս օրինագծի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG